Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի համար նշանակություն չունի, թե ով է ԱՄՆ նախագահը. կառավարության խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Թեհրանի համար նշանակություն չունի, թե ով է ԱՄՆ նախագահը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները՝ Մոհաջերանին ասել է, որ նախագահի ընտրությունն Իրանի համար առանձնահատուկ հետևանքներ չի ունենա։ Նրա խոսքով՝ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները մշակել են քաղաքականություն, որը հազիվ թե արմատապես փոփոխության ենթարկվի։

Իրանցի խոսնակը վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի ժողովրդի կենսամակարդակի վրա։ 

Նա հավելել է, որ Իրանի համար նշանակություն չունի, թե ով է Սպիտակ տանը ղեկավարում երկիրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթեց նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա հայտնի է Իրանի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ և 2018-ին միակողմանիորեն դուրս եկավ 2015 թվականի միջուկային գործարքից ու վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները։

Добавить комментарий