651

Իրանի և Հայաստանի շահերն այս տարածաշրջանում գրեթե բոլոր հարցերում համընկնում են. Արմեն Վարդանյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը:  

- Վերջին օրերին թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» գործարկման մասին, որին ի պատասխան Իրանը կոշտ հայտարարություններ է անում՝ կրկնելով իր մոտեցումը, որ անթույլատրելի է սահմանների որևէ փոփոխություն: Երեկ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական ճանապարհն այս տարածաշրջանում: Ըստ Ձեզ՝ Իրանը մտավախություններ ունի՞, որ Հայաստանը կարող է զիջումներ անել, և որքա՞ն հեռու կարող է գնալ մեր հարևանն այս հարցում:  

- Նախ սկսեմ նրանից, որ Հայաստանը միջանցք հանձնելու որևէ նպատակ չունի: Այն  մարդիկ, որ նման պնդումներ են անում, պարզապես դա անում են՝ իրենց քաղաքական կոնյուկտուրայից ելնելով: Մյուս կողմից՝ Արևմուտքն է կտրականապես դեմ այդ միջանցքի գործարկմանը, դրա մասին բազմիցս բաց տեքստով հայտարարել են արևմտյան պաշտոնյաներ և դեսպաններ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ է անդրադարձել այդ հարցին: Այնպես որ միայն Իրանը չէ շահագրգռված, որ այդ միջանցքը չլինի: 

Իսկ թե որքան հեռու կգնա Իրանն իր գործողություններում, մի քիչ դժվար է ասել, որովհետև աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Ակնհայտ է, որ Իրանը հստակորեն ուղերձներ է հղում ադրբեջանա-թուրքական տանդեմին և նաև Ռուսաստանին, որովհետև, հիշում եք, ամիսներ առաջ Թեհրանում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հստակ ասաց, որ թույլ չեն տալու ու չեն հանդուրժելու սահմանների փոփոխություն: Սակայն ես կդժվարանամ ասել, թե իր գործողություններում որքան հեռու կգնա Իրանը, արդյոք միայն բանավոր զգուշացումներով կսահմանափակվի, թե անհրաժեշտության դեպքում նաև այլ գործողությունների էլ կդիմի: Անձամբ ես չեմ կարծում, որ Իրանը պատերազմի մեջ կմտնի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ:

- Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է կազմակերպել Էրդողան-Ալիև-Փաշինյան-Պուտին քառակողմ հանդիպում: Եթե դա տեղի ունենա, Իրանը կարծես դուրս է մնում տարածաշրջանային գործընթացից: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ: 

- Էլի եմ ուզում շեշտել, որ Հայաստանը չի գնալու միջանցքի տրամադրման այն տեսքով, ինչպես ուզում են Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ հարցում որևէ փոխզիջում չկա և չի լինելու: Բայց նմանատիպ հանդիպումները, կարծում եմ, վնաս չեն, եթե հանգեցնելու են իրավիճակի փոքր-ինչ լիցքաթափման, ապա ինչու ոչ, կարելի է և մասնակցել: Բայց, ընդհանուր առմամբ,  մտնել գործընթացի մեջ, որտեղ Իրանին փորձելու են դուրս մղել տարածաշրջանային հարցերից, միանշանակ չի կարելի, դա աղետաբեր կլինի Հայաստանի համար: Իրանի և Հայաստանի շահերն այս տարածաշրջանում գրեթե բոլոր հարցերում համընկնում են, և պետք չէ անել քայլեր, որոնք կարող են Իրանին դուրս մղել տարածաշրջանից: Էլի եմ կրկնում, եթե հանդիպումը նպատակ ունի լիցքաթափելու իրավիճակը, ապա կարելի է մասնակցել, սակայն ոչ հակառակ պարագայում: 

- Այսօրվա դրությամբ Հայաստանի ղեկավարությունը ճի՞շտ է գնահատում իրավիճակն Իրանի հետ հարաբերություններում և կարողանո՞ւմ է արդյունավետ քաղաքականություն իրականացնել: 

- Իհարկե, միշտ էլ աշխատելու տեղ կա, միշտ էլ անբավարարվածության զգացում կա, բայց Հայաստանում Իրանի վերաբերյալ միֆերով են առաջնորդվում: Իրանը մոնոլիտ երկիր չէ, շատ բարդ երկիր է, այն երկրներից, որտեղ կա խորքային պետություն ասվածը: Դու կարող ես իշխանության մի ներկայացուցչի հետ մի բան պայմանավորվել, բայց պարզվի՝ այդ մարդն իրավասություն չունի քեզ հետ տվյալ պայմանավորվածություններն իրագործելու: Օրինակ՝ հայտնի «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, որով Հայաստանն ու Իրանն արդեն երկար տարիներ համագործակցում են և անցած տարի մինչև 2030 թվականը երկարաձգեցին, Հայաստանի իշխանությունները տարբեր նախարարությունների հետ երկար ժամանակ բանակցում էին, մինչև գտան մեկին, ով այդ գործընթացը կարողացավ մինչև վերջ տանել: Նույնը նաև իշխանական համակարգում, կառավարման համակարգում է: Այնտեղ կան ազգայնական շրջանակներ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կործանարար հետևանքները հասկանում են և կարծում, որ Հայաստանի հետ պետք է համագործակցել, կան նաև իսլամական շրջանակներ, որոնք կարծում են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պետք է համագործակցել և այլն: Դրա համար փոքր-ինչ դժվար է Իրանի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: 

- Պարո՛ն Վարդանյան, ինչպիսի՞ն է Իրանի մոտեցումը հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է խնդիրներ առաջացնել Իրանի հետ մեր հարաբերություններում:  

- Իրանը, իհարկե, զգայուն է այդ հարցում, միշտ «խանդով» է վերաբերել, երբ իր սահմանի մոտ եղել են ամերիկյան ուժեր և դրանում միշտ վտանգ է տեսել: Օրինակ՝ Իրաքում, որն Իրանի դաշնակիցներց է, կա ամերիկյան զորակայան, և նրանք ամեն ինչ անում են, որ Իրաքի իշխանությունները հանեն այն իրենց երկրից: Իրանն այդտեղ վտանգ է տեսում, և, կարծում եմ, Իրանի այդ զգայունությունը մենք պետք է հասկանանք: Բայց մյուս կողմից էլ հայկական կողմը պետք է բացատրի իրանցի գործընկերներին, որ այդ զորավարժություններն ուղղված չեն Իրանի դեմ, այլ նպաստում են Հայաստանի զինված ուժերի որակի բարձրացմանը, և որ Հայաստանը որևէ կերպ չի դառնալու հարթակ հակաիրանական գործողությունների համար: Պետք է պարզապես խոսել իրանցի գործընկերների հետ, հայտնել մեր տեսակետները: Մենք գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում, և ամեն մի քայլ անելուց առաջ, երբ մենք որևէ երկրի հետ գործակցում ենք, աշխարհաքաղաքական մեկ այլ ուժային կենտրոն դրա հետ կապված մտահոգություններ է հայտնում: Պետք է ճկունություն ցուցաբերենք և նաև Իրանի հետ կարողանանք այս հարցերը պարզաբանել: 

 

Добавить комментарий

From the author