Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական դրությունն այս պահին
Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական դրությունն այս պահին
«Դետք»-ին թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել թուրքագետ Նելլի Մինասյանը։
1․ Ի՞նչ ազդեցություն կունենան երկրաշարժերը Թուրքիայի ռազմական ոլորտի վրա։
Երկրաշարժն իսկապես վերջին շրջանում ոչ միայն Թուրքիայի ներքին քաղաքականությունն է պայմանավորում՝ ի դեմս ընտրությունների, այլ նաև որոշ չափով արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Ակնհայտ է՝ արտաքին գործոնների ազդեցությունը, մասնավորապես Արևմուտքի, երկրաշարժից հետո Թուրքիայում ավելի է մեծանալու։
Ինչ վերաբերում է Թուրքիայի ռազմական արդյունաբերությանը (այն, ինչ այս պահին կա), կարծում եմ՝ երկրաշարժը մեծ ազդեցություն չի գործի այդ ոլորտի վրա: Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը տարբեր ուղիներով բավականին զարգացել է, խոսքը միայն անօդաչու թռչող սարքերի մասին չէ, բացի դրանից՝ կան միջազգային պայմանավորվածություններ, այնպես որ երկրաշարժն էական ազդեցություն չի թողնելու ռազմական ոլորտի վրա։
2․ Էրդողանն այս պահին ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունի։
Այս պահին ընտրություններից ակնկալիքն այն է, որ Էրդողանը կարող է վերընտրվել։ Սակայն այստեղ արդեն այլ հաշվարկներ կան՝ նրա վերընտրվելու հետ կապված։ Ըստ էության, թուրքական կառավարությունն այս պահի դրությամբ փորձում է առաջացած խնդիրների վերաբերյալ, մասնավորապես երկրաշարժի հետ պայմանավորված, ձևավորել օրակարգեր, ցույց տալ ընտրողներին, որ իրենք ի վիճակի են կատարելու փոփոխություններ։ Էրդողանն այս մասին վերջին շրջանում հայտարարություններ է արել։ Այստեղ տարբեր գործոններ կան, մասնավորապես հարցումները, նախաձեռնությունները, որոնք թուրքական կառավարությունը փորձում է օգտագործել իր օգտին՝ ներկայացնելով, որ իր դիրքերը բավականին ամուր են և տանում են դեպի ընտրություններ։
3․ Տարածաշրջանային ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ։
Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ տարածաշրջանային փոփոխություններ (խոսքը Թուրքիայով պայմանավորված փոփոխության մասին է) տեղի կունենան, որովհետև Թուրքիան այս պահին այնպիսի իրավիճակում է, որ մի կողմից՝ երկրաշարժերը, որոնք բազում ծանր խնդիրներ են առաջացրել և լուծումներ են պահանջում, ուղղակի ազդում են առանց այն էլ Թուրքիայի լարված ներքաղաքական կյանքի վրա, մյուս կողմից՝ ընտրությունների հարցն է։ Թուրքիայի իշխանությունն այս խնդիրները պետք է լուծի։
Տարածաշրջանային փոփոխություններ, արտաքին ագրեսիա, կարծում եմ, այս պահին սպասելի չեն։
Հարցազրույցը վարեց Ասյա Գևորգյանը
Ավելացնել նոր մեկնաբանություն