Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի նախագահը վստահեցրել է՝ իր երկիրը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է՝ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ ընդհակառակը, պատրաստ է ամբողջությամբ վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Փեզեշքիանն ասել է Նյու Յորքում լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ։

«Մենք լիովին պատրաստ ենք վերադառնալ համաձայնագրով ստանձնած մեր պարտավորություններին, բայց չպետք է այնպես լինի, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները, չցանկանալով կատարել իրենց պարտավորությունները, իրենց հերթին խնդրեն մեզ վերադառնալ մեր պարտավորություններին»,- ասել է նա։ 

Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի ռազմական դոկտրինում միջուկային զենքի համար տեղ չկա․ «Մինչ որոշ երկրներ մեզ կեղծ մեղադրում էին միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ամենազգույշ դիտարկումն է անցկացրել Իրանում»։

Նշենք՝ Իրանը բազմիցս ընդգծել է, որ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ֆեթվա (հրաման, եզրահանգում - խմբ․) ունի այն մասին, որ միջուկային զենքի արտադրությունը հակասում է իսլամին: Իրանցի քաղաքական գործիչները դա նշում են որպես ազգային միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի փաստարկ։
 

Добавить комментарий