Ցանկանում եմ հուսալ, որ մի օր Երևանի և Բաքվի միջև երրորդն ավելորդ կլինի․ Մարիա Զախարովա
«Կցանկանայի հուսալ, որ մի օր, որքան հնարավոր է շուտ, կգա այն պահը, երբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում երրորդն ավելորդ կլինի»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Վկայակոչելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը «La Repubblica» թերթին, որտեղ վերջինս նշել էր, թե «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները», և որ «Հայաստանի ռազմական զարգացումը պետք է լինի համաչափ ու պատասխանատու», լրագրողը, մասնավորապես, խնդրել էր Զախարովային մեկնաբանել Հաջիևի հատարարությունները, քանի որ, ըստ լրագրողի, Բաքուն Երևանից փաստացի պահանջում է չանդամակցել որևէ դաշինքի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին, ու սահմանափակել անվտանգությունն ապահովելու կարողությունները։
Զախարովան պարզաբանել է, թե Բաքվի սկզբունքային մոտեցումներում խոսքը համագործակցության կամ ռազմական դաշինքների մասին է, որոնց մեջ Արևմուտքը ցանկանում է ներքաշել Հայաստանին և Ադրբեջանին։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նախ շեշտել է՝ որևէ հայտարարություն չի լսել ադրբեջանցի որևէ պաշտոնյայից, թե ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, ապա պարզաբանել է՝ ՀԱՊԿ-ը ռազմական բլոկ չէ, այն կազմակերպություն է, որը միավորում է իրենց անվտանգությամբ մտահոգված երկրներին
«Ո՛չ կանոնադրական փաստաթղթերում, ո՛չ գործունեության պատմության մեջ չկա որևէ բառ, որը կհաստատի, թե այս կառույցն ուղղված է որևէ մեկի դեմ։ Սա ՆԱՏՕ-ն չէ, ոչ էլ ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ գտնվող նոր կազմավորում: Ուստի այս մեջբերումը ոչ մի կերպ չի առնչվում ՀԱՊԿ-ին»,- ասել է Զախարովան:
Добавить комментарий