Կարծում եմ՝ պայթյուն է եղել ներսում. ռազմական փորձագետ

Կարծում եմ՝ պայթյուն է եղել ներսում. ռազմական փորձագետ

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, վիրավորվել՝ 3-ը: Նույն օրը դեպքի առնչությամբ մի շարք զինվորականներ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ Դեպքի հնարավոր պատճառների, հանգամանքների, պատշոնանկումների մասին «Դետք»-ը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ։

- Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների՝  վաշտի պատասխանատուի՝ վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով վերջինս, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ։ Եվ հենց սա էլ հրդեհի պատճառ է դարձել։ Ինչպե՞ս կարելի էր խուսափել այս իրավիճակից։

- Նախ՝ ես խիստ թերահավատ եմ, որ դեպքն այդպես է եղել։ Հանրային դաշտում դեպքի մասին գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանը, իսկ 2 օր հետո զինվորական կենտրոնական դատախազության աշխատակիցը՝ կոչումով մայոր, որը մի քանի այլ մասնագետի հետ «Հանրային հեռուստատեսությունում» հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին, ասաց, որ իրենք դեպքի առաջացման մի քանի տարբերակ են քննարկում։ Ես հակված եմ իրավապահ համակարգի այդ գնահատականին։ Քանի նախաքննությունը չի ավարտվել, կարող ենք ենթադրություններ անել, բայց Փաշինյանն այնպես պատմեց, կարծես դեպքի ժամանակ կողքից նայում էր։ Ինչպե՞ս է բռնկվել հրդեհը, ինչպե՞ս են մեր 14 զինծառայողները մահճակալների վրա մնացել։ Ի դեպ, փրկարար ծառայության աշխատակիցը ևս այդ փաստը բերեց, ինչպե՞ս 14 հոգի տեղից վեր չի կացել։ Այսինքն՝ նրանք գազից թունավորվե՞լ են, թե՞ մահը միաժամանակ է վրա հասել. սրանք հարցեր են, որոնց պատասխանները նախաքննությունը պետք է տա։ Իսկ Փաշինյանը կառավարության նիստին ուղղակի թե անուղղակի ուղղորդում տվեց նախաքննությանը, երբ այդպես ասաց։

Երկրորդ ակնհայտ հակասությունը. Քննչական կոմիտեն դեպքի օրը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ կացարանը (եթե դա կարելի է կացարան անվանել, իսկ դա կացարան չէր, քանի որ անվտանգային առումով որևէ չափորոշչի չէր բավարարում)՝ որպես այդպիսին, օգտագործվել է 2021 թ. մայիսի 13-ից, այնինչ Փաշինյանն իր՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի շուրթերով Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս ասել է, որ այն որպես կացարան օգտագործվել է 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի հայտնի դեպքերից հետո, երբ մեր զորանոցի շենքային պայմանները վնասվել էին։ Ես նվազագույնը 2 ակնհայտ հակասություն եմ ասում, որտեղ իրավապահ մարմինները, Քննչական կոմիտեն տալիս են իրենց գնահատականը։ Իսկ նրանք գնահատականների հարցում սխալվելիս իրավական առումով պատասխանատվության են ենթարկվելու, վստահաբար այդպես է կարգը, մինչդեռ քաղաքական գործիչները՝ ոչ։ Եվ հետևաբար ես հիմք ունեմ կասկածելու և՛ Էդմոն Մարուքյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի տված գնահատականներին և հակված եմ իրավապահ համակարգի տված առայժմ այս պահի գնահատականներին՝ սպասելով նախաքննության ավարտին։

Կարծում եմ, որ պայթյուն է եղել ներսում։ Մահը մեր զինծառայողներին նույն պահին է վրա հասել. որոշակի դյուրավառ նյութերի (ասենք՝ նավթ, բենզին կամ գազ) ամպ է գոյացել առանց օդափոխության սենյակում, որն էլ մեկ կայծի կամ կրակի առկայության դեպքում կարող էր պատճառ դառնալ մեծ պայթյունի, մի քանի հազար աստիճան ջերմության միջավայրի ստեղծման և դրա հետևանքով՝ ամբողջ միջավայրում կենդանի էակների կամ մարդկանց վայրկենական մահվան։ Ես կարծում եմ՝ այդպես է, քանի որ այդ շենքի մեկուկես պատ փլուզված էր։ Քննչական կոմիտեն տարածեց, թե մեքենան է հարվածել։ Սակայն շենքի պատերին հարվածելուց քարերը ոչ թե դուրս, այլ ներս են լցվում։ Ինչևէ, սպասենք նախաքննության արդյունքներին։ Կարծում եմ, որ նախաքննությունը հստակ կգնահատի՝ ինչպես է եղել։ Սակայն խնդիրն այն է, թե այդ նախաքննության արդյունքներն ինչքանով հանրային դաշտում կներկայացնեն որպես այդպիսին, որովհետև ի սկզբանե ուղղորդում կա Փաշինյանի կողմից։

- Արդյո՞ք պատշաճ կացարան ունենալու դեպքում իրավիճակը նույն հանգուցալուծումը կունենար, և որո՞նք են զինվորական կացարանի անհրաժեշտ պայմանները։

- Պատշաճ կացարան, զորանոց ունենալու դեպքում նման իրավիճակ չէր լինի. այդ ժամանակ, բնականաբար, պահվելու էին անվտանգության, հակահրդեհային պաշտպանության բոլոր միջոցները։ Օրինակ՝ հակառակորդը կարող է դիվերսիոն հետախուզական հարձակում իրականացնել, կարող է հրդեհ բռնկվել, և ըստ այդմ՝ անվտանգության տարրական կանոններ կան՝ նախատեսված կացարանների, զորանոցների համար։ Տարրական կանոնները նաև նախատեսում են ոչ թե մեկ, այլ երկու մուտք։ Հրդեհ բռնկվելու դեպքում մեկի փակվելու դեպքում հնարավորություն է լինում այլ ելքով դուրս գալու։ Բացի դրանից՝ զինվորներին բնակեցնելիս յուրաքանչյուր անձի համար հաշվարկ է արվում, թե քանի քառակուսի մետր պետք է հատկացվի։ Այդ կացարանի սենյակները պետք է չափեն։ Ես որքան գնահատում եմ, այդտեղ բնակված զինծառայողների համար քառակուսի մետրերը շատ ավելի քիչ են եղել, քան նախատեսված էր նորմերով։

Ինձ համար շատ կարևոր է, թե այդ կացարանի՝ որպես կացարանի արձանագրման փաստաթղթերն ովքեր են ստորագրել։ Այն ՊՆ-ի գույք է։ Ես կարծում եմ, որ այս դեպքի առնչությամբ ևս մեկ քրեական գործ պետք է հարուցել։ Կացարանը նորմատիվ որևէ չափորոշչի չի բավարարել։ Այն մարդիկ, որոնք այդ շենքը, բնակարանը որպես կացարան են արձանագրել, նրանք ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն։ 2-րդ բանակային կորպուսի հրամկազմը գլխատելը դեռ չի նշանակում, որ իրականում մեղավորներին բացահայտել են։ Առաջին մեղավորը նրանք են, ովքեր այդ շինությունը, բնակարանը որպես կացարան են ընդունել։ Եվ այդ առումով, այո, ես կարծում եմ, որ կացարանը որևիցե ձևով՝ և՛ անվտանգության, և՛ հակահրդեհային պաշտպանության որևէ միջոցների չի բավարարել։ Ասում են՝ այդ կացարանի մյուս սենյակում զինանոցն է եղել, որի առնչությամբ ևս չպարզված հարցեր կան՝ արդյոք այդ զինանոցն իր նորմերն ունի, թե ոչ, զենքերն ինչպես են պահվել, եթե ականներ են եղել, ապա դրանք ինչպես են պահվել։

Եթե լիներ նորմալ կացարան, նախ այդ վառարանն այդտեղ դրված չէր լինի, դյուրավառ հեղուկները՝ նույնպես։ Ի՞նչ է նշանակում՝ սպան գիշերը գա, բենզին լցնի։ Սպան, բնականաբար, հրաշալի գիտի, որ բենզինը լցնելիս հրդեհ է առաջանում։ Ռազմական ուսումնական հաստատություններում ուսանելիս զինծառայողներն այդ տարրական գիտելիքները ստանում են։

- Դեպքից հետո մի շարք զինվորականներ ազատվեցին պաշտոնից. ինչո՞վ էր պայմանավորված դեպքից կարճ ժամանակ անց նրանց պաշտոնազրկելը։ Ինչպե՞ս կգնահատեք այս քայլը։

- Սխալ որոշում էր։ Ինքս սահմանում ծառայել եմ։ Եթե ոչ սահմանային, թիկունքային դեպք էր լինում մահվան ելքով, վատագույն դեպքում պատասխանատու սպան կամ սպաները ոչ թե հրամանագրվում ու պաշտոնից ազատվում էին, այլ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու որոշակի դադար էր տրվում մինչև նախաքննության ավարտը։ Մեծ հաշվով նախաքննություն իրականացնող մարմիններն էին գնահատում յուրաքանչյուր զինծառայողի (անկախ նրանից, թե ինչ հաստիք, պաշտոն կամ կոչում ուներ) պատասխանատվության աստիճանը, իսկ մեղավորության չափը՝ դատարանը։ Դրանից հետո էր միայն որոշվում զինծառայողներին պաշտոնանկ անել, թե ոչ։

Հակառակորդի հարվածային հիմնական 2՝ Վարդենիսի և Ջերմուկի ուղղություններով 2-րդ բանակային կորպուսն է սահմանը պահում, և հրամկազմի պաշտոնանկությունը մեր մարտունակության վրա խիստ էական է ազդելու։ Ադրբեջանը ցանկացած պահի այդ ուղղությամբ կարող է գործողություններ սկսել, դա հայ-ադրբեջանական սահմանի շփման գծի ամենախոցելի տեղն է։ Եվ նորանշանակ սպաներին դեռևս ժամանակ է պետք, որպեսզի իրավիճակին ծանոթանան։ Իրավիճակին տիրապետելու բազմաթիվ պարամետրեր ու չափանիշներ կան, ինչը բավականին ժամանակ է պահանջում, այլ ոչ մեկ օր կամ մեկ շաբաթ, ես դա ասում եմ որպես ժամանակին 3-րդ բանակային կորպուսի փոխհրամանատար։ Ի՞նչ է, Ադրբեջանը մեզ ժամանա՞կ է տալու։ Սխալ որոշում էր։ Եվ տա Աստված, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ ռազմական գործողություններ չսկսի։ Եթե սկսեց, և մենք պարտություն ունեցանք, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի այդ որոշումը վատ իմաստով կարող է ճակատագրական լինել։

Добавить комментарий

From the author