8697

Այս զորավարժություններով Ալիևը ցույց է տալիս, որ կտրվում է ռուսական և սովետական անցյալից ու նետվում Թուրքիայի «գիրկը». վերլուծաբան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը: 

- Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Բաքվում, Նախիջևանում ու Արցախում՝ զինտեխնիկա և մարդկային ռեսուրսներ կուտակելով այդ հատվածներում: Մյուս կողմից՝ այս պետությունները հայտարարում են իրենց ռազմական բյուջեներն էապես ավելացնելու մասին: Արդյո՞ք այս ամենը նոր պատերազմի նախապատրաստություն է․ վտանգ տեսնո՞ւմ եք: 

- Ես մեր սահմանների համար միշտ եմ տեսնում վտանգ, վերջին պատերազմից հետո այդ վտանգը չի մարել: Երբեմն ավելանում է, երբեմն՝ պակասում, սակայն միանշանակ է, որ Ալիև-Էրդողան զույգը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրենց նկրտումներից չի հրաժարվել:

Միանշանակ է նաև, որ տարածաշրջանը նման է եռացող կաթսայի, և առիթի դեպքում պետությունները պատրաստվում են նաև այլ զարգացումների: Մասնավորապես չգիտենք, թե Իսրայելում և Գազայի հատվածում զարգացող իրադարձությունները վերջնարդյունքում մեր տարածաշրջանում ինչ ազդեցություն կունենան: Եթե էսկալացիան ուժեղանա, բացառված չէ Իրանի միջամտությունն այնտեղ, իսկ այդ պարագայում բացառված չէ, որ Ադրբեջանը պլացդարմ դառնա Իրանին հարվածելու համար: Ես նաև այս լույսի տակ եմ դիտարկում թուրք-ադրբեջանական այդ զորավարժությունները:

Շատ մեղմ, գրեթե աննկատ, բայց որոշակի լարվածություն կա նաև Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում: Նրանք մեզնից մեր ունեցածը խլեցին, հիմա երկուսով պետք է որոշեն՝ ինչպես են դա բաժանելու: Ակնհայտ է, որ Բաքուն, օգտվելով Ռուսաստանի՝ Ուկրաինայում զբաղված լինելուց, Արցախում լուծեց իր խնդիրները, բայց դրանով հարվածի տակ դրեց Ռուսաստանի հեղինակությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում: 

Մյուս կողմից՝ պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք», այսինքն՝ դրանով Ալիևը ցույց է տալիս, որ կտրվում է ռուսական և սովետական անցյալից ու նետվում Թուրքիայի «գիրկը»: Պարզ է, որ դա դուր չի գալիս Ռուսաստանին: Ռուսաստանը խոցված է Արցախում կատարվածից, Բաքուն նրան խայտառակ արեց և հարվածեց նրա դիրքերին Հարավային Կովկասում: Այս ամենը դեռևս իր զարգացումները պետք է ունենա: 

- Եթե խոսենք Հայաստանի տեսանկյունից, իշխանությունները հայտարարում են խաղաղության օրակարգի մասին, որը, սակայն, թերահավատորեն է ընդունվում՝ հաշվի առնելով հակառակորդի վարած քաղաքականությունը: Եթե չկա խաղաղություն, այլընտրանքը պատերազմն է: Մենք պատրաստվո՞ւմ ենք պատերազմի: 

- Որոշակի քայլեր արվում են, մասնավորապես Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է զարգանում, բայց միաժամանակ նաև կազմակերպչական ու կառավարչական ոլորտում այնքան շատ են բացթողումները, այնքան մեծ է հասարակության հոգեբանական ապատիայի վիճակը, և այնքան մեծ է իշխանության ձգտումը՝ դա չուղղել՝ սեփական իշխանությունը պահպանելու համար, որ նույնիսկ դրական իրողությունները կորչում են այդ բացասական ֆոնին: Եթե կառավարման համակարգը թերի է, նույնիսկ լավագույն տեխնիկան կարող է մետաղի ջարդոնի վերածվել: 

Մենք երկրում կառավարման շատ լուրջ խնդիր ունենք ամենալայն իմաստով, այսինքն՝ և՛ համակարգերն առանձին վերցրած են վատ գործում, և՛ համակարգերն իրար հետ են վատ համագործակցում: Նման դեպքերում սովորաբար լավ կադրերն են իրավիճակը փրկում, բայց հիմա դա էլ չունենք: 

Դժվար է ասել՝ հաստատ պատերազմ կլինի, թե չէ, համենայն դեպս պատերազմի  կայուն վտանգը պահպանվում է, իսկ լինել-չլինելը մեծապես պայմանավորված է ոչ մեզանից կախված գործոններով: Նախկին զարգացումներին հիմա էլ գումարվել է Իսրայելի և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը: Մեր զարգացումները գալու են այնտեղից, ուղղակի վատն այն է, որ ռազմավարական նախաձեռնությունը մենք զիջել ենք թշնամուն, այսինքն՝ թշնամին է որոշում՝պատերազմ սկսի, թե չէ, և չի էլ մտածում՝պատերազմը կմարսի՞ արդյոք: 

- Արցախում իր նպատակներին հասնելուց հետո թշնամին սկսեց թմբկահարել «Զանգեզուրի միջանցքի» թեման, հիմա էլ դրան գումարվել է անկլավների խնդիրը: Ըստ Ձեզ՝ Հայաստանն ունի՞ հնարավորություն խուսափելու այդ հարցերում կորուստներից:  

- Անկլավների հարցը շատ բարդ է, բազմաշերտ՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից: Ինչու եմ շեշտում իրավականը, քանի որ դեռ պետք է հիմնավորվի դրանց պատկանելիությունն Ադրբեջանին: Այն, որ սովորական քարտեզներով տեսել ենք, դեռ ոչինչ չի նշանակում: 
Կարծում եմ՝ այդ խնդիրը կդիտարկվի սահմանազատման և սահմանագծման ժամանակ, իսկ քանի որ դա մոտ ապագայում չի լինի, այդ հարցն էլ առկախ կմնա, մինչև կողմերից մեկն ունենա էական փոփոխություն, որը մյուս կողմին կստիպի խնդիրը լուծել իր օգտին: 
 

 

Добавить комментарий

From the author