65

Ազգ-բանակ նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա իր տեղը և գործողությունը X պահին. Հայկ Դեմոյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Այն տարածաշրջանում, որտեղ մենք ենք գտնվում, ազգ-բանակ գաղափարը պետք է լինի պետական քաղաքականություն, հայեցակարգ, այլ ոչ նախընտրական գեղեցիկ ձևակերպում կամ խոսք: Այս կարծիքին է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը

Ըստ նրա՝ պետությունը պետք է ունենա հստակ հաշվարկ, թե տվյալ բնակավայրում յուրաքանչյուր քաղաքացի ինչ գործառույթով կարող է մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին: 

«Ի՞նչ է նշանակում ազգ-բանակ, աշխարհազոր, ռեզերվիստ. այս բառերից յուրաքանչյուրը գեղեցիկ է հնչում և գեղեցիկ պատկերացումներ ենթադրում: Սակայն, առաջին հերթին, քաղաքացին պետք է ունենա ինքնապաշտպանության մշակույթ: Այսինքն՝ անհատ քաղաքացուց սկսած մինչև պետություն պետք է լինի ինքնապաշտպանվելու մշակույթ: Պետության անվտանգությունն ապահովելու գործիքը զինված ուժերն են, չէ՞, հիմա որպեսզի պետության մեջ չստեղծվի քաոս, նույն զինված ուժերի կարևորագույն գործառույթներից մեկը պետք է լինի ռեզերվիստների ճիշտ հաշվառումը, ոչ թե սովետական «վոյենկոմատների» ու «պրիզիվների» ձևով, այլ յուրաքանչյուր անհատ պետք է հաշվառված լինի և ունենա իր գործառույթն արտակարգ իրավիճակի պայմանում՝ լինի դա բնածին աղետ, թե պատերազմական իրավիճակ»,- կարծում է պատմաբանը: 

Հայկ Դեմոյանը, ներկայացնելով ազգ-բանակ գաղափարի վերաբերյալ իր մոտեցումները, նշեց, որ քաղաքացին, անկախ սեռից, պետք է հստակ իմանա իր անելիքը մինչ X ժամի, մինչ ազդանշանի հնչելը, ապա նկատեց՝ շատերը թյուր կարծիք ունեն, որ այդ աշխարհազոր կոչվածը մարդիկ են, որոնք պետք է «կասկա-բրոնի ժիլետ -մահակ ու գոտի» հագնեն ու գնան հավաքակայան: Դա այդպես չէ:  
«Խոսքը մարդ միավորի մասին է, որն իր ունակությունների ծավալով մասնակցում է այդ գործողություններին: Այդ մարդկանցից ոմանք պետք է լինեն մատակարար, կապավոր, բուժսպասարկող անձնակազմ, վարորդ և այլն: Գերատեսչությունը, որ պետք է լծվի այդ գործին, ունենա հստակ ձևակերպված մոտեցումներ ու հայեցակարգ՝ կառավարելու այդ աշխարհազորը, զինված ուժերն է: Աշխարհազորը չի կարող առանձին գոյություն ունենալ: Այդպիսի ուժը ցանկացած պահի կարող է դառնալ անվերահսկելի, կարող է դառնալ գործիք քաղաքական շահարկումների համար: Այսինքն՝ բոլոր մարտահրավերներն ու վտանգները նույնպես պետք է հաշվառվեն: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա իր տեղը և գործողությունը X պահին»,- ասաց նա: 

Պատմաբանը վստահ է՝ պետք է ստեղծել նվազագույնը 50.000 լավ զինված, կազմակերպված ու կարգապահ պահեստազոր: 

«Իմ ասած 50 հազար թիվը, իհարկե, կարող է դառնալ և շատ ավելի, խնդիրը մենեջմենթի, կազմակերպման մեջ է: Աշխարհազորը ևս մեկ կարևոր սոսինձ է քաղաքացիական գիտակցության: Այստեղ թաղային հեղինակությունները չեն դառնում հեղինակություն, այստեղ լավ տղաների ինստիտուտը չի գործում, այստեղ գործում է քաղաքացիների՝ մեկ համակարգում լինելու գիտակցումը, դա չափազանց կարևոր է: 

Այս մշակույթը չկարողացան մարդկանց մեջ մտցնել, որովհետև չկար իրական հետաքրքրություն՝ ազգ-բանակը մշակելու և մշակումներով հանգրվանների հասցնելու, հասարակությանը նախապատրաստելու համար: Դրա համար մենք տեսնում էինք ցանկացած նոր սրացումների ժամանակ լավագույն դրսևորումը ազգ-բանակի արխետիպային գաղափարի. դա անվադողեր հավաքելն էր, ինչն ընդունվում էր որպես շատ կարևոր գործ: Կամ, ասենք, Օպերայում ցանց գործելը պարտիզանական մեթոդներով, որն ավելի շուտ թատերական բեմականացման էր նման: Այդ ամենը, իրականում, ցույց է տալիս մեր թուլությունը, ցույց է տալիս, որ պետական մակարդակով այս ամենը կազմակերպված չէ: 

Այստեղ մի սիմվոլիկ օրինակ ևս բերեմ: Պատերազմին զինվորները մեջքին սպիտակ խաչ էին անում՝ խաչի զորությանն ապավինելով, բայց երբևէ մտածե՞լ են ռացիոնալ ձևով, որ այդ սպիտակ խաչը զինվորի մեջքին դիպուկահարի ճիշտ թիրախավորումն է: Այստեղ է մեր սայթաքումների սիմվոլիկ դրսևորումը: Մենք շատ ենք տրվում հույզերին՝ չգիտակցելով դրանց վտանգը: Խաչ անելով՝ խաչի զորությանն ենք ապավինում, բայց հակառակորդի համար այդ խաչը թիրախ է: 

Դրա համար ենք ասում՝ ազգ-բանակ, այսինքն՝ մի ամբողջ պետություն կարող է մեկ ժամում դառնալ բանակ»,- ամփոփեց իր խոսքը մեր զրուցակիցը: 


 

Добавить комментарий

From the author