Արաբա-հրեական հակամարտությունը (1920-1948 թթ.)

Արաբա-հրեական հակամարտությունը (1920-1948 թթ.)

Հեղինակ
Մեսրոպ Պողոսյան
Արաբա-հրեական հակամարտությունը (1920-1948 թթ.)

Երբ Բալֆուրի դեկլարացիան հայտնի դարձավ արաբական աշխարհին, այն շշմեցուցիչ ազդեցություն ունեցավ արաբների, նրանց բոլոր սոցիալական խավերի և քաղաքական ուժերի վրա: Սկզբնական շրջանում նրանք հրաժարվում էին անգամ դրան հավատալուց, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց ճակատագիրը կապել էին Մեծ Բրիտանիայի քաղաքականության հետ, մասնավորապես վերջինիս օգնությամբ Օսմանյան կայսրությանը պարտության մատնելու հարցում: Հենց դրա համար էին նրանք 1916 թ. ապստամբել թուրքական տիրապետության դեմ և հավատարմորեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Հատկապես ծանր վիճակում հայտնվեց Մեքքայի շերիֆ և Հիջազի կառավարիչ Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմին, որը գաղտնի բանակցություններ էր վարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մակ-Մահոնի հետ՝ համաձայնության գալով արաբների անկախության և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ, որի անբաժան մասն էր կազմելու նաև Պաղեստինը: Իսկ այժմ նա հանձնվում էր հրեաներին, որոնք այնտեղ պետք է իրենց ազգային տունը հիմնեին: Նա, ինչպես նաև նրա որդիները, մասնավորապես Էմիր Ֆեյսալը, ոչ միայն հիասթափված էին, այլև իրենց խաբված էին զգում: Խաբված լինելու դառնությունն ավելի էր ընդգծվում, երբ արաբները հիշում էին այն խանդավառ ընդունելությունը, որ նրանք ցույց տվեցին  անգլիական զորքերին, երբ վերջիններս 1917 թ. դեկտեմբերին գեներալ Ալլենբիի հրամանատարությամբ մտան Երուսաղեմ և այն ազատագրեցին օսմանցիներից: Ալլենբին, որը ոչ միայն լավ ռազմագետ էր, այլև հիանալի կողմնորոշվում էր քաղաքական հարցերի մեջ, երբ մտավ Կուդս՝ սուրբ քաղաքը, իբրև հարգանքի տուրք, իջավ իր նժույգից և ոտքով քայլեց մինչև իր շտաբ-կայանը: Բազմությունը ծափողջույններով և ուրախության բացականչություններով դիմավորեց բրիտանական գեներալին՝ անտեղյակ, որ նրա գրպանում արդեն չկար Հուսեյն-Մակ-մահոն համաձայնագիրը, և այդ պահին նրա գրպանում միայն մի համաձայնագիր կար՝ Բալֆուրի դեկլարացիան:

Հաշիմիների ընտանիքը մի փոքր անց երկրորդ հարվածը ստացավ բրիտանացիներից, երբ հայտնի դարձավ արաբական երկրներն Անգլիայի և Ֆրանսիայի միջև բաժանելու վերաբերյալ 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրի մասին, ըստ որի՝ ապագա արաբական անկախ պետության կազմից հանվում էին նաև Սիրիան ու Լիբանանը, որոնք անցնում էին Ֆրանսիային, իսկ Միջագետքը՝ Անգլիային: Իսկ այդ համաձայնագրով Պաղեստինին այլ ճակատագիր էր կանխագծված: Նա պետք է պատկաներ ոչ թե արաբներին, այլ դրվեր «միջազգային կառավարման ներքո»: Այսպիսով՝ արաբները միանգամից կորցնում էին Պաղեստինը, Սիրիան և Լիբանանը, ինչպես նաև Միջագետքը՝ ապագա Իրաքը:

Արաբների առաջին արձագանքները Բալֆուրի դեկլարացիայի և Պաղեստինում հրեական ազգային տուն ստեղծելու վերաբերյալ խիստ բացասական էին:

1920 թ. մարտի 8-ին Դամասկոսում կայացած Արաբական ազգային կոնգրեսը Հուսեյնի որդի Էմիր Ֆեյսալին հռչակեց Սիրիայի թագավոր՝ նշելով նրա թագավորության սահմանները, որի մեջ մտնում էին բուն Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը և Հորդանանը: Ֆեյսալը, ցանկանալով ինչ-որ համաձայնության հասնել հրեաների հետ Պաղեստին նրանց ներգաղթի հարցում, Խաիմ Վեյցմանի հետ հանդիպման ժամանակ համաձայնվեց աջակցել հրեաների ներգաղթին Պաղեստին, սակայն մի պայմանով, որ Պաղեստինը պետք է դիտել որպես ավելի մեծ արաբական պետության մի մասը: Բայց երբ Փարիզի խաղաղության կոնգրեսը մերժեց արաբական նման պետություն ստեղծելու գաղափարը, Ֆեյսալը սիոնիստների ղեկավարությանն առաջարկեց Պաղեստինի փոխարեն դառնալ իր նոր պետության՝ Սիրիական արաբական թագավորության մի մասը, սակայն վերջիններս մերժեցին: Արաբա-հրեական համագործակցությունը չկայացավ: Արաբները չհաշտվեցին Պաղեստինում հրեական ազգային տուն ստեղծելու ծրագրի հետ, սկսվեց մի պայքար այդ ծրագրի և բրիտանական ու սիոնիստական ուժերի դեմ, որը տևեց մոտ 30 տարի և ձևափոխությունների ենթարկվելով՝ փաստորեն շարունակվում է մինչև օրս:

Պատերազմի ավարտից հետո Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավոր հոգսերից մեկը Սայքս-Պիկոյի համաձայնագրի հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործումն էր: Այդ հարցի վերաբերյալ նրանք սկզբունքային համաձայնության եկան Սան Ռեմոյում 1920 թ. ապրիլի 25-ին կայացած Ազգերի լիգայի գլխավոր խորհրդի համաժողովում: Այստեղ Սիրիայի և Լիբանանի կառավարման մանդատն Ազգերի լիգայի կողմից տրվեց Ֆրանսիային, Միջագետքինը՝ Իրաքին, իսկ Պաղեստինի կառավարման մանդատը՝ Մեծ Բրիտանիային:

Ազգերի լիգան Պաղեստինի վրա բրիտանական մանդատը հաստատեց 1922 թ. հուլիսի 22-ին, այն գործողության մեջ դրվեց 1923 թ. սեպտեմբերի 29-ին: Այսպիսով՝ Պաղեստինը դարձավ բրիտանական ենթամանդատային տարածք, որն Անգլիային լրացուցիչ իրավասություններ և լծակներ էր տալիս՝ տնօրինելու նրա քաղաքական ճակատագիրը՝ ըստ իր հայեցողության և բրիտանական կայսերական շահերին համապատասխան: Վերջինս հենց այդպես էլ վարվեց: Նախ՝ նա 1921 թ. ապրիլի 11-ին հատուկ վարչություն մտցրեց Անդրհորդանանում, ապա՝ 1922 թ. հուլիսին Պաղեստինի կազմից հանեց Անդրհորդանանը և այն Ազգերի լիգայի համաձայնությամբ դարձրեց առանձին ենթամանդատային երկիր: Դրանով իսկ Պաղեստինի տարածքում կազմավորվեց ենթամանդատային երկու միավոր՝ բուն Պաղեստինը և Անդրհորդանանը: Դա առաջացրեց սիոնիստական ղեկավարության մեծ դժգոհությունը, քանի որ նրանք «Պաղեստինում հրեական ազգային տուն» հիմնելու մասին խոսելիս նկատի ունեին նաև Անդրհորդանանը, որը պետք է կազմեր այդ տան բաղկացուցիչ մասը: Այժմ նրանք զրկվում էին այդ հնարավորությունից, և փոքրանում էին հրեական ազգային տան սահմանները, այսինքն՝ տարածքը: Պատասխանելով սիոնիստների քննադատությանը՝ Մեծ Բրիտանիայի գաղութների նախարար Չերչիլը 1922 թ. հրատարակված «Սպիտակ գրքում» նշում էր, որ Բալֆուրի դեկլարացիան չէր նախատեսում ամբողջ Պաղեստինի վերածումը հրեական ազգային տան:  

Անդրհորդանանի անջատումը Պաղեստինից պատահական քայլ չէր: Մեծ Բրիտանիան ծրագրում էր Անդրհորդանանը դարձնել իր կարևոր հենարաններից մեկը: Մյուս կողմից՝ Անգլիան Անդրհորդանանի առանձնացումը Պաղեստինից և հրեական տան տիրույթներից դրական ժեստ էր համարում արաբների հանդեպ և փորձում էր ինչ-որ չափով սիրաշահել արաբներին ու մեղմել այն բացասական ազդեցությունը, որ նրանց վրա թողել էր Բալֆուրի դեկլարացիան: Դա Պաղեստինի վրա հաստատված մանդատի առանձնահատկություններից մեկն էր: Մյուս առանձնահատկությունն այն էր, որ Մեծ Բրիտանիան համաձայնվեց Պաղեստինի վրա հաստատված մանդատի տեքստում մտցնել հատուկ կետ այն մասին, որ Պաղեստինում հիմնվելու է «հրեական ազգային տուն». մի բան, որը բոլորովին էլ պարտադիր չէր: Բալֆուրի դեկլարացիայից այդ դրույթի ինկորպորացիան մանդատի տեքստում կատարվեց ԱՄՆ-ի բացահայտ ճնշման տակ, որը սկսել էր սիրաշահել հրեաներին՝ ելնելով իր ներքին խնդիրներից:

Մեծ Բրիտանիան, տեղի տալով ԱՄՆ-ի ճնշմանը, այդուհանդերձ, փորձում էր դա ներկայացնել որպես իր բարի կամքի դրսևորում հրեաների հանդեպ և դրանով իսկ սիրաշահել այս անգամ արդեն հրեաներին:

Այսպիսով՝ եթե Անգլիան, Անդրհորդանանը Պաղեստինի կազմից դուրս բերելով և առանձին ենթամանդատային էմիրություն կազմելով, սիրաշահում էր արաբներին, ապա Բալֆուրի դեկլարացիան մանդատի վերաբերյալ հիմնական տեքստի մաս դարձնելով՝ սիրաշահում էր հրեաներին: Այդ լարախաղացությունը մշտապես կազմել է բրիտանական արտաքին քաղաքականության ամենաէական բաղադրիչներից մեկը: Մեծ Բրիտանիան ձեռնամուխ եղավ Պաղեստինի տարածքի աշխարհագրական սահմանների ճշգրտմանը: Նրա կազմից Անդրհորդանանը հանելուց հետո բրիտանական ենթամանդատային Պաղեստինի տարածքը կազմեց 2700 կմ2:

Պաղեստինը հրեաների և արաբների միջև վերածվեց հակամարտությունների իսկական դաշտի: Օգտվելով Բալֆուրի դեկլարացիայի դրույթներից և այն հանգամանքից, որ դրանք մտցվեցին մանդատի տեքստի մեջ, Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, որին Ազգերի լիգան ճանաչեց որպես Հրեական գործակալություն, մեծ թափ հաղորդեց պաղեստինցիների ներգաղթին, որը փաստորեն զանգվածային բնույթ կրեց: Վերջիններիս քանակը Պաղեստինում գնալով աճում էր: Նրանք սկսեցին հողեր գնել և իրենց բնակավայրերը հիմնել:  Սկսվեց Պաղեստինի յուրացումը հրեաների կողմից: Դա խիստ անհանգստացնում էր արաբներին: Արաբական համընդհանուր կոնգրեսը դեռևս 1919 թ. որոշեց արգելել հողերի վաճառքը հրեաներին և դադարեցնել նրանց միգրացիան: Բայց այդ որոշումը մնաց թղթի վրա: Հրեաները շարունակաբար գալիս էին՝ կարողանալով հաղթահարել կամ շրջանցել բոլոր տեսակի արգելքները:

Մանդատի հաստատումից հետո բրիտանական կառավարությունը Պաղեստինի գլխավոր կոմիսար նշանակեց Հերբերտ Սեմուելին, որը հրեա էր և մի առանձին եռանդով սկսեց իրականացնել Բալֆուրի դեկլարացիայի դրույթները: Նա օրենք ընդունեց հողեր գնելու վերաբերյալ, որը փաստորեն օրինականացնում էր հրեաների կողմից արաբների հողերը գնելու հարցը: Դրանում մեղքի իրենց բաժինն ունեին նաև պաղեստինցի արաբ խոշոր հողատերերը, որոնք բնակվում էին արաբական  երկրների տարբեր մայրաքաղաքներում և չէին մշակում իրենց հողերը: Նրանք հաճույքով իրենց հողերը վաճառում էին հրեաներին: Բավական է նշել, որ Հերբերտ Սեմուելի կառավարման առաջին իսկ տարում հրեաներին Պաղեստին ներգաղթի 17.000 պաշտոնական արտոնագիր տրվեց: Արաբական պաղեստինյան կոնգրեսի գործադիր կոմիտեն 1921 թ. պահանջեց բրիտանական գաղութների նախարար Չերչիլից վերացնել Բալֆուրի դեկլարացիան և դադարեցնել հրեաների ներգաղթը Պաղեստին, որը, սակայն, մերժվեց: Ահա այսպիսի պայմաններում սկսվեցին զինված բախումներն արաբների և հրեաների միջև Պաղեստինի գրեթե բոլոր շրջաններում:

Հրեաները ստեղծեցին իրենց ռազմական զանազան կառույցները, ինչպիսիք են «Հագանան», «Իրգուն-բետը», «Շտերնը» և այլն, որոնք ակտիվորեն մասնակցում էին ռազմաքաղաքական բախումներին: Արաբները նույնպես ստեղծեցին իրենց կազմակերպությունները, որոնք, սակայն, կազմակերպչական առումով զիջում էին հրեական ռազմական կառույցներին:

1929 թ. օգոստոսին տեղի ունեցավ պաղեստինյան արաբների առաջին ապստամբությունը Երուսաղեմում, որի ընթացքում սպանվեցին 133 հրեա և 116 արաբ: Դրա առիթը վեճն էր արաբների և հրեաների միջև Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի արևմտյան պատի վերաբերյալ: Այդ պատը սուրբ է համարվում մուսուլմանների համար, սակայն հրեաները համաձայն չէին դրա հետ և կարծում էին, որ դա հին հրեական տաճարի մնացորդներն են: Բախումը հրահրվեց բրիտանացիների կողմից: Դա լոկ առիթ էր, իսկ իրականում պատճառն արաբների մտավախությունն էր, որ եթե այդպես շարունակվի, ապա շուտով բրիտանացիների կողմից կառավարվող Պաղեստինի մի մասը կդառնա հրեական պետություն:

1930-ականների սկզբներին հրեաների թիվը Պաղեստինում արդեն հասել էր մոտ 175.000-ի: Ներգաղթը Պաղեստին ավելի ուժեղացավ 1930-ական թթ., երբ Գերմանիայում իշխանության գլուխ եկան ֆաշիստները՝ Հիտլերի գլխավորությամբ: Այդ պահից սկսած՝ մահացու վտանգ կախվեց հրեաների գլխին: Սկսվեց նրանց փախուստը Գերմանիայից, ապա նաև Արևելյան Եվրոպայի երկրներից: Հիմնականում նրանք գալիս էին Պաղեստին:

1933 թ. հոկտեմբերին սկսվեց պաղեստինցի արաբների երկրորդ ապստամբությունը: Այս անգամ այն ուղղված էր բրիտանական գաղութային տիրապետության դեմ՝ ի տարբերություն 1929 թ. ապստամբության, որը հիմնականում արաբա-հրեական հակամարտություն էր և ուղղված էր առաջին հերթին Պաղեստինը սիոնիստների կողմից յուրացնելու քաղաքականության դեմ:

Ապստամբների հիմնական պահանջներն էին՝ Բալֆուրի դեկլարացիայի վերացում, Պաղեստին հրեաների ներգաղթի և նրանց հողերի վաճառքի դադարեցում, բրիտանական մանդատի վերացում և Պաղեստինին անկախության տրամադրում: Ապստամբության հիմնական կենտրոններն էին Յաֆան, Երուսաղեմը և Նաբլուսը, անհանգիստ և լարված դրություն էր այլ քաղաքներում ու շրջաններում: Անգլիական մանդատային իշխանությունները, լրացուցիչ ուժեր ստանալով, կարողացան ճնշել ապստամբությունը: Բայց, միևնույն է, Պաղեստինը չհանդարտվեց, քանի որ ոչինչ չէր փոխվել․ հրեաների ներգաղթը և հողերի վաճառքը շարունակվում էին, բրիտանական մանդատը գործում էր ամբողջությամբ, և արաբները կարծում էին, որ իրենց գոյությունն ու Պաղեստինի պահպանումը՝ որպես արաբական երկիր, վտանգված են:

Այդ հողի վրա 1936 թ. սկսվեց Պաղեստինի արաբների երրորդ ապստամբությունը, որը տևեց մինչև 1939 թ.: Ապստամբության կազմակերպման և ղեկավարման գործում մեծ էր Երուսաղեմի մուֆթի և Պաղեստինի Բարձրագույն մուսուլմանական խորհրդի նախագահ Հաջ Ամին ալ- Հուսեյնի դերակատարումը: Նա գլխավորեց նաև Բարձրագույն արաբական կոմիտեն: Բարձրագույն արաբական կոմիտեն 1936 թ. ապրիլին հայտարարեց ընդհանուր գործադուլ՝ ընդդեմ սիոնիստների և բրիտանացիների քաղաքականության: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ բրիտանական պառլամենտը 1936 թ. մարտին մերժել էր արաբների պահանջը՝ Պաղեստինում օրենսդիր ժողով ստեղծել և պաշտպանել արաբ ֆելլահ  վարձակալների իրավունքները:

Համընդհանուր գործադուլը շատ սահուն կերպով 1936 թ. ապրիլի 15-ին վերածվեց զինված ապստամբության: Արաբները հրաժարվեցին հարկեր վճարելուց, փողոցներում ցույցերը վերածվում էին զինված բախումների բրիտանական զինվորական ուժերի հետ, լայն ծավալ ստացավ պարտիզանական շարժումը: Անգլիան ապստամբների դեմ ուղարկեց իր զորամիավորումները՝ մարշալ Վեյվելի հրամանատարությամբ: Ուշագրավ է, որ անգլիական զորքերի կազմում պաղեստինցիների դեմ մարտնչում էին նաև սիոնիստական զինված ջոկատները:

Բայց դա արդյունք չէր տալիս, և բրիտանական կառավարությունը 1937 թ. նոյեմբերի 16-ին Պաղեստին ուղարկեց թագավորական հանձնաժողով՝ լորդ Փիլի գլխավորությամբ: Նրա խնդիրն էր տեղում ծանոթանալ իրադրությանը և իր առաջարկությունները ներկայացնել բրիտանական կառավարությանը: Լորդ Փիլի հանձնաժողովի զեկուցագիրը հրապարակվեց 1937 թ. հուլիսին: Այնտեղ նշված էր, որ մանդատը դարձել է ոչ գործունյա, իսկ արաբների և հրեաների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ նրանց հնարավոր չէ պահել մեկ կազմավորման շրջանակում: Հանձնաժողովն առաջարկում էր Պաղեստինը բաժանել երկու մասի և ստեղծել արաբական ու հրեական առանձին պետություններ:   Հրեական պետությանը հատկացվում էին Միջերկրական ծովի առափնյա մասը և Գալիլեան, իսկ արաբական պետությունը պետք է կցվեր Անդրհորդանանին:

Արաբները մերժեցին այդ առաջարկությունը, և ապստամբությունը վերսկսվեց նոր թափով: 1939 թ. փետրվարին Լոնդոնում հրավիրվեց այսպես կոչված «կլոր սեղանի քննարկում», որի մասնակիցներն էին Պաղեստինի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Եմենի և Անդրհորդանանի պատվիրակությունները: Հրավիրված էր նաև Հրեական գործակալության պատվիրակությունը, սակայն արաբները հրաժարվեցին նրանց հետ բանակցություններից, ուստի Անգլիան ստիպված էր նրանց հետ առանձին բանակցություններ վարել: Այդ բանակցությունների հիման վրա բրիտանական կառավարությունը 1939 թ. մայիսին հրապարակեց նոր «Սպիտակ գիրք», որն առաջարկում էր նոր լուծումներ: Դրանով Մեծ Բրիտանիան փաստորեն հրաժարվում էր Բալֆուրի դեկլարացիայից: «Սպիտակ գիրքն» արգելում էր հողերի հետագա վաճառքը հրեաներին, առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում էր հրեաների ներգաղթ յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 15.000 մարդ: Ակնհայտ է, որ այդ որոշումներն արաբանպաստ էին, որը բացատրվում է նրանով, որ այդ ժամանակ՝ 1939 թ. մայիսին, արդեն զգացվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի շունչը, և Անգլիայի համար շատ կարևոր էր իր ապագա դաշնակիցների հարցը: Այդ պահին նրա համար ավելի կարևոր էին արաբական երկրները՝ իրենց վիթխարի մարդկային և բնական ռեսուրսներով, մանավանդ նավթով, քան թե հրեաները՝ իրենց «ազգային տնով»: Հրեաները մերժեցին «Սպիտակ գրքի» առաջարկած ծրագիրը և խիստ քննադատության ենթարկեցին Մեծ Բրիտանիային՝ նրան մեղադրելով դավաճանության և հրեաներին լքելու մեջ: Իսկ արաբները հավանություն տվեցին բրիտանական նոր առաջարկություններին: Դրանից հետո անիմաստ էր ապստամբությունը շարունակել, և 1939 թ. կեսերին այն ավարտվեց:

Добавить комментарий

From the author