7845613

Թուրքիան և Ադրբեջանը մանևրում են. Հայաստան ներխուժման վտանգն իրական է. քաղաքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Արա Պողոսյանը: 

- Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել` նշելով, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման վտանգ կա: Որքանո՞վ եք իրատեսական համարում թշնամու ներխուժումը ՀՀ տարածք` հաշվի առնելով ներքին և արտաքին զարգացումները: 

- Ես կարծում եմ` այդ վտանգն իրական է` անկախ այն հանգամանքից, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հավաստիացնել, թե իրենց համար այլևս ակտուալ չէ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», դրա փոխարեն դիտարկում են Իրանի տարածքով անցնող ճանապարհի հարցը: Ես կարծում եմ` դա ավելի շուտ ժամանակ շահելու և ուշադրություն շեղելու համար է ասվում: 
Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ռազմավարական նպատակներից չեն հրաժարվել, իսկ այդ նպատակը հենց միջանցք ստանալն է։ Թուրքիայում բավական ակտիվ քննարկում են այդ հարցը, և պատահական չէ, որ թուրքական ուժային կառույցների ղեկավարները հաճախ իրենց ելույթներում նաև տեղ են հատկացնում այսպես ասած միջանցքի թեմային: Սա վկայում է, որ Հայաստանին և միջազգային հանրությանը կերակրում են սին պատրանքներով, որ իրենք հրաժարվել են այդ ծրագրից, և դա իրենց համար այլևս կենսունակ չէ: Դա ընդամենը մանևր է` կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարի համար:

Ինչ վերաբերում է հավանական ռազմական գործողություններին, ես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնեմ` հնարավոր չէ գործնականում խաղաղություն այնպիսի իրավիճակում, ինչպիսին Հայաստանում և Ադրբեջանում է: Նկատի ունեմ հենց ռազմական հավասարակշռության էական խախտումը` հօգուտ Ադրբեջանի, որի պայմաններում Ադրբեջանը, մշտապես հույսը դնելով իր ռազմական գերազանցության վրա, փորձելու է նոր պահանջներ ներկայացնել և լուծել իր համար ռազմավարական նշանակության խնդիր երկարատև ժամանակահատվածի համար: Իսկ դա նշանակում է, որ այն ծրագրերը, որ ունի հատկապես Թուրքիան տարածաշրջանի և ընդհանրապես եվրասիական տարածության առումով, իրենց համար երկարատև ռազմավարության մաս են, և այդ ռազմավարության մեջ իր տեղն ունի նաև Հայաստանի տարածքով հնարավոր անցնելիք ճանապարհը: Ըստ այդ ծրագրի` ճանապարհը պետք է միավորի Թուրքիան թուրքական այլ պետությունների հետ ոչ միայն ցամաքային, այլև խողովակաշարային և այլ ենթակառուցվածքների ձևով, որը պետք է լինի իրենց համար ապահով և անվտանգ այն իմաստով, որ վերահսկողության չի ենթարկվի երրորդ երկրների միջոցով: 
Բնականաբար, սրան հասնելու համար նրանք փորձելու են առաջին հերթին խաղարկել ռազմական սցենարը` որևէ միջադեպ ստեղծելով և այդ միջադեպը զարգացնելու միջոցով: 

- Այդ դեպքում խաղաղության օրակարգի վերաբերյալ երկու կողմերից հնչող հայտարարություններն արդյո՞ք հակառակ գործառույթ չեն իրականացնում` թմրեցնելով հասարակությանը:

 - Երբ խաղաղության մասին սկսում են շատ և բարձր խոսել, դրանից պետք է վախենալ, որովհետև եթե մենք դիտարկենք և' Առաջին համաշխարհային պատերազմի, և' Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեն, կտեսնենք, որ մշտապես խոսվում էր անվտանգության և խաղաղության մասին: Հիշենք Խորհրդային միության և Գերմանիայի միջև կնքված պայմանագիրը` համագործակցության և չհարձակվելու մասին, թե քանի ամիս տևեց այդ համագործակցությունը, և քանի ամիս հետո Գերմանիան հարձակվեց Սովետական միության վրա, այնինչ մինչ այդ հարձակումը նրանք ամենաշատն էին խոսում համագործակցության ու խաղաղության մասին:

Հատկապես մեր պարագայում, երբ Հայաստանից և Բաքվից հնչում են խաղաղության մասին խոսքեր, դրանից պետք է վախենալ, և առաջին հերթին դա գնահատել որպես մանևր` ինչ-որ նոր գործողություններից առաջ: 

Գուցե Հայաստանի իշխանությունները հավատում են այդ սցենարին, թե կարող է լինել խաղաղություն, և դրանից ելնելով` փորձում են իրենց ամբողջ խոսույթը և պետության զարգացման ռազմավարությունը կառուցել, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» տրամաբանությամբ, այն պարագայում, երբ այդ դարաշրջանը տևական ժամանակ վրա չի հասնելու, և ընդհակառակը` ամբողջ տարածաշրջանը խառնված է լինելու տարբեր կոնֆլիկտների մեջ:

- Ենթադրենք` Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն ռազմական ճանապարհով իրագործել իրենց ծրագրերը Հայաստանում, ըստ Ձեզ` կզսպվե՞ն նրանց գործողություններն արտաքին ուժերի կողմից, թե՞ հերթական անգամ մենք միայնակ ենք մնալու մեր կռվի մեջ:

- Եթե նկատի ունեք իրական զսպում, կարծում եմ` իրական զսպման ակնկալիք երրորդ երկրների կողմից, հատկապես արտատարածաշրջանային, մենք չենք կարող հույս ունենալ: Տարածաշրջանում այս պահին մեզ համար շահակից պետություն է միայն Իրանը, որի հետ մեր շահերն այս հարցում համընկնում են: Սակայն այստեղ էլ պետք է նկատի ունենալ, որ դա չի կարող լինել երկարատև, քանի դեռ Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան քաղաքականություն չի տարվում: Այսինքն` բաց թողնված հնարավորությունները, ինչպես նաև որոշակի սադրիչ քայլերն առիթ են տալու մեր թշնամիներին պայմանավորվել նաև Իրանի հետ, ինչը ցավոք սրտի եմ ես շեշտում: 

Իմիջիայլոց, Իրանը նաև զորավարժություններ է սկսել, ինչը, կարծում եմ, ոչ միայն կապված  է Գազայի հատվածի իրադարձությունների հետ, այլև մեր տարածաշրջանի: Այստեղ մենք պետք է արդեն իսկ կատարեինք եզրակացություններ և փորձեինք Իրանի հետ գոնե ռազմական որոշակի համագործակցություն զարգացնել այնքանով, որքանով թույլ կտային ժամանակը, հնարավորություններն ու արտաքին միջավայրը: Ցավոք, մեր կողմից կանխարգելիչ քայլեր ես չեմ նկատում: Կանխարգելիչ քայլերը հայտարարությունները չեն, ինքնամոռաց խաղաղության դարաշրջանին տրվելը չէ, այլ թշնամու գործողություններին առնվազն համապատասխան գործողություններ ձեռնարկելն է, ինչը, ցավոք սրտի, չեմ տեսնում: Իմ պատկերացրած պետական ռազմավարությունը, համենայն դեպս, պետք է լիներ հակակշռման, զսպման մեխանիզմների գործուն կիրառումը, որը չկա: 

- 2020 թվականի պատերազմից հետո տեսանք, որ մի շարք պետություններ, ինչպես Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Սյունիքում փորձում են ներկայություն ապահովել` բացելով հյուպատոսարաններ: ԱՄՆ դեսպանն էլ շատ հաճախ այցեր է ունենում Հայաստանի հարավային սահման և հայտարարություններ հնչեցում: Արդյոք վերոնշյալն ինչ-որ առումով զսպող մեխանիզմ չէ՞ Ադրբեջանի համար: 

- Նախքան հասկանալը, թե դրանք ինչպիսի գործիքներ են զսպման համար, պետք է վերլուծենք մեր թշնամիների գործողությունները, թե ինչպիսի բնույթ ունեն դրանք, ինչ տրամաբանությամբ են զարգանում: Պետք է արձանագրել, որ իրենց մարտավարությունն այս մասով հանգում է նրան, որ կարճատև գործողությունների միջոցով ստանան հաջողություն և կանգնեցնեն կատարված փաստի առաջ, ինչից հետո միայն սկսեն խոսելու, օրակարգ զարգացնելու միջոցով ժամանակ ձգել: Թե' ԱՄՆ-ի և թե' արևմտյան այլ պետությունների խոսույթը հաշվի առնելով` պետք  է հասկանանք, որ դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ Ադրբեջանի գործողությունների վրա, ինչպես մինչ այժմ չեն ունենցել: Հաճախ է հնչում դրույթը, թե այս իրավիճակում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն  արդյունավետ չի կարող լինել, սա ևս հուշում է, որ նրանք պատաստ չեն նման գործողությունների: 

Տեսեք, պատժամիջոցներն ինքնին կարող էին զսպման մեխանիզմ լինել, բայց քանի դեռ կան տնտեսական, քաղաքական և հարակից այլ շահեր, կարծում եմ` այդ գործիքը չեն կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ինչը և Ադրբեջանին հնարավորություն է տալիս տարբեր մանևրերի միջոցով հասնելու իր նպատակներին: 

- Արդյո՞ք մենք ինչ-որ կերպ պատրաստվում ենք դիմակայել այդ ամենին: 

- Ես կարծում եմ` եթե պետությունը փորձեր դիմակայել, մենք պետք է որոշակի գործողությունների միջոցով առնվազն զգայինք, որ պատրաստվում ենք դիմադրության: Դիմադրությունը նախ հոգեբանական մակարդակում է ձևավորվում: Ադրբեջանն ի՞նչ է անում. իր հանրության շրջանում նախ կատարում է աշխատանք` բարձրացնելու նրանց մարտական ոգին և մղելու պայքարի, որից հետո նոր զարգացնում է գործողությունն օրինականացնելու գործընթաց: Մենք արդյո՞ք աշխատանք կատարում ենք մեր հանրության հետ: Պատերազմների թերևս ամենակարևոր բաղադրիչներից մեկը հենց հոգեբանական ասպեկտն է: Իմ կարծիքով` մենք հասարակությանը ոչ թե դիմադրության ենք պատրաստում, այլ խաղաղության…

- Ինչը պարտությո՞ւն է ենթադրում:

- Ինչը ոչ միայն պարտություն է ենթադրում, այլև խայտառակություն: 

 

Добавить комментарий

From the author