«Էսկալացիան հնարավոր է ամեն օր, և անպայման լինելու է»․ ռազմական փորձագետ

«Էսկալացիան հնարավոր է ամեն օր և անպայման լինելու է»․ ռազմական փորձագետ

Այսօր հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Արցախի: Նա այդպիսի եզրակացության է եկել՝ ունենալով որոշակի տվյալներ: Դրանից բացի, ըստ նրա, էսկալացիայի վտանգի մասին է վկայում Ադրբեջանի իշխանությունների ավելի ագրեսիվ հռետորաբանությունը:

Այս պահին հնարավոր էսկալացիայի մասին «Դետք»-ը զրուցել է ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանի հետ:

Նրա խոսքով` էսկալացիան հնարավոր է ամեն օր և անպայման լինելու է, քանի որ Ադրբեջանը հաղթողի դերում է. «Իսկ ինչպես հայտնի է, խաղի կանոնները, այն շարունակելու կամ կանգնեցնելու որոշումն ընդունում է միմիայն հաղթող կողմը: Այդ ֆոնի վրա խաղաղության դարաշրջան հայտարարելն աբսուրդ է, քանի որ պարտվողը խոսքի իրավունք չունի»:

Փորձագետը նշում է՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ ձգտելու է իրավիճակն առավելագույնս շահավետ օգտագործել: Առաջնային նպատակը «Զանգեզուրի միջանցքն» է, որը կմիացնի Նախիջևանն ու Ադրբեջանը. «Բազմիցս լսել ենք Երևանի փոխարեն Էրիվան... Իսկ ինչպես նկատել ենք, թուրքերը բավականին հետևողական են»:

Ըստ Մովսիսյանի՝ սրացումներ, տարածքային կորուստներ լինելու են: «Փաշինյանի կամ այլոց հայտարարությունները ոչ մի կերպ իրադրություն չեն փոխելու, իրավիճակի վրա չեն ազդելու: Ազդելու միակ միջոցը համապատասխան ձևով հակահարված տալն է, որի հնարավորությունները մոտ ապագայում ես չեմ տեսնում»,- եզրափակում է փորձագետը:

Добавить комментарий

From the author