354

Ենթադրենք՝ Ֆրանսիայից զենք բերվեց, այն կիրառելու հրաման լինելո՞ւ է. Թևան Պողոսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի թղթակցի հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանը:  

- Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվող հնգակողմ հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, չեղարկվեց վերջինիս նախաձեռնությամբ: Սակայն երեկ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Գրանադայում պետք է ստորագրվեր «շրջադարձային նշանակության փաստաթուղթ»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է ստորագրեին երկրների ղեկավարները, և ինչո՞ւ Ալիևը վերջին պահին հրաժարվեց: 

- Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ մեր թշնամին Ադրբեջանն է, Ալիևը, իսկ նա ոչ մի բան չի ստորագրելու Հայաստանի հետ: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այս խաղաղության օրակարգը սին է: Ալիևին պետք չի ինչ-որ բան ստորագրել, ինքն իրեն չի սահմանափակելու ոչ մի փաստաթղթով: Նա տեսնում է, որ իր առջև նստած է պարտված իշխանություն, և, հետևաբար, միայն նոր զիջումներ է պահանջելու Փաշինյանից:  

Հենց այս նույն իշխանությունները մի քանի անգամ նկարագրել են, չէ՞, որ Ալիևի հետ բան էին պայմանավորվում, հաջորդ րոպեին ավելի շատ էր ուզում: Իսկ հիմա վստահ եմ, որ Ալիևն այս իրավիճակն օգտագործելու է, որ Թուրքիայի դերը մեծացնի՝ մնացածներին հայտարարելով, որ եթե Թուրքիան չկա, ես չեմ գալիս: Հետո նույն ձևով զանգելու է Մոսկվա, ասի՝ տեսաք, տղերք, ամեն ինչ արեցի, որ եվրոպական հարթակում չստորագրվի որևէ բան, եթե ձեր հանդեպ այդպես են վարվում, ես էլ չեմ գնա: Դե Հայաստանին էլ կշարունակեն իրենց պահանջները ներկայացնել՝ իրենց ասած «Զանգեզուրի միջանցք», անկլավներ, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ, 100 միլիարդ, ատոմակայանի փակում և այլն, և այլն: Ամեն անգամ նոր պահանջներ են ավելացնելու:

- Եթե դիվանագիտական դաշտում չի հաջողվում նրանց հետ համաձայնության գալ, այսինքն՝ կրկին ռազմական  ճանապարհո՞վ է լինելու լուծումը: 

- Ալիևի համար այլևս դա է հարցերի լուծման միջոցը, չգիտեմ՝ նա քանի անգամ դա պետք է ասի: Ասելու են՝ 30 տարի փորձել են իբր թե բանակցել, չի եղել, դրա համար ռազմականով են հարցը լուծել: Եթե այդ գործիքն աշխատում է, ինչո՞ւ պետք է այլ տարբերակով հարցերը լուծի: Հիմա էլ նոր պատանդներ է վերցրել, նոր գործիքակազմով է Հայաստանի դեմ ճնշումներ իրականացնում: 

- Պարո՛ն Պողոսյան, այսինքն՝ իզո՞ւր են այսօր Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ տարվող աշխատանքները, եթե վերջնարդյունքը լինելու է հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ: 

- Ցանկացած աշխատանք իզուր չէ, եթե ունի նպատակ: Եթե նպատակ ես ունենում, աշխատանքներդ էլ ըստ նպատակի ես իրականացնում: Հիմա եթե քո նպատակն այն է, որ ինչ-որ թուղթ ստորագրվի, որ իբր թղթով քեզ պաշտպանեն… Հիմա ասենք եվրոպացիների հետ են աշխատում, եվրոպացիներն էլ իրենց շահերն են բավարարում: Իրենք իրենց շահերը բավարարեցին, մեզ էլ ասում են՝ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ ռազմական ուժ չի կիրառելու: Է՛հ, որ կիրառեց, ի՞նչ, մի բան փոխվե՞ց:  Նրանց Ադրբեջանի գազն ու նավթն են հետաքրքրում:  

- Օրերս հայտարարվեց, որ Ֆրանսիայի հետ կնքվելու է ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր: Ըստ Ձեզ՝ դա մեզ ոչինչ չի՞ տալու: 

- Իսկ ի՞նչ է տալու, ես ուզում եմ հասկանալ, եթե իրենք ասում են՝ ռազմական համագործակցություն, զենք-զինամթերք են վաճառելու, հետո՞:  Եթե, օրինակ, որևէ նպատակ չենք դրել, դա ի՞նչ է փոխելու: Ենթադրենք՝ Ֆրանսիայից այդ զենքը բերվեց, այն կիրառելու հրաման լինելո՞ւ է: Երեկ կարծես թե մենք լսել ենք նաև, որ պաշտպանության նախկին նախարարներից մեկն ասում է, որ երբ ես հրաման եմ տվել, որ այս զենքից կրակեն, ինձ աշխատանքից հանել են: Դիցուք, պատկերացրեք՝ Երևանի հրապարակի մեջտեղը ֆրանսիական զենքը կանգնած է, եթե պաշտպանության նախարարը հրաման տա կրակելու, ու իրեն գործից հանեն, ի՞նչն է փոխվելու:

Կամ արդյո՞ք Ֆրանսիան այն քանակի է զենք տալու, որ բավարարի, արդյո՞ք դու ունես մասնագետներ, որ դրանք օգտագործելու են: Կարող է մի 5 տարի հետո ունենաս այդ մասնագետները, ու ամեն ինչ շատ լավ լինի, միգուցե այդ ժամանակի համար արժի, ինչո՞ւ չէ: Բայց ի՞նչն էր զսպում Ֆրանսիային, որ մինչ այս չէր անում, Ղարաբա՞ղն էր խանգարում: Ինչո՞ւ դա հենց հիմա ասվեց, այլ ոչ մեկ ամիս առաջ, դրանից առաջ շրջափակում չկա՞ր, Արցախի հայությանը սովի չէի՞ն մատնում: Նորից եմ ասում՝ կարևոր է նպատակը, թե ինչի համար է սա արվում: 


 

Добавить комментарий

From the author