DETQ

Իրանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր և մտահոգություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ով շուտով մեր երկրում ավարտում է իր առաքելությունը, հայտարարել է, որ  Իրանը և Հայաստանը ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր մտահոգություններ։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Pars Today» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Զոհուրին ասել է «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում։

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները պարբերական շփումներ են անցկացրել, իսկ նախորդ տարի կանոնավոր հանդիպումներ և շփումներ են եղել երկու երկրների ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների միջև։ «Երկու երկրներում ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները նույնպես սերտորեն համագործակցում են միմյանց հետ։ Սա այն ուղին է, որը պետք է շարունակվի տարբեր մակարդակներում»,- նշել է նա։

Զոհուրին միևնույն ժամանակ կարևորել է երկու երկնրերի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական լուրջ խորհրդակցությունների և երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունների կանոնավոր ընթացքը:  «Այս առումով, այս տարվա մարտ ամսին ականատես եղանք Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ պարոն Բաղերիի Հայաստան կատարած այցին»,- ասել է նա:

Անդրադառնալով ամբողջ աշխարհում և տարածաշրջանում անվտանգային լրջագույն սպառնալիքներին` նա նշել է, որ ներկա դրությամբ առավել քան երբևէ գիտակցում են երկկողմ համագործակցության կարևորությունը և երկու երկրներում էլ կա լուրջ կամք՝ ընդլայնելու համագործակցությունը։

«Անհրաժեշտ է ձգտել պահպանել այս վիճակը։ Մյուս կարևոր կետը ուշադրության արժանացնելն է այն հանգամանքին, որ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում տեղի են ունենում խորը և լուրջ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել անսպասելի հնարավորությունների ստեղծման և մարտահրավերների։ Ելնելով դրանից՝ շատ կարևոր եմ համարում երկու երկրների իշխանությունների և փորձագիտական շրջանակների շփումների ու համակարծության շարունակականությունը»,- ընդգծել է Զոհուրին։

Վերջինս հավելել է, որ հատկապես փորձագիտական և մասնագիտական հաղորդակցությունները կարող են օգնել փոխըմբռնման ընդլայնմանը, մարտահրավերների ճիշտ կանխատեսմանը և ճիշտ պլանավորմանը՝ հնարավորություններն օգտագործելու համար:


#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է Հայաստանի անվտանգությունը և հստակ քայլեր է ձեռնարկում, որպեսզի զսպի մեր երկրի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմ ունեցած հավակնությունները։ Անշուշտ նման քայլերից մեկն էլ Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև համագործակցության խորացումն է, ինչը բխում է երկու երկրների շահերից։






 

Добавить комментарий

From the author