Մենք իրավունք չունենք հարցականի տակ դնելու Արցախի պետականությունը. Արցախի թեմի առաջնորդ
Արցախում մնացած պատմամշակութային հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով։ Արցախի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Վստահ եմ` այլ կերպ այդ ամենը հնարավոր չէ պահպանել։ Արցախ վերադարձի համար էլ ամենակարևոր երաշխիքը երկրի պետականությունն է, որով հնարավոր է համախմբել ժողովրդին, այն ժողովրդին, որը տվել է այդ պետականության ստեղծման քվեն։ Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափված արյունն է, ու մենք ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք չունենք մտածելու, որ Արցախի պետականությունը և հենց Արցախը կարող են հարցականի տակ լինել»,- նշել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հարցին, թե ինչպես պետք է կազմակերպվի արցախցիների վերադարձը դեպի իրենց հայրենիք, հայր սուրբը պատասխանել է` պետք է իրավաբաններն ու քաղաքագետները զբաղվեն այդ հարցով։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին, անցկացվեց հանրաքվե, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին մասնակցեց ԼՂԻՄ բնակչության 80%-ը, որի 99.89 տոկոսը քվեարկեց անկախության օգտին։ 1991-ի կրկին դեկտեմբերին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունը։ 1992-ի հունվարի 8-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։
Добавить комментарий