«Թույլի դիրքերից մղվող խաղաղասիրությունը վախկոտություն է». սարկավագ

«Թույլի դիրքերից մղվող խաղաղասիրությունը վախկոտություն է». սարկավագ

Ժամանակն առաջ է ընթանում՝ փոփոխելով մեր սոցիալական դերերը։ Հասարակության բազում շերտերում ամենքս ունենք տարբեր առաքելություններ։ Մենք ծնող ենք, քույր կամ եղբայր, կին կամ ամուսին, հոգևորական, երաժիշտ, ատաղձագործ․․․ Սակայն կա մի առաքելություն, որը խաչում է բոլորիս ուղիները. դա մեր տունը պաշտպանելու առաքելությունն է։

«Դետք»-ը զրուցել է Եփրեմ սարկավագ Եփրեմյանի հետ, որը 44-օրյա պատերազմի ժամանակ հոգևորականի իր հանդերձանքը փոխարինեց զինվորական համազգեստով։

- Ինչպե՞ս իմացաք պատերազմի մասին և որոշեցիք հոգևորականի հանդերձանքը փոխարինել զինվորական համազգեստով՝ մեկնելով առաջնագիծ։

- Պատերազմի սկսվելու լուրը իմացա սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ կիրակնօրյա պատարագի ընթացքում, երբ մեր բոլոր եկեղեցիներում հավատացյալների և հոգևոր դասի կողմից աղոթքներ էին հնչում ողջ աշխարհի խաղաղության ու միասնության համար։ Անկեղծ ասած, ինձ համար անձնապես այն կանխատեսելի էր և վաղուց, իհարկե, այլ արդյունքներով, բայց կանխատեսելի։ Կարելի է ասել, որ հոգեբանորեն պատրաստ էի ընդունել այն։ Շատ հստակ գիտեի անելիքս։

Երկուսն էլ (խոսքը հոգևորականի հանդերձանքի և զինվորականի համազգեստի մասին է - խմբ.) իմն եմ համարում։ Զինվորականի համազգեստը ինձ ամենևին անծանոթ չի եղել, քանի որ ժամանակին պատիվ եմ ունեցել այն կրելու ժամկետային զինվորական ծառայությանս ընթացքում։ Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ թյուր ընկալում կա, ըստ որի՝ քրիստոնյան կամ առավել ևս եկեղեցականը չպետք է զենք վերցնի։ Որպես հիմնավորում բերվում է քրիստոնեական կարևոր այն պատվիրանը, որ սովորեցնում է սիրել թշնամիներին և խաղաղասեր լինել։ Նման մեկնաբանությունները կեղծ են մի քանի պատճառով. նախ՝ որ այդ պատվիրաններն առաջին հերթին կիրառության են տրված, այսպես ասած, ներքին շրջանակի կամ համայնքի համար։ Խոսքը վերաբերում է եղբորդ կամ քրոջդ չատելուն, նրանց հետ թշնամություն չանելուն, այլ ոչ թե մինչև ատամները զինված թշնամուն, որն իր առջև խնդիր է դրել իսպառ ոչնչացնելու քեզ։ Սիրո մասին գերագույն պատվիրանը տրված է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից․ «Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա բարեկամների համար» (Հովհ․ 15․12-13)։

Եկեղեցին երբեք չի խրախուսում պատերազմը, երբ այն նվաճողական է կամ որևէ աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերով թելադրված։ Բայց երբ թշնամին ուզում է բռնանալ քեզ վրա, սպառնում թե՛ քո ֆիզիկական և թե՛ հոգևոր գոյությանը, մեր եկեղեցին միշտ եղել և մնում է հայրենի պետության և իր քաջարի զինվորների կողքին։ Հազարամյակների խորքը ձգվող մեր պատմության ընթացքում եկեղեցին իր սպասավորներով հանդերձ ոչ միայն խրախուսել է ամուր և ուժեղ հայրենիք կերտելու մեր ժողովրդի ձգտումները, այլև մշտապես առաջամարտիկն է եղել հայ ազատագրական պայքարի՝ ամենածանր ու բախտորոշ պահերին պետականության բացակայության պայմաններում իր ուսերին կրելով մեր հավատքի, մշակույթի, ազգային ավանդության և մեր ինքնության պահպանման ծանր լուծը։ Ահա այս հենքի վրա է, որ հետագայում՝ շատ դարեր անց, կարողացանք կրկին վերականգնել մեր պետականությունը։ Նորագույն շրջանի մեր պատմությունը խոսքերիս լավագույն վկան է, երբ 1918 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցը հրաժարվեց Էջմիածինը լքելուց, երբ զորահրամանատարները հորդորում էին թողնել այն, և Սարդարապատի իր սրտառուչ կոչով մեր նահանջող զորքին վերադարձրեց իր քաջ նախնիների ոգին։ Արդյունքում մենք ունեցանք Մայիսյան հաղթանակներ և Առաջին հանրապետություն։

Ես՝ որպես իմ եկեղեցու և իմ քաջ նախնիների զավակ, երբեք կանգնած չեմ եղել նման երկընտրանքի առաջ՝ մեկնե՞լ առաջնագիծ, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ դա սրբազան պարտք է։ Ոչ ոք չի սիրում պատերազմ, որովհետև յուրաքանչյուր պատերազմ չարիք է, բայց երբ դու չես ընտրում այն, այլ քեզ պարտադրվում է, պարտավոր ես զենք վերցնել և պաշտպանել ինչպես հարազատներիդ, այնպես էլ սրբություններդ։ Հայրենիքը պաշտպանելը և նրա համար կյանքը նույնիսկ չխնայելը ոչ թե շնորհ է կամ մեծահոգություն հայրենիքի նկատմամբ, այլ պարտք՝ ինքնին ենթադրելի, նույնքան ենթադրելի, որքան ընտանիքի, ծնողների, երեխաների, քույրերի և եղբայրների նկատմամբ սերն ու հոգածությունը։

- Իսկ ո՞րն է եկեղեցու դերը և կարևորությունը պատերազմող երկրում։

- Հարցը բազմաշերտ է։ Ես կփորձեմ տարբեր ասպեկտների անդրադառնալով՝ հնարավորինս ամբողջական պատասխան տալ։ Ինչպես արդեն ասացի, եկեղեցին չի խրախուսում պատերազմը, նվաճող, ոչնչացնող, ստրկացնող պատերազմը։ Բայց երբ այն պարտադրվում է և պաշտպանողական է, քրիստոնեական մեր պարտքն է մինչև վերջին շունչը պայքարել մեր հայրենիքի և սրբությունների համար։ Իսկ եկեղեցու դերը, ինչպես միշտ, նույնն է՝ միավորել քրիստոնյա մեր ժողովրդին Քրիստոսի սիրո և ազգային մեր արժեքների շուրջ։

Շատ հաճախ խոսելով պատմության մեջ մեր եկեղեցու դերի մասին՝ մենք թերի ենք պատկերացնում կամ նույնիսկ չենք էլ պատկերացնում եկեղեցու ինստիտուցիոնալ հասունությունն ու դերը։ Եկեղեցին մի կառույց է, որն ունի շուրջ 2000-ամյա անընդհատական պատմություն։ Մեր իրականության մեջ սա բացառիկ երևույթ է, որի բովանդակությունը շատ քիչ ենք գիտակցում։ Պատկերացնո՞ւմ եք՝ չենք ունեցել պետություն, աշխարհակալ կայսրություններ են եկել ու գնացել, բայց եկեղեցին՝ որպես ինստիտուտ, երբեք չի դադարել գոյություն ունենալուց։ Սա արդյունք է պայքարող ոգու և մեծ իմաստության։ Այսինքն՝ եկեղեցին այսօր միակ ազգային կառույցն է, որն ամենատևական ինստիտուցիոնալ և պատմական հիշողությունն ունի։ Այն մեր ինքնության շտեմարանն ու հայելին է։ Մեր եկեղեցու ավանդության մեջ պետք է փնտրենք և ճանաչենք ազգային մեր դիմագիծը։ Եկեղեցին՝ որպես կառույց, իր առաքելությամբ և գործառույթներով տարբերվում է պետությունից։ Իսկ մասնավորապես Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ մենք անվանում ենք նաև ազգային եկեղեցի, բուն քրիստոնեական առաքելությունից զատ, առանձնանում է մեկ այլ շատ կարևոր գործառույթով։

Պատմական շատ դառը փորձառության հետևանքով ձևավորված Սփյուռքի մեր համայնքներում եկեղեցին է իրականացնում հայապահպանության և մեր ժողովրդի հոգևոր խնամքի գործառույթները։ Եկեղեցու դերն ամբողջ աշխարհում սփռված մեր ժողովրդին միավորելն է Քրիստոսի վարդապետության, հայրենիքի և ազգային արժեքների շուրջ։ Իսկ պատերազմի ժամանակ հատկապես այս կապն ավելի է կարևորվում, ինչպես և փորձության ժամին մեկ ընտանիք, մեկ բռունցք, մեկ մարմին դառնալու հրամայականը։ Իսկ մյուս կողմից՝ եկեղեցին՝ որպես պատմական մեծ փորձառություն, մշակութային և հոգևոր մեծ ժառանգություն ունեցող կառույց, մի տեսակ կամուրջ է հանդիսանում արտաքին աշխարհի հետ միջմշակութային և հոգևոր շփման հարցում՝ մեր արդար պայքարի ձայնը լսելի դարձնելով իր աշխարհասփյուռ թեմերի միջոցով նաև արտաքին աշխարհին։ Ըստ իս՝ սրանք են եկեղեցու՝ որպես հոգևոր և ազգային կարևորագույն կառույցի հիմնական գործառույթները։

- Ինչպե՞ս է ընկալվում «մարդ սպանելու» գործողությունն առաջնագծում, և ինչպե՞ս կմեկնաբանեք Դուք։

- Մարդկային կյանքը բարձրագույն արժեք է, քանի որ այն պարգևն է Աստծո, և ինչպես Պողոս Առաքյալն է ասում՝ սուրբ է մեր մարմինը, քանի որ այն նախատեսված է Սուրբ Հոգու բնակության համար։ Չսպանելը կարևորագույն 10 պատվիրաններից մեկն է մեզ համար (Ելք 20։13)։ Այդ պատվիրանի խախտումը մեղք է համարվում։ Հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք քրիստոնյան մարդ սպանել առաջնագծում։ Այստեղ նույնպես թյուր ընկալումներ կան պատվիրանի մեկնաբանության հարցում։ Ցավոք սրտի, մենք ապրում ենք ոչ թե կատարյալ, այլ մեղքերով և ապականությամբ լցված աշխարհում։ Եվ շատ հաճախ մենք կանգնում ենք պարտադրված ընտրության առաջ՝ ընտրելու ոչ թե բարու և չարի միջև, այլ չարի կամ մեղքի այս կամ այն աստիճանի միջև։ Իմ կարծիքով՝ պատերազմը նման դեպքերից է։ Այն  պարադոքս է մարդկային մտքի համար, որովհետև եթե չպաշտպանենք մեր սրբությունները, երեխաներին, քույրերին, մայրերին, կանանց, ծնողներին, ապա թշնամին պիտի ոչնչացնի նրանց. չէ՞ որ Աստված նախ և առաջ նրանց է հանձնել մեր խնամքին և պատասխանատվությանը։ Ինչպե՞ս կարող ենք պատճառ լինել մեր հարազատների մահվան։ Իհարկե, միշտ գերադասելի է խուսափել ուղիղ առճակատումից և խնդրի լուծման այլ տարբերակներ գտնել, եթե այդ տարբերակները կան իհարկե։ Իսկ եթե ոչ, այլ ընտրություն չունենք ուղղակի։

Իմ կարծիքով՝ չես կարող խաղաղասեր լինել, երբ ուժեղ չես։ Թույլի դիրքերից մղվող խաղաղասիրությունը վախկոտություն է։ Թշնամուդ կարող ես սիրել միայն այն դեպքում, երբ բազմապատիկ ուժեղ ես նրանից և ապահովագրված նրա ոտնձգություններից։ Հակառակ դեպքում դա ևս վախկոտություն է։ Քրիստոնյա հայրերից մեկը, խոսելով առաքինություններից մեծագույնի՝ խոնարհության մասին, ասում է. «Ոչխարն էլ է խոնարհ, բայց դա առաքինություն չէ նրա համար, քանզի նա բնությամբ է խոնարհ և չի կարող դեմ գնալ իր բնությանը»։ Նույնն է նաև թշնամուն սիրելու և խաղաղասիրության դեպքում։ Քրիստոնյայի հայացքն ուղղված է հավիտենական կյանքին, Աստծո հետ կատարյալ միությանը, սակայն նա ոչ մի դեպքում կտրված չէ առօրյայից։ Պասիվ, կրավորական կեցվածքը կյանքում հարազատ չէ քրիստոնեության ոգուն։ Չես կարող անտարբեր լինել քեզ շրջապատող միջավայրի, երկրիդ, ժողովրդիդ խնդիրների ու դժվարությունների նկատմամբ։ Ինձ համար ևս՝ որպես քրիստոնյա և Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, հստակ է այն համոզմունքը, որ հարկ եղած դեպքում մինչև վերջին շունչը պետք է պայքարեմ իմ երկրի, ժողովրդի և հավատքի համար՝ դրանից բխած բոլոր հետևանքներով։ Հակառակ դեպքում արժանի չեմ լինի այն ահռելի ժառանգությանը, որը, հազարամյակներ շարունակ մեր հայրերի արյամբ և քրտինքով սրբագործվելով, ինձ է վստահվել։

Հասմիկ Անդրեասյան

Добавить комментарий

From the author