
Պետք է մոդուլյար ատոմակայան, որ ՀՀ-ի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի. Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ: Ըստ նրա՝ այս հարցում ռազմավարական որոշում է կայացվել։
«Որոշել ենք, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Ամենակարևոր պատճառը, որ որոշել ենք այդպես վարվել․ մասնագետները բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե Աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս պահին մի խնդիր կա․ աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Սակայն Երևանի համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ։ Հայաստանը պետք է ունենա մոդուլյար ատոմակայան, որը և՛ ՀՀ-ի, և՛ հարևան երկրների համար չգնահատվի որպես սպառնալիք։
Добавить комментарий