ֆ սվոդ

Գործ ունենք ժամանակակից պատերազմի հետ, պետք է ի վերջո ընդունենք խաղի կանոնները. Կարեն Հովհաննիսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

- Արցախի հանձնումից հետո Հայաստանի ողնաշարը, կարելի է ասել, մերկացել է: Թշնամու կողմից ռազմական ագրեսիայի վտանգի տակ է արդեն Սյունիքը՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի՝ Սյունիքով միջանցք ստանալու նկրտումները: Որպես փորձագետ՝ ինչպե՞ս եք գնահատում անվտանգային ռիսկերը: 

- Արցախի անկումը կամ հանձնումը ոչ միայն Սյունիքն է դրել վտանգի տակ, այլ նաև Տավուշը, Գեղարքունիքը, Արարատն ու Վայոց ձորը: Այո՛, ըստ ամենայնի, առաջնային թիրախ են Սյունիքն ու Գեղարքունիքը, սակայն ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է թշնամու թիրախում: Մեծ հաշվով, Արցախը՝ թեկուզ հենց շրջափակված, Հայաստանի Հանրապետության համար կարևոր պաշտպանական գործառույթ էր կատարում, որովհետև թշնամին գիտեր, որ թիկունքում ունի հայաբնակ Արցախ, որը կարող է իր համար անակնկալներ ստեղծել: Հիմա, երբ Արցախն արդեն հայաբնակ չէ, մեծ հաշվով թշնամու թիկունքն ապահով է, և նա կարող է ցանկացած պատրվակով Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել՝ առնվազն ապահով լինելով, որ թիկունքից հարված չի ստանա: Այստեղ մենք շատ մեծ անվտանգային խնդիր ունենք և պետք է կարողանանք այդ խնդիրը համակշռել ՀՀ սահմանները բազմապատիկ անգամ ավելի անվտանգ դարձնելու ճանապարհով: 

- Անվտանգային այս հարցերում ի՞նչ անելիքներ կան թե՛ բանակը զինելու և թե՛ սահմանամերձ գյուղերի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: 

- Այդ ամենը փոխկապակցված է: Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք ժամանակակից պատերազմի հետ, և, այսպես ասած, օդից կառավարվող պատերազմում չի կարող բնակչությունը տեղում որևէ պաշտպանական գործառույթ իրականացնել: Գուցե 1-2 ժամով խնդիրներ առաջացնի թշնամու համար, բայց երկարաժամկետ կտրվածքով ոչինչ չի կարող անել, և հենց այստեղ կարևորվում է մեր ռազմավարական հայեցակարգը: Պետք է վերջիվերջո գիտակցենք, որ գործ ունենք արհեստական բանականության պատերազմի հետ, և պետք է գործադրենք ժամանակակից բոլոր գործիքակազմերը՝ պաշտպանական ու հարձակվողական, որպեսզի կարողանանք իրականացնել մեր հայրենիքի  պաշտպանությունը, այլապես կստացվի, որ մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում, հույսներս դնում ենք կա՛մ սահմանամերձ գյուղերի բնակչության, կա՛մ, ասենք, մասնավոր ինքնապաշտպանական ջոկատների վրա: 

Եթե մենք ուզում ենք հաջողություն գրանցել, իսկ հաջողությունն առնվազն մեկ անգամ թշնամուն պատժելն ու հետ շպրտելն է ելման դիրքեր, ապա մենք պետք է ի վերջո ընդունենք խաղի կանոնները և ժամանակակից տեխնոլոգիաներով պայքարենք թշնամու դեմ: 

- Անկախությունից ի վեր Հայաստանը զենք էր ձեռք բերում հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Այսօր ՀՀ իշխանությունները, կարծես, այլ ճանապարհով են փորձում գնալ: Ներկայում ի՞նչ հնարավորություններ ունենք մեր բանակը զինելու, ո՞ւմ հետ կարող ենք համագործակցել: 

- Տարիներ շարունակ մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ մենք մեկ մատակարարից ենք զենք ձեռք բերել, և դա ճակատագրական եղավ 44-օրյա պատերազմում: Մեծ հաշվով կարևոր չէ պետության անվանումը, կարևորն այն է, որ մենք մի քանի մատակարարից կարողանանք ձեռք բերել զինամթերք, մյուս կողմից էլ՝ շեշտը դնենք սեփական ռազմարդյունաբերության վրա: Եթե մենք միայն սպառող ենք դառնում, այլ ոչ արտադրող, թեկուզև 10 պետությունից զենք ձեռք բերենք, միևնույն է, ճակատագրական որևէ պահի կարող ենք մնալ միայնակ և չունենալ ոչինչ: Դրա համար կարևոր է հենց սեփական ռազմարդյունաբերությունն ունենալը: 

Մեր դեպքում կոնկրետ երկրների անուններ չեմ ուզում տալ, որովհետև դրանք առանձին ուսումնասիրության թեմա են, և բազմաթիվ այլ գործոններ կան, բայց վստահաբար մենք չպետք է 1 կամ 2 մատակարարից զենք-զինամթերք ձեռք բերենք: Միևնույն ժամանակ չպետք է այնպես անենք, որ մեր զինանոցը դառնա ինչ-որ անհասկանալի և խառնիճաղանջ, որտեղ զինամթերքները համադրելի չեն ռազմական գործողությունների ժամանակ: 

- Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենահզորն է, մարտունակը, և ինչ-որ առումով 44-օրյա պատերազմի պարտությունը սառը ցնցուղ եղավ: Ի՞նչ եք կարծում, այսօր ինչպիսի՞ փոփոխությունների կարիք կա ՀՀ զինված ուժերում: 

- Մենք հաղթողի ախտանիշ ունեինք, և այսօր էլ այդ ճանապարհով է գնում Ադրբեջանը: 
Մեծ հաշվով 44-օրյա պատերազմն այդքան էլ սառը ցնցուղ չէր, որովհետև մենք դեռ շարունակում ենք այնպիսի քաղաքականություն, որը փորձում է իրենից հեռու վանել պատերազմի միտքը: Պատերազմը մեր շուրջբոլորն է, բայց մենք ասում ենք՝ «չէ՛, չենք ուզում պատերազմ» կամ «չենք կրակում, որ չլինի պատերազմ» և այլն: 

Այդ խաղաղության ախտանիշով տառապելով հանդերձ՝ չենք մտածում, որ պետք է վերջիվերջո մեր զինված ուժերում կառուցվածքային փոփոխություն մտցնենք, իսկ կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է նաև ժամկետային զինծառայողներին վերաբերող մի շարք գործոնների փոփոխություն, ընդհուպ վարձատրվող զինծառայողների ներգրավում, ավելի պատկերավոր ասած՝ ոչ թե դիրքում կանգնող պայմանագրայինի, այլ բաց դաշտում կռվող մարտունակ զինծառայողի ներգրավում: Այդ դեպքում կկարողանանք ասել, որ հիմք ենք դնում ժամանակակից հայկական բանակի: 
Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են՝ ո՞րն է մոդելը, ես ասում եմ՝ մեր հայոց պետականությունների, թագավորությունների կամ բանակների երբևէ եղած պատմական մոդելը պետք է վերցնենք, ժամանակակից դարձնենք և օգտագործենք: 

Անցած 3 տարում, այո՛, բաներ կան, որ փոփոխվել են, փոփոխության միտում կա, բայց տեմպերը չեն բավարարում՝ հաշվի առնելով, որ պատերազմի վտանգը գնալով մեծանում է: Նախորդ տարի սեպտեմբերի 13-ի ագրեսիան Ջերմուկի ուղղությամբ ևս մեկ անգամ փաստեց, որ մենք մարտունակ զինծառայողների խնդիր ունենք: 


 

Добавить комментарий

From the author