Թուրքիան ԱՄՆ-ից «F-16» կործանիչներ կգնի առանց որևէ պայմանի. Չավուշօղլու
ԱՄՆ վարչակազմն ակտիվորեն աջակցում է թուրքական իշխանությունների դիրքորոշմանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» նավատորմի գնման և արդիականացման հարցում։ Այս մասին Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Անկարան չի ընդունում ԱՄՆ-ից «F-16» ինքնաթիռներ գնելու հարցը որոշակի պայմանների հետ կապելը։ Մեր ձեռքերը չպետք է «կապվեն». մենք նաև ակնկալում ենք Թուրքիայի դեմ բոլոր պատժամիջոցների շուտափույթ վերացում»,- ընդգծել է նա։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիային «F-16»-երի մատակարարման և ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը փոխկապակցված չեն։ «Մի հարցը մյուսի հետ կապելը սխալ է և անարդարացի»,- ասել է նա:
Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում միջոցներ է փոխանցել հինգերորդ սերնդի «F-35» ինքնաթիռների գնման համար, սակայն դրանք չի ստացել։
«Մեզ դուրս հանեցին այս ծրագրից։ Միաժամանակ մենք արդեն փոխանցել ենք 1.4 մլրդ դոլար։ Անկարան սպասում է այդ գումարի վերադարձին, հարցը քննարկման փուլում է։ Մենք սպասում ենք շուտափույթ որոշման»,- եզրափակել է թուրք նախարարը։
Добавить комментарий