Ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից
Առկախված խնդիրները լուծելու համար Հայաստանը չպետք է հետ վերցնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրությունը, Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պարզաբանելով, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի երեք ստորագրություն: Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանն ունեն պարտականություններ հրադադարի պահպանման ուղղությամբ։ Հիմա շատերն ասում են, թե ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս հայտարարությունից և իր ստորագրությունը հետ չի կանչում։ Հայաստանը չպետք է հետ վերցնի իր ստորագրությունը, որպեսզի մնացած խնդիրները, որոնք առկախված են, ինչ-որ պահի հնարավոր լինի նաև դիվանագիտական ճանապարհով լուծել: Դրա մեջ կարող է դիտարկվել նաև մեր արցախահայության վերադարձի հնարավորությունը: Հայտարարության մյուս երկու կողմերն իրենց պարտականությունները, այնուամենայնիվ, չեն կատարել»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններին, Անդրանիկ Քոչարյանը նշել է, թե այդ բոլոր հարցերը լուծվում են խաղաղության պայմանագրի տրամաբանության շրջանակում՝ Հայաստանի անվտանգության համակարգի զարգացման տեսանկյունից։
«Դա այն է, ինչն այսօր արվում է առանց թմբկահարելու, առանց ավելորդ լարվածություն առաջացնելու»,- ամփոփել է նա:
Добавить комментарий