Submitted by A.Muradyan on
Արկադի Տեր-Թադևոսյան. Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը

Արկադի Տեր-Թադևոսյան. Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը

Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է: 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում, ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները: 1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից: Նախ՝ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում՝ Թբիլիսիում, որտեղ էլ ծնվում է ապագա հրամանատարը:

Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցներում: Մի առիթով Կոմանդոսը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է եղել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի: Ե՛վ ինքը, և՛ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա: Մնում էր կատարել միակ պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը. պահանջը չի բավարարվում:

Դպրոցն ավարտելուց հետո Տեր-Թադևոսյանը զորակոչվում է բանակ, այնուհետև ընդունվում Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա, որից հետո ծառայության անցնում նախ՝ Գերմանիայում, հետո՝ Աֆղանստանում, Չեխիայում ու Բելառուսում, իսկ 1987-ին, ինչպես ինքն է նշել, հայրենիքի կարոտը ռազմարվեստում արդեն կոփված ու կայացած զինվորականին բերում է Հայաստան: Կոմանդոսը սկզբից ծառայության է անցնում Գյումրիում, ապա՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով Գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես Ռազմական ամբիոնի դասընթացակարգի պետ: 1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվել է Արցախի պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության ներքո փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործողությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան:

Լեգենդար հրամանատարը չի սիրում խոսել այն մասին, թե ինչպես է ստացել «Կոմանդոս» անունը: Սակայն իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ «Կոմանդոս» անունով իրեն կնքել են զինակից ընկերներն Արցախում՝ որպես առաջնորդ, որի խոսքով շարժվել են գործողությունների ժամանակ: Տեր-Թադևոսյանին կոչել են նաև «Լեռնային աղվես»: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում գյուղերը պաշտպանելիս: Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում:

Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը

Շուշիի ազատագրումը ռազմական գործողություն է, որի արդյունքում 1992 թվականի մայիսի 8-9-ին ազատագրվել է հայկական Շուշին։ Շուշիի ազատագրմամբ Արցախյան ազատագրական պատերազմում արմատական բեկում է տեղի ունեցել։ Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ մշակվել է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր, որով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցնելով պատերազմում։ Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր. ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող գլխավոր կրակակետի:

Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և ԼՂՀ ողջ բնակչության անվտանգության շահերից բխող պատմական անհրաժեշտություն էր, որը բեկումնային դարձավ Արցախյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

Ավելացնել նոր մեկնաբանություն