Իրանի դեմ հարվածների ժամանակ Իսրայելն օգտագործել է Իրաքի և այլ երկրների օդային տարածքը. Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը Իրանի դեմ վերջին ավիահարվածների ժամանակ օգտագործել է Իրաքի և մի քանի այլ երկրների օդային տարածքը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Մինչ այս հարձակումը ես այցելել էի Իրաք: Ամենաբարձր մակարդակով իրաքցի պաշտոնյաները մեզ հավաստիացրել են, որ իրենց օդային տարածքն Իրանի դեմ չի օգտագործվի, սակայն տեղեկություններ կան, որ իրաքյան տարածքն օգտագործվել է Թեհրանի դեմ Իսրայելի հարվածների ժամանակ»,- ասել է նա:
Արաղչիի խոսքով՝ այժմ խորհրդակցություններ են ընթանում իրաքյան կողմի հետ միջազգային մակարդակով Իսրայելի դեմ Իրաքի բողոքի առնչությամբ։ Նա հավելել է, որ Իրանը կապի մեջ է նաև մյուս երկրների հետ։
Իրանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ իրանական կողմը հայտարարել է ՄԱԿ-ին ու միջազգային այլ կառույցներին ուղղված իր բողոքի մասին՝ Իրանի վրա հարձակվելու նպատակով Իրաքի և այլ երկրների օդային տարածքն օգտագործելու առնչությամբ։
Добавить комментарий