հմկֆգ

ԱՄՆ-ն եթե ցանկանա, Լաչինի միջանցքը կբացվի. հայտարարություններն ուղղակի ոչինչ են. թուրքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսով բանակցություններ վարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչի՞ց է անհանգստացած Էրդողանը: 

- Էրդողանի հայտարարությունը վերաբերում է Արցախում նախագահական ընտրությունների անցկացման փաստին: Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, նոր նախագահ ընտրվեց, ինչին շատ ծանր արձագանքեցին թե՛ Ադրբեջանը, թե՛ Վրաստանը, թե՛ Ուկրաինան և՛ թե այդ բոլորի սիրելի Թուրքիան, և, բնականաբար, Էրդողանի հայտարարությունը կապված է սրա հետ:

Ադրբեջանն ամեն օր ապատեղեկություն է տարածում՝ հնարավոր սադրանքի համար հող նախապատրաստելով, թուրքական մամուլում ևս առավոտից երեկո հայերի դեմ հակաքարոզչություն է գնում, իբր հայերը հարձակում են գործել ադրբեջանական դիրքերի վրա: Թուրքական մամուլը ջանասիրաբար տարածում է ադրբեջանական ՊՆ-ի կեղծ լուրերը: Սրանք սադրանքի համար հող նախապատրաստելու համար են կատարվում, և այս համատեքստում Էրդողանը, կարծես Արցախում տեղի ունեցած ընտրությունների ցավը սրտում, զանգելու է Փաշինյանին: 

Ակնհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը ձգձգվում է, իրավիճակը լարվում է, Ադրբեջանի սադրանքները շարունակվում են: Վերջինս փորձում է ճնշում գործադրել, կորզել ավելին, քան պայմանավորվածություններով է ենթադրվում, և այդ համատեքստում տեղի են ունեցել Արցախի շրջափակումն ու Բերձորի միջանցքի փակումը: 

Երբ այս մասին սկսեցին բարձրաձայնել տարբեր պետություններ և կազմակերպություններ, Ադրբեջանն անհանգստություն զգաց, աշխարհի կողմից հնչող այդ կոչերը, ճնշումներն Ադրբեջանի համար դիսկոմֆորտ են առաջացրել: 

- Ի՞նչ կարող ենք սպասել այդ հեռախոսազրույցից: 

- Այ դրան արդեն պարոն Փաշինյանը պետք է պատասխանի:

 - Վերջին շրջանում ԱՄՆ-ն ակտիվություն է ցուցաբերում մեր տարածաշրջանում, իսկ այսօր էլ մեկնարկում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները: Այս հարցը ևս անհանգստացնո՞ւմ է մեր հարևաններին: 

- Որոշ առումով տարածաշրջանում ամերիկյան կողմի ակտիվացումն առաջացնում է մեր հարևանների՝ թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի անհանգստությունը: Բայց մյուս կողմից տեսնում ենք՝ նույն Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ինչ հարաբերություններ ունի, օրինակ, Կիպրոսի ու Հունաստանի հետ: Ամեն օր լարվածություններ, օդային տարածքում դիմակայություններ: Այսինքն՝ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը և ԱՄՆ-ի ուղղակի խաղը Հայաստանում այդքան էլ փոխկապակցված չեն:  

Բացի դրանից՝ զորավարժությունը խաղաղապահական ձևաչափով է, ոչ թե պաշտպանական, և այն Հայաստանի համար անվտանգության երաշխիք չէ, որ Թուրքիան էլ դրանից անհանգստանա: Թուրքիան վախ չունի այս պահին, տարածաշրջանում ինքն է թելադրողը և ԱՄՆ-ի թույլտվությամբ: 

- Երեկ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կոչ անելով բացել երկու ուղիներն էլ՝ թույլ տալու մատակարարումները Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Միացյալ Նահանգները եթե ուզենա, որ Բերձորի միջանցքը բացվի, այն կբացվի: Հայտարարություններն ուղղակի ոչինչ են, հոգնել ենք այդ հայտարարություններից: Մեկ այլ տեղ Ամերիկան կարողանում է ստիպել, իսկ այստեղ ոչինչ չի անում: Մեկ այլ տեղ ժողովուրդը ժողովուրդ է, այդ թվում՝ Ուկրաինայում, իսկ Արցախում ժողովրդին ուղղակի կարելի է կոչով սնել: 

- Հաշվի առնելով վերջին տասնօրյակում Ադրբեջանի քարոզչական և ռազմական սադրանքները՝ ի՞նչ եք կարծում,Ադրբեջանն ու Թուրքիան այս պահին ծրագրո՞ւմ են լայնամասշտաբ գործողություններ Հայաստանի հետ սահմանին:

- Ընդհանրապես լայնամասշտաբ պատերազմից առաջ այս ձևով չեն հայտարարում, սա ավելի շատ հոգեբանական ճնշման տարբերակ է: Գուցե տեղային մասշտաբով կրկին սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ գործողություններ, այսինքն՝ երբ Ադրբեջանը պատերազմ հայտարարի Հայաստանին, չեմ կարծում: Բնականաբար կա կուտակված զինուժ, և կարող է որևէ հատվածում՝ մեզ բոլորիս հայտնի վայրում, տեղի ունենալ սադրանք, եթե մոտակա օրերին գերտերությունները համապատասխան ձևով չկարողանան այս իրավիճակը շտկել: Բայց լայնամասշտաբ պատերազմը, կարծում եմ, քիչ հավանական է:
 

Добавить комментарий

From the author