654654

Հայաստանի հետ սահմանը բացելով՝ ուրիշ հարցեր է լուծում Թուրքիան. սա «100 տարվա» քաղաքականություն է

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: 

- Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ընդհանրապես, հայ-թուրքական սահմանի բացումն ի՞նչ է նշանակում մեզ համար և ի՞նչ հետևանանքներ կարող է ունենալ: 

- Հայաստանի վարչապետն ինչ իշխանության է եկել, նրա ամեն մի քայլը երրորդ կողմերի համար է: Տեսեք, սահման է բացվում՝ ոչ հայերի համար, ոչ թուրքերի, այլ երրորդ կողմի: Հարց է առաջանում՝ լավ, այդ սահմանն ո՞ւմ է պետք, ո՞վ պետք է այդտեղով անցնի: Այս հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետև աշխարհում չկա ոչ մի պետություն ու ժողովուրդ, որ կարիքն ունի այդ սահմանով անցնելու, բացի մի ժողովրդից՝ ադրբեջանցիներց: 

Ոորիշ ի՞նչ երրորդ երկրներ կարող են լինել. Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը չեն կարող լինել, որովհետև շատ ավելի լավ ճանապարհներ ունեն Թուրքիայի հետ։ Սա ամենակարճ, ուղիղ ճանապարհը կարող է լինել Ադրբեջանի համար։ «Երրորդ երկիր» ասելով՝ ես այստեղ միայն Ադրբեջան եմ հասկանում։ Դա լավություն է ադրբեջանցիներին, որը ՀՀ վարչապետը ներկայացնում է որպես շատ կարևոր գործ: 

Նույն տրամաբանությամբ էլ ամեն ինչ տանում են նրան, որ թուրքերին ու ադրբեջանցիներին ոչ թե թշնամի կոչենք, այլ հարևան, հայտարարում են, որ մենք գազ պետք է առնենք, առևտուր անենք: Այդ ամբողջը միայն թշնամիներին լավություն անել է, ոչ այլ ինչ:

- Գիտենք, թե տարիներ շարունակ Թուրքիան ինչ պահանջներ է ներկայացրել Հայաստանի հետ սահմանի բացման համար: Այսօր, եթե կողմերը գնում են այդ ուղղությամբ, նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը կատարել է բոլոր պահանջները: 

- Թուրքիան հիմնականում երեք պահանջ ուներ Հայաստանից: Դրանցից մեկն Արցախն էր, որը հանձնվեց թշնամիներին: Այստեղ, իհարկե, հետաքրքիր է, որ այն կառույցները, որ պետք է այդ խնդրով զբաղվեն, ասենք՝ դատախազությունը, բանակը, քար լռություն են պահպանում:  
Հիմնական գեներալներին, զորավարներին նախորդ տարիներին հետ քաշեցին, հիմա մի քանիսը նույնիսկ անազատության մեջ են: Գեներալներից մի քանիսը Երևանի բանտերում են, մի քանիսը՝ Բաքվի, սա շատ հատկանշական է: 

- Դուք հետևում եք Թուրքիայի ներքին զարգացումներին: Արդյո՞ք Թուրքիայում օրակարգային է Հայաստանի հետ սահմանի բացումը:

- Թուրքիան այն պետությունն է, որը կարճաժամկետ քաղաքականություն չի վարում, այլ, այսպես ասած, «100 տարվա» քաղաքականություն է վարում, վաղվա մասին է մտածում: Հայաստանի հետ սահմանը բացելով՝ ուրիշ հարցեր է լուծում Թուրքիան: Այո՛, թուրքերը չեն օգտվելու այդ սահմանից, այո՛, հայերն էլ չեն օգտվելու: 

Նույնն է նաև Արցախի պարագայում: Այսօր, որ Արցախը գրավել են, ադրբեջանցիներն էլ դրանից չեն օգտվում, այնտեղ մարդ չկա, նրանք այլ խնդիրներ են ուզում լուծել: Նրանք ռազմական հեռու գնացող նպատակներ ունեն, «Թուրանի» ծրագիր ունեն: «Թուրանը» 100 տարի առաջվա ծրագիր է, որն այսօր ուզում են իրագործել, և այդ ուղղությամբ են աշխատում: 

Իսկ դրա համար պետք է առաջին հերթին Հայաստանին թուլացնեն, ինչը արել և անում են: Երկրորդ՝ փորձելու են Ադրբեջանն ու Թուրքիան իրար միացնել, ինչին ևս միակ խանգարողը Հայաստանն է, դա թուրքերն էլ են ասում: Այդ միջանցքը ստանալու դեպքում ճանապարհ է բացվելու Թուրքիայից մինչև Չինաստանի սահմանը: Այո, դրանով արդեն առաջին քայլը դրված կլինի մեծ «Թուրանի», որը նաև արևմտյան ծրագրի մեջ է մտնում: Դրա համար էլ Արևմուտքն օգնում է Թուրքիային այս ծրագիրն իրագործել: Այն, որ շատերն ասում են, թե Թուրքիան Ամերիկայի կամ Եվրոպայի հետ ինչ-որ խնդիրներ ունի, դրանք բոլորը ձևական են, ընդհակառակը, Թուրքիան թե՛ իր գործն է առաջ տանում և թե՛ Արևմուտքի:

Տեսեք, նրանք քայլ առ քայլ են առաջ գնում, Արցախի հարցը, այսպես ասած, լուծեցին, հիմա արդեն հերթը հասել է Սյունիքին, անպայման ուզում են մի մաս պոկել: Հայաստանի իշխանություններն էլ նպաստում են այդ ծրագրերի իրականացմանը: 

Իրենք հիմա մտածում են՝ սահմանային կետը շուտով կբացեն, Մարգարայի կամուրջը կբացեն, և ադրբեջանցիներն այնտեղով կգնան-կգան, հետո կասեն՝ սա չի հերիքում, երկաթգիծը կբացեն, ու մի օր էլ կտեսնենք, որ այդ ճանապարհը կվերածվի միջանցքի, որը մեր հսկողության տակ չի լինի: 

- Եթե Հայաստանն ու Թուրքիան սահմանների բացման օրակարգն առաջ տանեն, նշանակո՞ւմ է, որ ինչ-որ պահի առաջ կգա ռուս սահմանապահներից հրաժարվելու հարցը: 

- Իհարկե: Սակայն դա արդեն ավելի կոմպլեքս խնդիր է, քանի որ պարզապես ասելով չի լինի, տարբեր պայմանագրեր կան: Եթե նույնիսկ այդ գործընթացն այսօր սկսեն, մի քանի տարի կտևի:

 

Добавить комментарий

From the author