ՄԱԿ-ը չի հաստատել Իրանում 84 տոկոս հարստացված ուրանի առկայությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպությունը չի կարող հաստատել կամ հերքել, թե Իրանն 84 տոկոսով հարստացված ուրան ունի: Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, պաշտոնյան ասել է, որ իրենք չեն կարող ստուգել այդ պնդումները։
Դյուժարիկը հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) այս շաբաթ կարող է պատվիրակություն ուղարկել Թեհրան։ Նա հիշեցրել է, որ կազմակերպության դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Իրանը պետք է կատարի ՄԱԳԱՏԷ-ի ու միջազգային գործընկերների հետ բոլոր պայմանավորվածությունները։
Հիշեցնենք, որ փետրվարին «Bloomberg» լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները պարզել են, որ Իրանը ստացել է մինչև 84% հարստացված ուրան։ Այնուհետև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին այս հաղորդագրությունն անվանել էր կեղծ և փաստերի խեղաթյուրում՝ հավելելով, որ Իրանը դեռևս չի փորձել 60%-ից բարձր ուրան հարստացնել։
Ավելի ուշ «Reuters» լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն կապի մեջ է Իրանի հետ՝ հայտնաբերված ուրանի մասնիկների ծագումը պարզելու համար։
Իրանն իր հերթին ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ հարստացման պրոցեսում հնարավոր է ուրանի մակարդակի տատանումներ լինեն, սակայն վերջնարդյունքում այն չի գերազանցում թույլատրելի մակարդակը։
Добавить комментарий