365663

Սյունիքի բռնակցման հարցը ժամանակավորապես հետաձգվեց, սակայն Հայաստանի վրա ճնշումների նոր փուլ է սկսվելու. Վարդան Բալյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը: 

- Իսրայելի և Պաղեստինի միջև հերթական անգամ ռազմական գործողություններ են սկսվել: Ըստ լուրերի՝ Իսրայելում ներկայումս իրականացվում է ամենախոշոր մոբիլիզացիան՝ հաշված 1973 թվականից: Ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ այս ռազմական գործողությունները, ինչպիսի՞ ազդեցություն կարող են դրանք ունենալ Հարավային Կովկասի վրա։ 

- Բնականաբար ազդեցություն կունենան, կարծում եմ՝ռազմական այս գործողությունները մեծ պատերազմի չեն վերաճի, որովհետև այս պահին, ըստ իս, առնվազն աշխարհաքաղաքական կենտրոնները մեծ պատերազմի պատրաստություն չեն տեսել: Իսրայելա-պաղեստինյան գոտում իրավիճակը բարդ է, հակամարտությունը երբևիցե չի էլ դադարել, պարզապես հիմա էսկալացիայի նոր փուլ է: Ես միանշանակ չէի պնդի, որ Իրանն է կանգնած այդ ամենի հետևում, ավելին՝ կարծում եմ, որ Իրանն առնվազն չի դրդել այս  գործողությունները: Իմ կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ի թիկունքում այս պահի դրությամբ ավելի շատ երևում են Ռուսաստանի ու Թուրքիայի «ականջները», և, այսպես ասեմ, ակնհայտորեն այդտեղ շահագրգռվածություն ունի Չինաստանը: Հիշենք վերջին պայմանագիրը, որ ամերիկացիները կնքեցին Հնդկաստանից Սաուդյան Արաբիայով նոր ճանապարհի հետ կապված, որի նպատակը Չինաստանի արգելափակման խնդիրն է: 

Եկեք չմոռանանք նաև, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության վերջին այցելությունը Թուրքիա էր, հետո եղավ հանդիպում Ռուսաստանում, և, բնականաբար, այս երկու պետություններն ավելի շահագրգիռ էին ներկա գործողություններում: 

- Կոնկրետ մեր պետության համար ի՞նչ հետևանքներ կամ գուցե հնարավորություններ կարող են առաջանալ: 

- Բնականաբար, այս գործընթացները մեզ վրա ևս ազդեցություն կունենան: Հոկտեմբերի 6-ին՝ Իսրայելի վրա պաղեստինյան հարձակման նախօրյակին, Իրանը և Ադրբեջանը պայմանավորվեցին մեկ տարվա ընթացքում սկսել և ավարտել Զանգելանից Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղային կապուղու կառուցումը: Արաքսի վրայով երկաթուղային կամուրջը, որի նախագիծն արդեն առկա է, հնարավորություն կտա ապահովելու մինչև 1100 ավտոմեքենայի և 15 հազար մարդու ամենօրյա ուղևորահոսք: Ադրբեջանից Իրանով դեպի Նախիջևան «Արաքս» երկաթուղային տարանցիկ միջանցքի կառուցման մեկնարկը տրվեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ու Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշի մասնակցությամբ: Իրանցի նախարարը, ի դեպ, այդ ընթացքում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ քննարկվել են երկու էլեկտրակայանի կառուցման ծրագրեր, այդ թվում՝ Խոդաֆերինի ջրամբարի վրա:

Այսինքն՝ առնվազն այս պահին Սյունիքի միջանցքի խնդիրը հետաձգվում է: Եթե օրակարգային էր Սյունիքի բռնակցման հարցը, այդ հարցն այս պահին օրակարգային չէ, որովհետև ակնհայտ է, որ բռնակցման փորձը կարող է ունենալ երկու ծանր հետևանք․ առաջին՝ Հայաստանի վերջնական արևմտականացումը, այսինքն՝ մեր երկրի դիրքորոշման վերջնական փոփոխությունը, ինչը կնշանակի Արևմուտքի անմիջական ներգրավում տարածաշրջանում, որին Իրանն անձամբ դեմ է: Երկրորդ՝ խնդիրը մեզ բնականաբար կտաներ հստակ հակառուսականության դաշտ, և չի բացառվում, որ Արևմուտքն անմիջական ռազմական աջակություն կցուցաբերեր մեզ հնարավոր էսկալացիայի պարագայում: 

Այս պահին, իմ կարծիքով, որոշում կայացրին միառժամանակ հետաձգել Սյունիքում իրենց ծրագրերը: Իրանն իր տարածքով ճանապարհի համաձայնություն տվեց, և շինարարությունն արդեն մեկնարկում է: Բայց դա ժամանակավոր լուծում է: Իմ պատկերացմամբ՝ ազդեցությունը կլինի այն, որ Թուրքիան և Ռուսաստանը կփորձեն Հայաստանում որոշակի փոփոխությունների հասնել՝ կա՛մ Հայաստանի իշխանությանը վերջնականապես կպարտադրեն զիջումներ իրենց ծրագրի համապատասխան, կա՛մ կփորձեն իշխանափոխություն կազմակերպել:

Կարծում եմ՝ ճնշումների նոր փուլ կլինի մեզ վրա, և եթե մենք այդ ճնշումներին վերջնականապես տրվենք, ապա նոյեմբերի 9-ի փաստաթղթով գրված ճանապարհը կլինի ռուսների վերահսկողության տակ: Եթե այս իշխանության միջոցով չկարողանան դա անել, կփորձեն իշխանափոխություն կազմակերպել: Դա կլինի բավականին հստակ մշակված ծրագրով, մեզ վրա կկիրառվեն տնտեսական ճնշման գործիքներ, հնարավոր է նաև՝ ռազմական ներգործություն: Բնականաբար, օրակարգ կբերվի նաև անկլավների հարցը, և այդ զիջումն էլ կպարտադրեն: Այդ ընթացքում եթե հայկական իշխանությունները շարունակեն արևմտամետ հռետորաբանությունը, գուցեև գործի դնեն իշխանափոխության ծրագիր: Բայց գործող իշխանությունը շատ է աթոռը սիրում, կարծում եմ՝ կգնա զիջումների:  

Եթե ազգային շահերի տեսանկյունից նայենք, այս պահին մենք խաչմերուկին ենք կանգնած՝ ոչ աջ ենք, ոչ ձախ: Հայաստանն իր արտաքին քաղաքականության կոնցեպտի մեջ փոփոխությունների որոշակի քայլեր անում է, բայց այդ փոփոխությունները չեն բյուրեղանում, չեն կարծրանում, այսինքն՝ անհասկանալի է մնում, շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ, բայց և հայտարարում ենք, թե մեր ուղենիշը Եվրոպան է: Բարդ իրավիճակ է: Ցավոք սրտի, ինստիտուցիոնալ դաշտում անգործություն է, արտաքին քաղաքականության հայեցակարգը մնում է նույնը, ազգային անվտանգության հայեցակարգը նույն տրամաբանության մեջ է: Իսկ աշխարհը միայն հռետորաբանությամբ չի առաջնորդվում, կոնկրետ նայում են փաստաթղթերի ու գործողությունների: 

- Այսինքն՝ հիմա Հայաստանի իշխանությունների վճռականությունի՞ց է նաև կախված խնդրի լուծումը: 

- Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում պետք է տեղի ունենա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստ, դրան նախորդելու է ԱԳ նախարարների հանդիպում: Բրյուսելյան գործընթացին զուգահեռ, բնականաբար, ռուսները փորձում են իրենց գործընթացն առաջ տանել: Տեսանք, որ Ալիևը, պատճառ բռնելով Ֆրանսիայի հայկականամետ դիրքորոշումը և պահանջելով Թուրքիայի մասնակցությունն այդ բանակցություններին, հրաժարվեց Գրանադա գնալուց: Ի դեպ, նախորդած հանդիպումների ժամանակ Թուրքիայի մասնակցության պահանջ չէր եղել Ալիևի կողմից, ավելին՝ բրյուսելյան գործընթացի շրջանակում կայացած 5 հանդիպումներին էլ Ալիևը մասնակցել էր: 

Հիմա ես վստահ եմ, որ Ալիևը կգնա Բիշքեկ, բայց հարց է՝ կգնա՞ արդյոք Փաշինյանը: Կարծում եմ՝ կգնա, որովհետև Հայաստանի ոչ պետությունը, ոչ էլ ղեկավարությունը չունի այդքան քաղաքական կամք, որ փորձի բրյուսելյան գործընթացը հակադրել բիշքեկյան կամ ռուսական գործընթացին: Նմանատիպ մի փաստաթուղթ էլ, ըստ ամենայնի, այնտեղ կստորագրվի: Այդ երկու փաստաթղթերն էլ զիջումների մասով մեզ պարտադրվելու են, ես կասկած չունեմ:

Բանակցային այս գործընթացներում, ցավոք, Հայաստանի Հանրապետությունն օբյեկտ է, ոչ թե սուբյեկտ, այսինքն՝ բանակցությունների առարկան է, կողմերը մեզ գրավադրում են՝ որոշակի ապագայում դիվիդենտներ ստանալու համար, եթե այդ դիվիդենտները նրանց թվում են ավելի քիչ, քան այդ պահի ստանալիքը, հաստատ իմացեք, որ ստանալու են ներկա պահինը: Մենք բանակցային գործընթացի օբյեկտից պետք է փորձենք դառնալ սուբյեկտ, դա անելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է հստակ վերանայի իր արտաքին քաղաքական ու ազգային անվտանգության կոնցեպտները, ինչի ուղղությամբ ոչ մի  գործողություն ներկայումս չի արվում:  

Իմ պատկերացմամբ՝ հոկտեմբերի 13-ին ստորագրվելիք փաստաթուղթը, եթե մենք շարունակենք այս վարքագիծը, միանշանակ լինելու է ի վնաս մեզ: 


 

Добавить комментарий

From the author