31654

Սա ինքնասպանություն է. թշնամին ասում է՝ քո երկրի կեսն իմն է, ու ոչ մի լուրջ հակադարձում չկա. Գուրգեն Խանջյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է արձակագիր, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանը:

- Արցախի անկումից հետո Հայաստանի ղեկավարները թմբկահարում են «խաղաղության» իրենց դրույթը, որը նույն պահին իսկ կորցնում է իր իմաստը, երբ թշնամին հայտարարում է  «պատմական հողեր» վերադառնալու ծրագրերի մասին: Ի՞նչ գործընթաց է սա, և ինչի՞ սպասել:

- Մի քիչ հեռվից սկսեմ: Պատերազմում պարտվելուց հետո թվում էր` այլընտրանք չկա, իշխանությունները պետք է հեռանան: Սա աքսիոմա է՝ պատմությամբ հաստատված, որ պարտված իշխանությունը չի կարող հաղթանակի բերել: Բայց արի ու տես, որ այս մարդիկ իշխանությունն ավելի են սիրում, քան իրենց հայրենիքը: Արդյունքում պարտությունների շղթան շարունակվեց ու կանգ չի առնում, արդյունքում մեր երկրի ահագին տարածք այժմ թշնամու զորքերն են տնօրինում, մտել են` դուրս չեն գալիս, դուրս հանող չկա: Խաղաղության գնալու համար նախևառաջ պետք է, որ մեր տարածքներից դուրս գան, մեր գերիներին վերադարձնեն, սակայն սրա մասին ոչ մի խոսք, ասես մոռացված հարցեր են:

Արցախը… Որ մի քիչ խորն ես մտածում, սարսափը պատում է. 3000 տարուց ավելի հայերի երկիրն եղել է, հերոսաբար պահել են, պաշտպանել`  պարսիկների, արաբների, սելջուկների, թաթարների արշավանքներից, նույնիսկ ոմանց տիրապետության տակ լինելով` էլի միշտ պայքարել են, կարողացել են պահել իրենց ինքնությունը, իրենց հողն ու մշակույթը… Ու հանկարծ` Արցախը չկա, հանձնել ենք:

Ես չեմ ընտրել այս իշխանություններին, բայց պատմությունը չի հարցնելու՝ ես ընտրել եմ, չեմ ընտրել: Որպես էս ժամանակի հայ մարդուց՝ պատմությունն ինձնից էլ է հարցնելու՝ էդ ո՞նց դավաճանեցիք, էդ ի՞նչ արիք, ո՞նց զիջեցիք, այ ձեր էն…

- Այսօր ո՞ւր ենք շարժվում: Արդյո՞ք ընդամենը 30-35 տարի առաջ սխրանքներ գործած ազգը այսօր չունի կամք՝ պահելու իր հայրենիքը:

- Այսօր հասել ենք արդեն կործանման եզրին, իսկապես կործանման եզրին, բայց մարդիկ ինչ-որ փառատոններից են խոսում, ինչ-որ ճանապարհներից, ասֆալտից… Երկիրդ կործանվում է, հիմա ի՞նչ կարևոր է՝ դու որ ասֆալտով կկործանվես, որ երգչին լսելով կկործանվես, որ գինու փառատոնում կկործանվես: Սա մեծագույն անլրջությունն է, կամ էլ ծրագրված թշնամություն իշխանությունների կողմից: Ցավն այն է, որ ժողովուրդը լուռ է: Չհասկանալ չի կարող, բայց տեղից չի ելնում: Երևի հանձնվել է, ինքնասպանության պատրաստ է այս ժողովուրդը: Իսկ որ սա ինքնասպանության ճանապարհն է, ցանկացած տրամաբանող մարդ կհասկանա:

Թշնամին քեզ ասում է՝ քո երկրի կեսն իմն է, ու ոչ մի լուրջ հակադարձում դրան ես չեմ լսել: Մեր վայ առաջնորդները վախենում են նրանց հակադարձել: Լիճ են ուզում` տալիս են, սար են ուզում` տալիս են, ճանապարհ են ուզում` տալիս են, գյուղ են ուզում՝ արի, 8 գյուղ քեզ, ուզում են մեր երկրում 100 հազար թուրք բնակեցնեն՝ բեր, բնակեցրու: Այսինքն՝ 90-ականների մեր բոլոր ձեռքբերումները զրոյացրեցին կարճ ժամանակում: Հասկանալի չէ՞ միթե, որ մեր պես երկրի համար հնարավորինս մոնոէթնիկ ժողովրդագրությունը անվտանգություն է, փրկություն, այստեղ բերել, բնակեցնել թուրքերին` ահավոր անհեռատեսություն է, եթե ոչ` մտածված թշնամություն, հատկապես` որ նրանք հստակ հակահայ ծրագրով են գալու, դա մեր վերջը կարող է լինել` գուցե 50 տարում, գուցե` 100, գուցե շատ ավելի շուտ` հենց առիթ ընձեռնվի... Իսկ իշխանությունները սրան ոչ չեն ասում, ոչ ասելու համարձակություն չունեն... Ընկել` բարեկամ ենք փնտրում աշխարհով մեկ, չկա, կարևորություն չունենք, ամորֆ ենք, զիջող, տվող, էսպիսի բարեկամ ոչ ոքի պետք չի… Օդից կախված փուչիկ լինենք կարծես, ով որ կողմ փչի` էն կողմ էլ  թեքվում ենք, պայթելուն մոտ ենք արդեն:

-Ասում են՝ մեր օրակարգը խաղաղությունն է…

- Հիմա խոսել ինչ-որ խաղաղության խաչմերուկի, խաղաղության դարաշրջանի մասին, ծիծաղելի է, զավեշտ: Սողեսող ընկել` խաղաղություն ենք մուրում... Կողքից մեզ վրա հաստատ ծիծաղում են: Ճիշտ է, լուրջ դեմքերով լսում են, բայց բոլորի համար էլ պարզ է ինչն ինչոց է: Ընդամենը փրփուրներին ձեռք գցելու և ժամանակ շահելու միջոց է: Ի՞նչ դարաշրջան, ի՞նչ խաչմերուկ, եղբայր, թշնամին երկրիդ կեսն ա ուզում: Ո՞ւմ ես խաբում, դրսի՞ն, մե՞զ:

Գնացին էն ազգասեր, հայրենանվեր, անձնազոհ, հերոս տղերքը, էն որ մեր «չսիրած» սովետում էին դաստիարակվել ու թրծվել, անցավ հերոսների ժամանակը, ասպարեզում հայտնվեցին հարմարվող, վախվորած, անհայրենիք, զիջող, հանձնվող  առաջնորդներ (ծիծաղելի է առաջնորդ ասել, ամոթալի, բայց իրականությունն է)... Ցավալի է, չենք կարողանում մեր անկախությունը տնօրինել, կարգին պինդ երկիր կառուցել:

Չգիտեմ, սրա վերջն ինչ է լինելու, շատ դաժան վիճակ է, թուրքերին սպասարկու ազգ դառնալու ճանապարհին ենք, մեր իշխանությունները կարծես թե էս հանձնվողական, հարմարվողական ծրագրով են տանում մեզ: Իսկ ժողովուրդը լուռ է, ասես համաձայն է սրան, ասես հիպնոսացրել են ժողովրդին... Երևի ստախոսության, մանիպուլյացիաների, պոպուլիզմի ուժը շատ մեծ է` եթե հմուտ տեխնոլոգիաներով ես հրամցնում...

Սթափվենք, ժամանակ չկա, մի քիչ էլ` ու էլ չենք կարողանա ոտքի կանգնել...

 

Добавить комментарий

From the author