4645

Անվտանգային նոր համակարգի ձևավորման ճանապարհին ենք. օրակարգում է բանակի զինումը՝ արտաքին և ներքին միջոցներով. Ղևոնդյան  

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը:

- Հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ: Սակայն այսօր՝ հանդիպումից մեկ օր առաջ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևը հրաժարվել է Գրանադա մեկնելուց: Նշվում է, որ մերժման պատճառը «Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու հարցում Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունն է»։ Ըստ Ձեզ՝ վերոնշյա՞լն է հանդիպումից հրաժարման պատճառը, և ի՞նչ սպասել ապագայում: 

- Քիչ հավանական է Ադրբեջանի նշած պատճառը, կարծում եմ՝ այլ պատճառ կա, որի մասին փորձագետներս զգուշացնում էինք: Հիմնական պատճառն այն է, որ Գրանադայում տեղի էր ունենալու նոր իրավիճակի ամրագրում, և մեծ հավանականությամբ՝ Ադրբեջանի պաշտոնյաների վերջին հայտարարությունների ամրագրում, ըստ որի՝ իրենք հրաժարվում են Հայաստանի նկատմամբ որևէ հավակնությունից, նույնիսկ ասում  էին՝ պատերազմի էջը փակվել է, ռազմական գործողություններ չեն լինի: Կարծում եմ՝ այստեղ առանցքային է Ռուսաստանի դժգոհությունը: Մեծ հավանականությամբ հենց Ռուսաստանն է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ հրաժարվի այդ հանդիպումից, որպեսզի չամրագրվի Հայաստանի նկատմամբ սադրանքներից զերծ մնալու քաղաքականությունը, և Ռուսաստանը ևս մեկ լծակ չկորցնի՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար:

 Հայաստանը վերջապես էական քայլ է արել սեփական անվտանգային համակարգը վերափոխելու համար: Նախօրեին էլ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը, ինչն Արևմուտքը գնահատեց որպես Հայաստանի՝ քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու իրական քայլ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ Երևանում հայտարարեց Հայաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր կնքելու մասին: Այս ամենն ակնհայտորեն զայրացնում է Ռուսաստանին, և Ռուսաստանը չի ցանկանում այս պահին զրկվել Հայաստանի նկատմամբ ամենաարդյունավետ ճնշման գործիքներից մեկից:

Իսկ Գրանադայի հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, Ադրբեջանը հայտնվելու էր Արևմուտքի և Հայաստանի ընդհանուր ճնշման ներքո, ինչի արդյունքում հնարավոր է որոշակի խոստումներ տար, որոնք կվերաբերեին ուժ չգործադրելուն, կամ էլ ուժ գործադրելու պարագայում խնդիրներ կունենար Արևմուտքի հետ: 

- Դուք էլ Ձեր խոսքում հիշատակեցիք Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագրի կնքման հնարավորության մասին: Ըստ Ձեզ, հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, բավարա՞ր են ներկայումս կատարվող քայլերը: 

- Ակնհայտորեն բավարար չեն, նախ այն պատճառով, որ այսօրվա իշխանությունները տնտեսական հիմքեր չեն ձևավորել դրա համար, տնտեսական ոլորտում այլընտրանքներ չեն ստեղծվել, ինչը պարտադիր պետք է անեին հենց 2018 թվականից: Բայց մենք ստիպված ենք այս իրավիճակով իրականացնել անվտանգության վերակառուցումը, որովհետև, այո՛, նախկին անվտանգային համակարգը չէր աշխատում, և Հայաստանի համար շատ մեծ խնդիրներ էր ստեղծում: Նոր համակարգը, որ պետք է ստեղծենք, ոչ մի երաշխիք չկա, որ աշխատելու է, սակայն վստահաբար նախկինում եղած համակարգը մեզ տանելու էր կործանման:

- Անվտանգության վերակառուցման ճանապարհին ի՞նչ անելիքներ կան Հայաստանի պաշտպանական համակարգում, զինված ուժերում: 

- Այն, որ բանակի վերազինման և զինված ուժերն Ադրբեջանի հետ հավասարակշռության բերելու խնդիր պետք է լուծվի, չի քննարկվում: Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը բանակի վերափոխման հարցը ոչ պրոֆեսիոնալների է տվել, այնինչ զինված ուժերում տրամաբանական վերափոխման անհրաժեշտություն կա: Ըստ իս՝պետք է հրաժարվել ռուսական բանակի մոդելից և անցում կատարել այն մոդելին, որը կենթադրի փոքր տարածքում փոքր մոբիլ խմբերի տեղաշարժման տրամաբանությունը, ոչ թե ռուսական բանակի՝ ռազմավարական թիկունքի և մարդկանց քանակի վրա հիմնված մարտերի տրամաբանությունը: 

Այս հարցը կարծես թե իշխանությունների օրակարգում չկա, բայց մյուս կողմից էլ, արդեն ասացի, որ օրակարգում է բանակի զինումը՝ արտաքին և ներքին միջոցներով: Այստեղ շատ փակագծեր բացել չենք կարող, սակայն սրանք գոնե արվում են: 

- Տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի հրաժարվում իր նկրտումներից Հայաստանի նկատմամբ, ամեն կերպ փորձում են ճնշման գործիքներ կիրառել: Օրերս էլ Թուրքիան հայտարարել էր Մեծամորի ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ կասեք այս մասին:   

- Թուրքիան, 1995 թվականից սկսած, տարբեր հարթակներից բարձրացնում  է Մեծամորի ատոմակայանը փակելու հարցը, և դա որևէ արդյունք չի տվել, արդյունք չի տալու նաև հիմա: Բայց կա այլ հարց. Հայաստանն ԱՄՆ-ի հետ շատ արդյունավետ համագործակցում է էներգետիկ ոլորտում վերափոխումներ կատարելու հարցում, և այդ համագործակցությունը, փակագծեր բացեմ, վերաբերում է նաև Հայաստանում  փոքր արտադրողականության ատոմակայաններ ստեղծելուն, որոնց գործարկման արդյունքում գուցե իմաստ չունենա Մեծամորի ատոմակայանը պահպանել: Սակայն Մեծամորի ատոմակայանից կարելի է հրաժարվել միայն այն պարագայում, եթե լինի դրան փոխարինող այլ ենթակառուցվածք, այլ ոչ թե Թուրքիայի ճնշման ներքո: 
Ինչ վերաբերում է այդ տանդեմի կողմից ճնշմանը, դա միշտ է եղել, և Հայաստանի խնդիրն է այդ մարտահրավերներին դիմակայելը՝ հնարավորինս փոքրացնելով  ճնշման ազդեցությունները, իսկ դրա համար պետք է ավելի քիչ խոսել և շատ գործ անել: 

 

Добавить комментарий

From the author