վեա

Եթե մենք ուզում ենք Արցախը կրկին ազատագրված տեսնել, պետք է դողանք Հայաստանի Հանրապետության վրա. Աշոտ Մելքոնյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը հայ ժողովուրդն անցկացնում է չափազանց լարված իրավիճակում: 

48 ժամ առաջ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա՝ ամիսներ շարունակ պաշարման մեջ գտնվող արցախահայերին կանգնեցնելով ցեղասպանության վտանգի առաջ: Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր մղեց հակառակորդի դեմ, սակայն միայնակ մնալով իր կռվի մեջ և փորձելով կանգնեցնել արյունահեղությունը՝ ստիպված վայր դրեց զենքերը: 

Հայ ժողովրդի համար այսպիսի ծանր օրերում, երբ հարցականի տակ է Արցախի գոյությունը, ու վտանգի տակ է անգամ հայոց պետականությունը, ինչպիսի ՞ն պետք է լինի անկախության խորհուրդը: 
«Դետք»-ի թղթակցի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ, և նույնիսկ անհուսալի թվացող այս իրավիճակում հայ ժողովուրդը կարող է ելքեր գտնել: 

«Շատ դժվար է այսօր խոսել, ես ուղղակի դժվարանում եմ խոսքեր գտնել, բայց լավ իմանալով հայոց պատմությունը, որքան էլ տարօրինակ թվա, լավատեսորեն եմ տրամադրվում վաղվա օրվա նկատմամբ: Ինչո՞ւ: Որովհետև ցավալիորեն մեր ժողովուրդը կորուստներ շատ է ունեցել, և ամեն անգամ այդ կորստից հետո ազգի զգալի մասին թվացել է, թե սա արդեն ամեն ինչի վերջն է, մեր 7000-ամյա պատմության ընթացքում նման դեպքեր շատ են եղել: Դրանցից ավելի ցավալիները 16-18-րդ դարերի պարսկաթուրքական ժամանակաշրջանի մղձավանջային ժամանակներն էին, հետո 1915 թվականի Հայոց մեծ եղեռնը: 

Բայց տեսնում ենք, որ պետականությունը ստեղծվեց մի պայմաններում, երբ Խորհրդային միությունը փլուզվում էր, և ազգային-ազատագրական շարժման բոցերում ծնվեց առաջին հերթին Արցախի Հանրապետությունը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, ավելի շուտ, քան Հայաստանի Հանրապետությունը:  

Այո՛, հայոց պետականության առումով Արցախը միշտ եղել է միջնաբերդ: Դարեր շարունակ Արցախը և Սյունիքը եղել են հայոց պետականության անթեղված դրսևորումներ, մելիքությունների ու սղնախների ձևով, և այդ իմաստով քաջալերել են նաև Հայաստանի մյուս շրջաններին՝ վաղվա օրվա նկատմամբ լավատես լինելու, որ համահայկական պետականությունը մի օր կարող է վերականգնվել: Այժմ Արցախի բնակչության մեծ մասն այս պայմաններում անգամ շատ ավելի լավատես է, քան մենք՝ Հայաստանի Հանրապետության մեջ: 

Հիմա այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, անկասկած աղետ է, շատ մեծ աղետ: Սակայն վեր հառնելու առաքելություն ամեն ազգ պետք է ունենա, եթե ինքը հասկանում է, որ աշխարհում գոյություն ունեցող 7000 ժողովուրդներից մոտ 200-ին է վիճակված ունենալ սեփական պետություն: Պետք է ուժ և կամք գտնենք մեր մեջ, հասկանանք, որ ամեն ինչ ավարտված չէ, մենք սերունդների հանդեպ պարտքի զգացում ունենք և պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի հայոց պետականությունն ամրապնդենք, և այդ պետականության փոքրիկ կղզյակի վրա է, որ մի օր արժանանալու ենք համահայկական պետականության վերականգնման բարեբախտությանը: 

Ես միշտ կրկնում եմ, որ Մեծ եղեռնից՝ այդ գեհենից 3 տարի հետո մենք ուժ ենք գտել և վերականգնել հայկական պետականությունն ընդամենը 12 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Հիմա տեսեք, մենք 42 հազար քառակուսի կիլոմետր ունեինք մեր վերահսկողության տակ, մեր հայրենիքի այդ ահռելի հատվածը կարողացել էինք հետ բերել:  

Արամ Մանուկյանի խոսքերը հիշեցնեմ Մայիսյան հերոսամարտերի նախօրյակին, նա ասում էր, որ մենք մնացել ենք միայնակ: Այո՛, մենք մնացել ենք միայնակ, այս դառը ճշմարտությունը մենք պետք է իմանանք: Շատ ցավալի է, որ Ռուսաստանն ուղղակի շահարկեց մեր ժողովրդի մեջ ընդգծված ռուսամետ կեցվածքը և ուղղակիորեն կրկնեց այն, ինչ արել էր 1920-21 թվականներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին նվիրաբերելով մեր հայրենիքի մի հատվածը: Հիմա էլ նվիրաբերվեց երկրորդ հատվածը: 
Պետք է ի վերջո հասկանանք, որ մեր հույսն առաջին հերթին մենք պետք է լինենք:  Ուշադրություն դարձրե՛ք՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության կորստից հետո 1920 թվականին որքան ուժ գտավ Նժդեհն իր մեջ, որ ստեղծեց Ինքնավար Սյունիքը, որը 1921 թվականի ապրիլի 27-ին հռչակվեց որպես Լեռնահայաստան, իսկ հունիսի 1-ին իրեն վերահռչակեց որպես Հայաստանի Հանրապետություն: 

Անհուսալի պահեր գոյություն չունեն, անհուսալի մարդիկ կան, պետք է այդ տեսակ մարդիկ հասկանան, որ ժողովրդի մեջ հոռետեսություն տարածելը միայն հանգեցնելու է պետականության կորստի: Անկախությունը երկնային պարգև է, և մեր սերունդն իրավունք չունի այն կորցնելու:  

Մենք պետք է դառնանք բռունցք, գործոն, որ մեր կողքին հայտնվեն դաշնակիցներ, իսկ երբ մենք հաղթանակի էյֆորիայով տարվեցինք, մեր զգոնությունը բթացավ, և տխուր վիճակի հասանք: 

Եթե մենք ուզում ենք Արցախը կրկին ազատագրված տեսնել, անպայմանորեն պետք է դողանք Հայաստանի Հանրապետության վրա: Միայն Հայաստանի Հանրապետության անկախության ու բարգավաճման հիմքի վրա կարող ենք ազատագրել Արցախը»,- ասաց մեր զրուցակիցը: 

 

Добавить комментарий

From the author