8749

Մենք թույլ տվեցինք, որ մեր միջի վեհերոտն ու մորթապաշտը տնօրինի մեր ընթացքը. Խաչիկ Մանուկյան  

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: 

- Ցավով եմ հարցազրույցը սկսում այս խոսքերով, բայց մենք կորցրինք Արցախը: Այն Արցախը, որի ազատագրման համար երեք տասնամյակ առաջ կռվի ելավ մի ամբողջ լուսավոր սերունդ: Մեկ այլ լուսավոր սերունդ էլ իր արյան գնով փորձեց պահպանել մեր հայրենիքը 2020 թվականին և դրանից հետո: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հասանք նման ցավալի պարտության, ի՞նչ պետք է աներ ամեն հայ, որ չի արել: 

- Դառնորեն կրելու ենք այս ցավոտ էջը մեր գալիք դարերում նույնպես: Սա խարան է, որը մեզ շարունակաբար հիշեցնելու է մեր անմիաբանության, դավաճանների հանդեպ ներողամտության, ազգային արժեքները հեշտորեն շրջանցելու, արմատներից հեռանալու և, ի վերջո, Հայրենիքը որպես գերագույն արժեք չընկալելու մասին: Մենք թույլ տվեցինք, որ մեր միջի վեհերոտն ու մորթապաշտը, մեր էպոսի Ցռան Վերգոյի շառավիղը մեր բախտն ու ընթացքը տնօրինի: Մենք հանդուրժեցինք ազգադավ գոյանքների, բազմաթիվ լրտեսախմբերի ներկայությունը մեզանում: Եվ հիմա էլ՝ այս դաժան փորձություններից հետո, ականջալուր չենք մեր հերոսներին, նրանց աննահանջ ընթացքը պայմանավորող հաղթականությանը: Ամեն հայ իր ինքնության կրողը պետք է լինի և իր ազգի ու երկրի ազատության համար պատրաստ լինի ամեն զոհողության:

- Այսօր թշնամին ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել մեր ժողովրդի վրա, քարոզչական տարբեր գործիքներ է կիրառում՝ ցավեցնելու և նսեմացնելու հայերին, մյուս կողմից էլ՝ առկախ է պատերազմի վտանգը: Հայրենիքի և պետականության կորստից խուսափելու համար ո՞րը պետք է լինի մեր անելիքը: 

- Պատերազմում են հաղթելու համար, բայց մեզ հաղթել են՝ իրենց շահերը սպասարկող կառավարություն ձևավորելով մեզանում: Մեզ արդեն նսեմացրել են՝ Նժդեհին ֆաշիստ անվանելով և Նժդեհի երկրում նախարարի պաշտոն զբաղեցնելով, Հայոց Վեհափառին մեքենայից բռնի իջեցնելով և այդ սորոսազանգվածով տարբեր պաշտոնների արժանանալով, ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ կարող էինք այս նույն վիճակն ունենալ առանց զոհերի, հայ մարդու թևերը ոլորելով՝ թքում են երեսին, իրենց իսկ խոսքով՝ ինչ ուզեն, կարող են թափ տալ գլխավոր ամբիոնից: Այսպես անսպառորեն կարող ենք թվել այս գոյանքների ապազգային ու անմարդկային նկարագիրը վկայող արարմունքները: Օր առաջ պետք է հնար գտնենք՝ ազատվելու այս ազգակործան պատուհասներից, որոնց կատարած դարակազմիկ ոճիրը դեռ ճիշտ գնահատականը կստանա՝ և՛ իրավաբանորեն, և՛ բարոյապես:

- Այսօրվա օրակարգը «խաղաղության դարաշրջանն է», որը, սակայն, նույն պահին կորցնում է իր իմաստը, երբ թշնամին հայտարարում է իրենց «պատմական հողեր» վերադառնալու մասին: Ի՞նչ գործընթաց է սա, և ինչի՞ սպասել: 

- Միշտ եմ ասել, որ այսօր մեզանում պետության ղեկավար հանդիսացողները ստի կայսրությունը կերտող շառլատաններ են, որոնք, զոհողություններ և նվիրումներ պահանջող մեր ժամանակներում շարունակաբար պարգևատրվելով և ճշմարիտ տոները կեղծ տոներով փոխարինելով, մեր զավակների արյամբ գավեր զարկելով, ձևավորում են սպառողների հասարակություն, որի համար անասնական բնազդներն իշխելու են մարդկային բոլոր զգացումներին: Այս ստակոլոլ գոյանքներից որևէ առողջ բան սպասել չեմ կարող: Սրանք մեր արժեհամակարգից դուրս պատեհապաշտներ են, որի նմանակը չի եղել մեր ողջ պատմության մեջ:

- Այսօր խոսում են բոլորը, մեդիան և սոցցանցերը լի են վերլուծություններով ու գնահատականներով, բայց մտավորական, առաջնորդող խոսք, կարելի է ասել, չկա: Ի՞նչն է խնդիրը:

- Այդ վերլուծությունների մեծ մասն այսպահական բնույթ է կրում: Դրանց ավելի ճիշտ կլինի անվանել քարոզիչներ: Սրա-նրա առջևից ծնծղաներ տանող այդ պնակալեզները կոչված են ծառայելու իրենց տերերին, իսկ ճշմարտությունը դրանց համար արժեք չունի, կարևորը վարձողներին գոհացնելն է: Ելք առայժմ չի կարող լինել, որովհետև միասնության մղվելու փոխարեն մենք շարունակ տրոհվում ենք:

- Որպես ամփոփում՝ կցանկանայինք լսել Ձեր ուղերձը մեր հայրենակիցներին: 

- Շատ կուզեի, որ դաժան փորձություններով լի մեր ժամանակներում կարողանայինք չկորցնել մեր ինքնությունը, մեր միջի վեհերոտին ու տականքին թույլ չտայինք իշխել ազնվազարմ քաջերին, վերջապես, պատերազմաշունչ մեր ժամանակներում այլևս երբեք ոչխարին առյուծների առաջնորդ չկարգենք և, որ ամենակարևորն է, ամեն կերպ կերտենք մեր միասնականությունն ազգային արժեքների շուրջը, ինչն էլ հենց մեր հաղթանակների գրավականը կդառնա: Ասել եմ և հիմա էլ կրկնեմ՝ ես աննահանջ հերոս Վաչագան Մանուկյանի ու բոլոր մարտնչած քաջերի զինվորն եմ և ամեն գնով փորձելու եմ փրկել իրենց կործանվող Հայրենիքը:

 

Добавить комментарий

From the author