ղց ա

Մեր խնդիրը ոչ թե սպառազինությունն է, այլ պաշտպանական մոդելը. խրամատային պատերազմի ժամանակներն ավարտվել են. Արա Պողոսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Արա Պողոսյանը: 

- Արցախում տեղի ունեցած ցավալի պատերազմը և Արցախի անկումն ինքնին վեր են հանում նոր պատերազմի պատրաստվելու, Հայաստանի զինված ուժերում օր առաջ փոփոխություններ իրականացնելու պահանջը: Ձեր սոցիալական ցանցերի գրառումներում Դուք էլ եք անդրադարձել այս խնդրին` նշելով, որ խրամատային պատերազմի ժամանակներն ավարտվել են, և աշխարհը նոր պատերազմական կանոններ է գծում։ Ըստ Ձեզ` ի՞նչ անելիքներ ունենք հետագա պատերազմներին պատրաստվելու տեսանկյունից:  

- Այստեղ հարկ եմ համարում նշել, որ խնդիրը կապված է նաև ռազմական դոկտրինի հետ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական վերատեսության չենթարկեց իր ռազմական դոկտրինը, որը այս կամ այն սկզբունքների տեղայնացման միջոցով շարունակեց մնալ ԽՍՀՄ պաշտպանական սկզբունքների տիրույթում։ Այնինչ մեր դեպքում ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ այդ կերպ 21-րդ դարում շարունակելու արդյունավետ պաշտպանական խնդիրներ լուծել։ Հատկապես խնդիրն ավելի հրատապ և տեսանելի է 2020 թվականից հետո, երբ փլուզվեց այն պաշտպանական ռազմավարությունը, որի կարևոր բաղադրիչն Արցախի Հանրապետությունն էր։ Իհարկե, դժվար է ասել, որ մինչև 2020 թվականը մենք ունեինք ռազմավարական խորություն, սակայն համեմատության մեջ կարելի էր համարել, որ ի հաշիվ Արցախի` մենք ունեինք ռազմավարական խորություն և կարող էինք էշելոնացված պաշտպանություն իրականացնել։ 

Ընդհանուր առմամբ էշելոնացված պաշտպանական դոկտրիններն արդյունավետ են մեծ տարածքներ ունեցող, այսինքն՝ ռազմավարական խորություն ունեցող երկրների համար, իսկ փոքր տարածք ունեցող երկրի համար ռեակտիվ պաշտպանական համակարգն ինքնին խոցելի է, և դա մենք տեսնում ենք գրեթե բոլոր ռազմական գործողությունների ժամանակ։ Այսինքն՝ որևէ վայրում ճեղքվում է պաշտպանական գիծը, և դա անկյունաքարային ազդեցություն է ունենում ռազմական գործողությունների կարճաժամկետ արդյունքի վրա։

Ուստի փոքր պետությունների համար առավել արդյունավետ է պրոակտիվ պաշտպանական համակարգը, որի հիմնական տարբերությունը կանխարգելիչ և զսպիչ քայլերի տրամաբանված հաջորդականությունն է։

Այժմ տեղի են ունենում պատերազմների վարման սկզբունքների էական փոփոխություններ։
Վերգետնյա ռազմական ենթակառուցվածքին փոխարինելու են գալիս ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքները, որոնք արդյունավետ են ժամանակակից գերճշգրիտ և հեռահար զինատեսակների, հետախուզական միջոցների, այդ թվում` արբանյակային հետախուզական միջոցների համար հնարավորինս անտեսանելի լինելու համար։

Հաջորդը ստորաբաժանումների ձևի, պատերազմական գործողություններին մասնակցելու փիլիսոփայության էական կերպափոխում է տեղի ունենում։ Այժմ առանձնահատուկ դեր են ստանում փոքր և մոբիլ հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնց պատրաստումը և պահելը բնականաբար շատ ավելի թանկ են, սակայն արդյունավետության տեսանկյունից շատ ավելի բարձր է ՕԳԳ-ն։

Պահեստային ուժերի պատրաստման, հավաքի և օգտագործման տեսանկյունից ևս էական փոփոխություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում։ 

Խրամատները գուցե արդյունավետ են խուլ պաշտպանության տեսանկյունից, բայց ցավոք, դարձյալ դրանք փոքր պետությունների համար արդյունավետ լինել չեն կարող։ Եթե հաշվի առնենք հատկապես մեր պետության աշխարհագրական դիրքը, անդրսահմանային վտանգները, թշնամական երկրների հետ ունեցած սահմանների երկարությունը, ապա այստեղ ևս տվյալ մոդելի մոդելավորումը ցույց կտա խրամատային պաշտպանական մարտավարության թերությունները։ Այս իմաստով ուսանելի է նաև իսրայելական վերջին գործողությունների տրամաբանությունը՝ պրոակտիվ ռազմական հակազդման գործողություններ։ 

- Տեսնո՞ւմ եք արդյոք անհրաժեշտություն փոխելու Հայաստանի Ազգային անվտանգության հայեցակարգը: Զինված ուժերում ինչպիսի՞ փոփոխությունների կարիք կա: 

- ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2019 թվականին, ցավոք հիմնավորապես կտրված է եղել, հիմա առավել ևս կտրված է իրական կյանքից։ Այն ավելի շուտ կարելի է բնորոշել որպես կենացային և քարոզչական փաստաթուղթ, քան Ազգային անվտանգության ռազմավարություն։ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է սահմանի պետության մարտահրավերները, ընդ որում` սահմանելով դրանց աստիճանները, պետք է սահմանի թշնամի և թշնամական երկրների հասկացությունը, զարգացման ուղղությունները և դրանց հասնելու փիլիսոփայությունը։ Միաժամանակ նշեմ, որ կարևոր է նաև հստակ արտաքին քաղաքականության նպատակների սահմանումը և դրանց հասնելու հնարավորություններն ու խոչընդոտները նախանշելը։ Հետևաբար ես իրավունք եմ ուզում ինձ վերապահել և ասել, որ ոչ թե փոխելու, այլ ընդունելու կարիք ունենք, քանի որ գործող փաստաթուղթն ամեն ինչ է, բացի ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունից։

Ինչպես արդեն նշեցի, կարծում եմ` անհրաժեշտություն է նոր իրավիճակներին և բուն հայկական պաշտպանական կարիքներին համապատասխան ռազմական դոկտրինի ընդունումը։ Սա պետք է արտացոլի նաև բանակային մոդելի փոփոխման գործընթացը, որը, ցավոք, գործող բանակի էվոլյուցիոն վերափոխման արդյունքում քիչ հավանական եմ համարում։ Ավելի շուտ հակված եմ գործող բանակին զուգահեռ նոր բանակի հիմնման տեսլականին, որը հնարավորություն կտա ունենալու պրոակտիվ ռազմական դոկտրինի վրա հիմնված նոր բանակային ուժեր` միաժամանակ պահպանելով գործող բանակի դրական կողմերը, դրանք աստիճանաբար ինտեգրել ընդհանուր պաշտպանական կառույցին։

- Ի՞նչ անելիքներ կան բանակի զինման տեսանկյունից: Երկար տարիներ Հայաստանը զենք է ձեռք բերել հիմնականում Ռուսաստանից, այսօր հայտարարություններ ենք լսում Ֆրանսիայի հետ հնարավոր համագործակցության, ինչպես նաև Հնդկաստանից  որոշ զինատեսակների ձեռքբերման մասին: 

- Ես կարծում եմ, որ այս պահին մեր ֆունդամենտալ խնդիրը ոչ թե սպառազինությունն է, այլ պաշտպանական մոդելը։ Եթե կարողանանք լուծել պաշտպանական մոդելի խնդիրը, բանակը բերելով ժամանակակից պահանջներին համապատասխան տեսքի, ապա սպառազինության խնդիրների լուծումը շատ ավելի հեշտ կլինի։ 

Խոսելով բանակների ժամանակակից պահանջների մասին` պետք է նշենք, որ հատկապես տարբերվում են տեխնոլոգիական բանակները, որոնց հիմնական հարվածային ուժը տեխնոլոգիական միջոցներն են, իսկ ստորաբաժանումները և ցամաքային գործողություններն ունեն հիմնականում տարածք մաքրելու, պատանդներ և գերիներ ազատելու, թիկունքային գործողություններ կատարելու, պատժիչ և այլ մարտավարական խնդիրներ լուծելու ֆունկցիա։ Դա, իմ կարծիքով, մեզ համար լավագույն մոդելը կլիներ` հաշվի առնելով մարդկային ռեսուրսների արտաքին հաղորդուղիների խնդիրը։

Հետևաբար սպառազինությունների ներկրման համար առաջին հերթին պետք է սահմանել, թե ի՞նչ բանակային մոդել է լինելու, և բանակն ինչպիսի՞ խնդիրներ է լուծելու, այդ միջոցները ինչպե՞ս և ի՞նչ ժամանակահատվածում է հնարավոր ինտեգրել ունեցած միջոցներին, դրանից կախված` ինչպիսի՞ արդյունավետության մակարդակ մենք կունենանք։ 

Իհարկե ողջունելի է սպառազինության ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացիան, սակայն այն ևս իր հերթին պետք է հիմնված լինի ոչ թե գների, այլ պաշտպանական կարիքների հստակ տրամաբանված ռազմավարության վրա։ Մասնավորապես հնդկական, ռուսական և ֆրանսիական ռազմական միջոցներն ինչպես են միմյանց փոխլրացնելու, ինչպիսի տրամաբանությամբ են կիրառվելու և այլն։ Սակայն պետք է նաև աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համապատկերում հասկանանք, թե, օրինակ, ֆրանսիական սպառազինության ինչ հնարավոր տեսակներ մեզ կվաճառվեն, և ո՞ր տեսակներն են, որոնք ռազմավարական զինատեսակներ են, և որոշակի հանգամանքներից ելնելով` մեզ չեն վաճառվի, նույնը հնդկական սպառազինության դեպքում։ Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մեր բանակաշինությունը հատկապես սպառազինության առումով պետք է հիմնված լինի տեխնոլոգիական բանակ կառուցելու ռազմավարական նպատակի վրա։ Միաժամանակ սպառողական պաշտպանական համակարգից պետք է կարողանանք աստիճանաբար հրաժարվել և ստեղծել նախ՝ ինքնաբավության ձգտող, ապա նաև արտահանող մոդել, որը հատկապես հիբրիդային պատերազմների տրամաբանությանը համապատասխան կարող է լուրջ իմիջային միջոց լինել` իր հերթին նպաստելով ռազմական առումով գործուն ֆակտոր դառնալուն։ 

- Մեր տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է, տեսնում ենք, որ տարբեր ուժային կենտրոններ են փորձում իրենց շահերն առաջ տանել: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Հայաստանն օբյեկտ է մեծ խաղում և հնարավորություն չունի ազդելու գործընթացների վրա: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը:  

- Պետությունները գլոբալ քաղաքականության օբյեկտ կամ սուբյեկտ դառնում են ո՛չ թե իրենց աշխարհագրական դիրքի, փոքր տարածքի կամ փոքր բնակչության պատճառով, այլ պետության կազմակերպման, պետական համակարգերի կառուցման, ներհասարակական փոխհարաբերությունների, ֆինանսական և տնտեսական համակարգի, անվտանգության համակարգ կառուցելու և իր համար հուսալի անվտանգային միջավայր գծելու, կենսական նպատակներ առաջադրելու և հետևողականորեն դրանց հասնելու և այլ կարողություններ ու կամք ունենալու կամ դրանց բացակայության արդյունքում։
Հետևաբար պետք է արձանագրենք, որ Հայաստանը ներկա վիճակում վարում է ռեակտիվ, նույնիսկ ես կասեի դեպրեսիվ արտաքին քաղաքականություն, որը չունի հստակ հայեցակարգային սկզբունքներ, երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ նպատակներ և դրանց հասնելու ռազմավարություն, հասարակություն-պետություն-սփյուռք կապի գործնական խզումը և տարասեռ քաղաքական վարքագիծը հանգեցրել են Հայաստանի կենսունակության նվազմանը, ինչն էլ իր հերթին նպաստել է, որպեսզի Հայաստանը բազմաթիվ իրավիճակներում հանդես գա որպես արտաքին հարաբերույթուններում ո՛չ թե լիիրավ քաղաքական սուբյեկտ, այլ կիսասուբյեկտ, նույնիսկ օբյեկտ։

Սրան նպաստում է նաև տարածաշրջանում խախտված ռազմական բալանսը, Հայաստանի վարած հախուռն և չտրամաբանված արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև պետական համակարգի և պետական ինստիտուտների դեֆորմացիան։

Իհարկե հնարավոր է ամեն ինչ փոխել, բայց կրկին հիմնական խնդիրը ժամանակակից պատերազմների փիլիսոփայությանն ու անվտանգային այլ մարտահրավերներին դիմադրունակ անվտանգային համակարգի կառուցումն է։ Իհարկե այստեղ առաջին հերթին բանակային մոդելն է, որի վրա էլ պետք է կառուցվի պաշտպանական ողջ մեխանիզմը։

 

Добавить комментарий

From the author