հնֆ

Բազմաթիվ գործոններ պետք է համընկնեն, որ Ադրբեջանն էսկալացիայի դիմի. Ռոբերտ Ղևոնդյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի թղթակցի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:  

- Նախօրեին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, և հայկական կողմը ողջամիտ ժամկետում կներկայացնի իր մեկնաբանությունները: Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով նաև այն, որ Ադրբեջանը շարունակում է սահմանին և քարոզչական դաշտում իր սադրանքները: 

- Բանակցությունների՝ որպես գործընթացի, որն այս պահին կանխում է էսկալացիան, առումով կարող ենք ասել, որ դրանք բավական արդյունավետ են: Թե՛ առաջարկներով փոխանակումը, թե՛ տարբեր միջնորդների մասնակցությամբ բանակցությունները, որ տեղի են ունենում ժամանակ առ ժամանակ, թե՛ երրորդ կողմերի միջոցով միմյանց հետ շփումը որոշակի առումով էսկալացիայի հավանականությունը նվազեցնում են: Բայց, ընդհանուր առմամբ, պետք է նշենք, որ բավական լարված իրադրություն է: Այո՛, թշնամին փորձում է ստանալ առավելագույնը, և թշնամին փորձելու է ստանալ առավելագույնը, որովհետև դա նորմալ է արտաքին քաղաքական գործընթացներում, երբ որևէ կողմը մյուս կողմի հետ փոխհարաբերություններում փորձում է իր շահն առավելագույնս իրացնել

Հայաստանն էլ կփորձեր ստանալ առավելագույնը, եթե ռեսուրսները, հնարավորությունները ներեին, և ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերություններում, այլև Թուրքիայի հետ, ինչու ոչ: Բայց քանի որ Հայաստանն այս պահին չունի այդ ռեսուրսները, փորձում է ստանալ այն առավելագույնը, որի համար իր ռեսուրսները բավարարում են:

Մեր բախտը բերել է այն առումով, որ այս պահին աշխարհն այնպիսին է, որտեղ խաղացողներ ու ուժային կենտրոններ կան, որոնք ունեն կոնկրետ շահեր, և այդ կոնկրետ շահերը շատ հարցերում համընկնում են Հայաստանի շահերի հետ: Կարծես թե Հայաստանի իշխանությունները ոչ բոլոր դեպքերում, բայց հիմնականում գտել են նշված շահերի համադրման հնարավորություններ և իրականացնում են այդ գործը: 

- Ըստ Ձեզ՝ բանակցությունների վերջնարդյունքի ՞ց է կախված սահմանային իրավիճակի զարգացումը: Այսինքն՝ եթե Ադրբեջանը չստանա այն, ինչին ձգտում է, հնարավո ՞ր է սահմանին կուտակված զինուժը գործի անցնի:

- Չեմ կարծում: Ադրբեջանը չի կուտակում իր զինուժը սահմանին, որ սպասի բանակցությունների հանգուցալուծմանը, Ադրբեջանը կուտակում է, որովհետև դա ճնշման հավելյալ և շատ լուրջ միջոց է Հայաստանի նկատմամբ: Բանակցությունների ընթացքի վրա ազդեցություն գործելու համար է Ադրբեջանը կուտակում զորքը: Այդ գործիքն Ադրբեջանը կիրառում է ավելի քան 30 տարի, և դա նրան հաջողություն է բերել: Այդ մարտավարության միջոցով է նաև, որ այս պահին նրանք ունեն վերահսկողություն Արցախի տարածքների մեծ մասի նկատմամբ:

Կդիմի էսկալացիայի, թե ոչ, դժվար է միանշանակ ասել, որովհետև բազմաթիվ գործոններ պետք է համընկնեն, որ Ադրբեջանը էսկալացիայի դիմի: 

Արցախի հարցի վերաբերյալ խաղացողները չունեն կոնսենսուս, կողմերն իրարից բավական տարբերվող մոտեցումներ ունեն: Առաջին հերթին, ես արդեն նշեցի, Հայաստանը կարողացել է այս աշխարհաքաղաքական իրավիճակում գտնել այնպիսի կենտրոններ, որոնց շահերը համընկնում են Հայաստանի հետ, և մնում է այդ կենտրոնների հետ աշխատանքն իրականացնել: Օրինակ՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իրանը, իհարկե բոլորի հետ խնդիրներ ևս կան, բայց կան նաև ընդհանուր շահեր: 

- Արդյո՞ք այդ խաղացողների կողմից ճնշումը կարող է ստիպել Ադրբեջանին ի վերջո բացել Բերձորի միջանցքը:  

- Հաստատապես ինչ-որ պահի Ադրբեջանը պետք է բացի այդ ճանապարհը, որովհետև հնարավոր չէ անընդհատ միջազգային ճնշմանը դիմանալ, և դա հասկանում են ոչ միայն Ադրբեջանում, դա հասկանում են նաև Ռուսաստանում, այդ պատճառով էլ շտապեցին առաջինն իրենց մեքենան մտցնել Ստեփանակերտ: Այնուամենայնիվ, Արցախում ձևավորվել է այնպիսի իշխանություն, որի համար, կարծես թե, ընդունելի է ռուսական նարատիվը, ինչը նշանակում է, որ նույնիսկ եթե գա այնպիսի ժամանակ, որ Աղդամի ճանապարհը և Բերձորի միջանցքը միաժամանակ բացվեն, ռուս-ադրբեջանական ուժերը կարող են իրականացնել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որի դեպքում Արցախը Բերձորի բաց միջանցքի պարագայում անգամ առևտուր անի, օրինակ, Աղդամի ճանապարհով, ընդ որում՝ այդ առևտուրն անի ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի հետ: Դա բարոյական կողմից կփորձեն ներկայացնել Արցախի բնակիչներին որպես Ռուսաստանի հետ առևտուր, որտեղ Ադրբեջանը կապ չունի, բայց մյուս կողմից էլ այդ նույն ճանապարհը կդառնա արդյունավետ, իսկ Բերձորի ճանապարհը՝ ոչ արդյունավետ, ու ժամանակի ընթացքում կկորցնի իր այժմեական նշանակությունը: Կլինի այն, ինչ, օրինակ, եղավ Քարվաճառով Ստեփանակերտ ճանապարհի կառուցումից հետո, երբ Բերձորով անցնող հին ճանապարհը քիչ էր օգտագործվում: 

Նման սցենարի դեպքում էլ Ադրբեջանը կարող է աշխարհին ասել՝ տեսեք, ճանապարհը բաց է, բայց իրենք նախընտրում են Աղդամի կողմով առևտուր անել: 

- Արցախի հարցն ինչ-որ առումով լակմուսի թուղթ դարձավ հայ-ռուսական հարաբերություններում: Այս պահին տեսնում ենք երկու կողմերից հնչող փոխադարձ կոշտ հայտարարություններ: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ: 

- Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն չկա փոխվստահություն, և դա նորմալ է այն դեպքում, երբ քո դաշնակիցն ամեն կերպ խուսափում է իր դաշնակցային պարտավորությունների կատարումից, իսկ այն, որ Հայաստանը փորձում է այլ հատվածներում գտնել այն անվտանգության ապահովման միջոցը, դա նորմալ, բանական էակի վարքագիծ է, և Ռուսաստանն այս պահին կարող է միայն ինքն իրեն մեղադրել:

 

 

Добавить комментарий

From the author