հայկ

Ի՞նչ է թույլատրված Ալիևին. ռազմական փորձագետը՝ Ադրբեջանի սադրանքների մասին 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Սեպտեմբերի 1-ից սկսած՝ Ադրբեջանը վերսկսել է ռազմական և քարոզչական սադրանքները Հայաստանի նկատմամբ: Եթե նախորդ օրերին թշնամին կրակում էր Սոթքի և Նորաբակի ուղղությամբ, այսօր նրանց թիրախներին գումարվել է նաև Կապանի օդանավակայանը: Բացի դրանից՝ ադրբեջանական քարոզչամեքենան լծված է ապատեղեկատվությունների տարածմանը և քարոզչական սադրանքներին: 

Ինչո՞վ է պայմանավորված թշնամու ակտիվացումը, և ի՞նչ սպասել նրա գործողություններից: «Դետք»-ի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ընդգծում է, որ այս հարցերին պատասխանելու համար որպես ելակետ պետք է ընդունել այն, որ պատերազմը չի ավարտվել: 

- Սա մեր առօրյան է, պետք է հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել, և պատերազմը տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ է ունենում: Օրինակ՝ Արցախը շրջափակված ամրոց է, որի դարպասներն Արևմուտքը Ադրբեջանի հետ միասին փորձում է բացել Աղդամով: Դրան են լծված նաև Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը: Դրսևորումներից մեկը դա է. դարպասներն են ուզում բացել, չեն կարողանում: 

Մյուս կողմից՝ այն, ինչ տեղի ունեցավ Սոթքի մոտ՝ հրետանու կիրառմամբ, մայիսի 11-13-ի գործողությունների կրկնությունն է: Այնտեղ առարկայական խնդիր կա՝ Սոթքի հանքավայրն ամբողջությամբ վերահսկողության ներքո վերցնել:

Եթե իրենց խնդիրն է շփման գծի բավականին երկար հատվածով վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ և մարտական հենակետեր, իրենք իրականացնում են սեպտեմբերի 13-14-ի օպերացիան՝ լայնածավալ ռազմական գործողություններ: Եթե պետք է, ենթադրենք, մի պետության տարածք գրավել, հսկայական տարածք, ոչ թե բարձունքներ, լինում է 44-օրյա պատերազմ, ոչ թե բարձունքների գրավում, ընդ որում՝ չհայտարարված պատերազմ: 

Կախված նրանից, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինչ խնդիր է լուծում, և այդ խնդրի լուծման համար այս կամ այն քայլը որքանով է թույլատրված իրեն կատարել, լինում են տարբեր ծավալի սադրանքներ: Այնպես չէ, որ Ալիևն ինչ ցանկանա, կարող է կատարել: Օրինակ՝ տարածաշրջանը պայթեցնելու իրավասություն նրան տրված չէ, նրան թույլատրված չէ Հայաստանից հսկայական տարածքներ օտարելն ու իրեն միացնելը, որովհետև տարածաշրջանը պայթելու է, ուժային կենտրոններ են ներգրավվելու: Բայց Ալիևին թույլատրված է, օրինակ, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ վերցնել սահմանային միջադեպերի հիմնավորման համատեքստում: 

Հիմա խնդիրն այն է, որ մենք հավաքական առումով չենք ընկալում, որ պատերազմը չի ավարտվել: Պատերազմի դրսևորման տարբեր փուլեր կան, հիմա տաք պատերազմի փուլը չէ, որտեղ լայնածավալ գործողություններ են՝ տարածքների գրավումով, բայց նպատակը չի փոխվել: Մասնավորապես Արցախը շրջափակելը և մարդկանց սովի մատնելը ևս պատերազմի տարր են: Հիմա մեր խնդիրն այն է, որ պետք է դա հասկանանք, քաղաքական էլիտան դա պետք է ժողովրդին բացատրի: 

44-օրյա պատերազմից հետո, երբ առաջին անգամ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ իրականացրեց, նախորդ տարվա սեպտեմբերի 13-14-ն էր, մենք լրջագույն կորուստներ ունեցանք, բայց այս տարվա մայիսի 11-13-ը, երբ փորձ արվեց Սոթքի հանքավայրը հսկողության ներքո վերցնել, այնտեղ արժանի հակահարված ստացան: Հիմա, իմ տվյալներով, Ադրբեջանն առաջխաղացում չունի և պատասխան է ստացել՝ երկուստեք զոհերով ու վիրավորներով: Այսինքն՝ փոքր մարտերին՝ սադրանքների տեսքով, հայկական կողմն ունակ է դիմակայելու, բայց ավելի լայնածավալ գործողություններում, ինչպես նախորդ տարվա սեպտեմբերին, մենք փաստացի պարտություն կրեցինք, որովհետև այնտեղ բավականին լուրջ ուժեր էին ներգրավված, որոնց համարժեքը մենք չունեինք:  

 

Добавить комментарий

From the author