Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները՝ Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան այսօր փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել են Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարությունները։ «Ըստ ճապոնացի զինվորականների՝ հրթիռներն ունեցել են առավելագույնը 50 և 100 կմ բարձրություն ու անցել են մոտ 350-400 կմ տարածություն՝ մինչև չեզոք ջրերում ընկնելը»,- գրում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը։
Հրթիռներն արձակվել են 48 ժամ անց այն բանից հետո, երբ շաբաթ Փհենյանը հայտարարել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման, այսպես կոչված, «անսպասելի» զորավարժությունների մասին, որոնք, ըստ ԿԺԴՀ-ի, ցուցադրեցին Հյուսիսային Կորեայի՝ «մահացու միջուկային հակահարված» հասցնելու կարողությունը։ Շաբաթ արձակված հրթիռը թռել է շուրջ 1000 կմ՝ ընկնելով Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում։ Ընդ որում՝ դրա մեկնարկը տրվել է Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի և Ճապոնիայի համատեղ զորավարժությունների ծրագրված մեկնարկից մի քանի օր առաջ։
Տոկիոյում ԿԺԴՀ-ի գործողություններն անվանել են «բացարձակապես աններելի»՝ խոստանալով էլ ավելի սերտ համագործակցել Վաշինգտոնի և Սեուլի հետ, իսկ ռազմավարական ռմբակոծիչների և կործանիչների մասնակցությամբ համատեղ զորավարժություններն անցկացվել են կիրակի՝ փետրվարի 19-ին։
Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները երկուշաբթի առավոտյան հրապարակել են երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կիմ Յե Չժոնի հայտարարությունը. «Փհենյանը փետրվարի 20-ին հրթիռներ է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների և սպառնացել է Խաղաղ օվկիանոսը վերածել «հրաձգության զորավարժարանի»»։
Добавить комментарий