5320

Արցախից հետո լինելու է Սյունիքի հարցը, Գեղարքունիքի, մինչև մի օր էլ կդրվի Երևանի հարցը. Թևան Պողոսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ուշադրություն. հարցազրույցն արվել է նախքան Արցախում կրակի դադարեցման մասին հայտարարությունը: 

«Դետք»-ի հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանը:  

- Արցախում իրավիճակը չափազանց ծանր է: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների գործողությունները կամ, այս պարագայում, դրանց բացակայությունը: 

- Հայաստանի իշխանությունը դավաճանեց հայկական ազգային շահերին, Արցախին, արցախահայությանը: Սա դավաճանություն է Հայաստանի հանդեպ: Չմոռանանք մեր ազգային հերոսի` Մոնթեի խոսքերը` «կորցնելով Արցախը, շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը»: Այ հիմա մենք շրջում ենք այդ էջը:

- Տեսնո՞ւմ եք որևէ հնարավորություն իրավիճակը փրկելու: 

- Ազգային ժողովը կարող էր շատ արագ հավաքվել, արտահերթ նիստ անել ու ասել` ճանաչում ենք Արցախը: Առնվազն Արցախի ճանաչումն այդ հարցի իրավական հիմքն է թողնելու գալիք սերունդների համար, որ կարողանան որևէ խնդիր լուծել: Հիմա պետք է թույլ չտալ, որ նաև այդ իրավական հիմքերը հանձնվեն, որովհետև եթե դրանք հանձնվեցին, ապա հետո` երբևէ` մի օր, երբ կունենանք հզոր Հայաստան, գիտակցություն կունենանք` պետականություն ձևավորելու, գալիք սերունդները ստիպված են լինելու նորից այդ հարցը բարձրացնել: 

Հիմա գործադիրը կամ ինքնակամ հեռանում է, կամ տանում վերջնական պարտության, որոնք այսօրվա քայլերն են: Արցախից հետո լինելու է Սյունիքի հարցը, Գեղարքունիքի, Վայոց ձորի և մնացածը, մինչև մի օր էլ կդրվի Երևանի հարցը: 

Այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ առաջին պատերազմից հետո պահանջ չդրվեց, որ հեռանա այս իշխանությունը, դրանից հետո նույնիսկ վերընտրեցին: Սա արդյունքն է նրա, որ ընտրել եք պարտված իշխանություն, վայելեք պարտությունները:

- Միջազգային խաղացողների անտարբերությունն ինչպե՞ս բացատրել, իրենց ձեռնտո՞ւ է այս սցենարը:

- Զուտ շահեր են, բոլոր կողմերն ունեն իրենց շահերը: Գտել են թույլ կողմ, ում կարող են ճնշել: Դա հայկական կողմն է, ճնշումն անում են, իրենց համար ինչ տարբերություն`ով է ապրում Արցախում: Իրենց խնդիրն է, որ միջանցքն աշխատի, ու ոնց հասկացա, այդ միջանցքը բոլորն է ձեռնտու այսօրվա դրությամբ: 

Իրենք իրենց երկրների շահերից ելնելով` հաշվարկներ են արել: Մեկը հաշվարկել է, որ լավ է այդտեղ ճանապարհ լինի, օգտվեն, մյուսը հաշվարկել է` ինչ լավ է` ռուսներին կարող են հանել տարածաշրջանից, մյուսը հաշվարկել է, որ լավ է` Իրանի վրա ճնշում կգործադրեն: Բոլորն իրենց շահերն ունեն: 

- Այսինքն` ամեն ինչ տանո՞ւմ է  «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:  

- Երեկ Էրդողանի ելույթը չե՞ք լսել, էլ ի՞նչ եք ուզում: Իսկ լսե՞լ եք, որ ինչ-որ կողմ հակառակն ասի, ո'չ, դե ուրեմն, ամեն ինչ պարզ է: 


 

Добавить комментарий

From the author