Опубликовано G.Avetisyan -
846532

Հայաստանի պետական ​​պարտքը հասել է 12,1 մլրդ դոլարի

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի պետական ​​պարտքը հասել է 12 միլիարդ 157 միլիոն դոլարի կամ 4 տրլն. 718 մլրդ դրամի։ Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Նա պնդեց, թե այդ ցուցանիշները կառավարելի են: «Հատկանշական է, որ մարման միջին ժամկետը տարեսկզբի համեմատ փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 7,1 տարվա։ Եվ սա այն դեպքում, երբ մեր թիրախը 7-10 տարին էր»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախարարը վստահություն հայտնեց, որ կառավարելի են նաև փոխարժեքի հետ կապված ռիսկերը. «Փոխարժեքի հետ կապված ռիսկերը կառավարելի են, քանի որ ներքին պարտքի տեսակարար կշիռը հետևողականորեն աճում է և ներկայումս կազմում է 50,7 տոկոս»,- ասաց նա, բայց շարունակեց, որ առաջիկա տարիներին պարտքի սպասարկման պատճառով բեռը կավելանա։

«Հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է մարումներ կատարել ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ եվրոպարտատոմսերի գծով»,- տեղեկացրեց նախարարը։

 

 

Добавить комментарий