ծ783

Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Վարչապետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։

Հաջորդիվ ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քայլերը` համոզմունք հայտնելով, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը:

Քննարկվել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման:

Էմանուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են միջազգային հանրության հետևողական աջակցությունը` առկա խնդիրների հասցեագրման և լուծման գործում:

Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում, ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:

Միաժամանակ, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցման հարցում:

Ավելի ուշ, Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը:

Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Բարնիեին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու մաղթել հաջողություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան` հավելելով, որ մեծապես կարևորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Վարչապետի խոսքով` հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները մեծապես կարևորել են նաև «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» երկրորդ համաժողովի (Ambitions Arménie-France) անցկացումը, որը բազմաոլորտ համագործակցությունը խթանող յուրօրինակ գործիք կարող է դառնալ:

Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
 

 

Добавить комментарий

From the author