534

Ինչ էլ ստորագրվի, չի լինելու վերջնական խաղաղություն. միակ տարբերակը ռազմական հավասարակշռության վերականգնումն է. Ղևոնդյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

- Հայաստանի իշխանությունը հույս է հայտնում, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ կարող է կնքել խաղաղության պայմանագիր: Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր պահանջներից և ամեն առիթով կոչ է անում Հայաստանին «բաց չթողնել պատմական հնարավորությունը» խաղաղության հասնելու համար: Այս պայմաններում որքանո՞վ  է հավանական նման փաստաթղթի ստորագրումը: 

- Այս պահին խնդիրը ոչ թե այն է՝ կստորագրվի՞ համաձայնություն, թե՞ ոչ, այլ՝ որտեղ դա կստորագրվի, որովհետև բավական սուր մրցակցություն կա ուժային կենտրոնների միջև, ընդ որում՝ «ստորագրման տեղը»  մեծ նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի համար առանձին-առանձին, որովհետև ինչ-որ մի տարածությունում մի փոքր շատ շահեր Հայաստանն է կարողանում իրացնել, մեկ այլ տարածությունում՝ Ադրբեջանը: Դա նշանակում է, որ ինչ էլ ստորագրվի, չի լինելու վերջնական խաղաղություն, նույնիսկ չի լինելու ճանապարհային քարտեզ կամ միջանկյալ իրավիճակ, այլ լինելու է նախնական մտադրությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն կամ նման մի բան, որն իրականում այսօր պետք է առաջին հերթին ուժային կենտրոններին՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի տեղի են ունենալու ընտրություններ և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում: Նման փաստաթղթի ստորագրումը կարող է բավական լուրջ հաղթաթուղթ լինել տվյալ պետությունում: Գիտեք՝ Ռուսաստանում դա ինչպես է տեղի ունենում, ավելի շատ ԱՄՆ-ի համար կարող է հաղթաթուղթ լինել գործող վարչակազմի՝ ևս մեկ անգամ իշխանության գալու հարցում: 

- Այդ կենտրոնների և նրանց շահերի խաչմերուկում Հայաստանն ունի՞ մանևրելու հնարավորություն, թե՞, այնուամենայնիվ, պետք է ընտրություն կատարի: 

- Մանևրելն այս դեպքում հենց ընտրություն կատարելն է, դա ոչ թե վերջնական ընտրություն է, այլ հնարավորություններ և՛ մի կողմից, և՛ մյուս կողմից: Ինչպես նշեցի, կողմերից որևէ մեկը մի տարածությունում ավելին է ստանում, մյուս տարածությունում՝ ավելի քիչ: Եվ բնական է, որ յուրաքանչյուրը փորձում է գնալ այն կողմը, որտեղ ավելի շատ կարող է ստանալ: 

Հայաստանի համար բավական բարդ իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ Ռուսաստանը դեռ մինչև հիմա Հայաստանի անվտանգության ահռելի բաժնի ապահովողն է, և այդ բաժինը չի սկսվում ու չի ավարտվում միայն ռազմական ներկայությամբ: Օրինակ՝ տնտեսական առումով Ռուսաստանն ավելի է խորացրել իր ծածկույթը Հայաստանում, այսինքն՝ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, ինչը որոշակիորեն Հայաստանի այդ մանևրելու հնարավորությունը նվազեցնում է: Մյուս կողմից՝ պետք է նշենք, որ ստեղծվել է այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, որ մեր տարածաշրջանում արևմտյան բավական լուրջ շահեր կան, ինչից Հայաստանը պետք է փորձի օգտվել հնարավորինս ավելի արագ: 

- Բայց տեսնում ենք, որ երբ ամեն անգամ Հայաստանը փորձում է Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդիրը տեղափոխել արևմտյան հարթակներ, Բաքուն դա տապալում է: Արդյո՞ք հնարավոր է ինչ-որ պահի նրանց բերել այդ հարթակ: 

- Հնարավոր է, եթե դա համապատասխանի նշված հարթակների շահերին, այդ դեպքում ճնշումները կլինեն այնպիսին, որ Բաքուն ստիպված կլինի գնալ այդ հարթակներ: Բայց նույնը կարելի է ասել նաև հակառակ կողմի մասին, եթե Ռուսաստանի շահերը լինեն այնպիսին, որ ճնշումներն ավելացնելու և Հայաստանին ստիպելու կարիք լինի, Ռուսաստանն էլ դա կանի Հայաստանի հետ: Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ մրցակցությունում, որը վերհայկական և վերադրբեջանական է, այդ կողմերն ինչ դասավորություն կունենան տվյալ ժամանակահատվածում: Ուժերի հարաբերակցությունն այս պահին մոտավորապես հավասար է, եթե այդ հարաբերակցությունը փոփոխվի դեպի նրանցից մեկի կողմը, ապա այդ ժամանակ կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը ստիպված կլինի թեքվել համապատասխանաբար դեպի Ռուսաստան կամ Արևմուտք: 

- Վաղը նոյեմբերի 9-ն է՝ այսպես կոչված կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը: Այդ փաստաթղթի ստորագրումից երեք տարի հետո Արցախն արդեն գրավված է, Ադրբեջանն էլ տարածքային նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Ըստ Ձեզ՝ ո՞ր պարագայում է դադարելու Ադրբեջանի ծավալապաշտական այդ մոտեցումը: 

- Ռեալ կապիտուլյացիոն պայմանագիրը կնքվել է այս տարվա սեպտեմբերի 20-ին, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը շատ ծանր պայմաններով արված հայտարարություն էր, որն ամեն դեպքում կապիտուլյացիա չէր, քանի որ Հայաստանը չէր հրաժարվում ամեն ինչից, Հայաստանը որոշակի հարցերում նահանջ էր գրանցում: Այնուամենայնիվ, իրավիճակն այնպես զարգացավ այս ընթացքում, որ Հայաստանի և Արցախի միջև փոխկախվածությունը խզվեց, և իշխանության եկած ուժը ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիրը:  

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանը գնում էր այդ ուղղությամբ և ծրագրված, քայլ առ քայլ հասավ Արցախի գրավմանը: Հիմա էլ Ադրբեջանը ծրագրված, քայլ առ քայլ փորձում է իրականացնել Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ մտադրությունները՝ սկսած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից» մինչև իրենց հայտարարած «Արևմտյան Ադրբեջանի» ու նույնիսկ Երևանի գրավում: 

Դա կավարտվի այն ժամանակ, երբ Հայաստանը կկարողանա ռազմական առումով հավասարակշռել Ադրբեջանին, իհարկե, բավական շատ բան այդ առումով արվել է և արվում է, այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ հավասարակշռության չենք հասել: Երբ լինի այդ հավասարակշռությունը, կմնա մեկ բան, որ այդ ժամանակվա ՀՀ իշխանությունը կամք դրսևորի և անհամաչափ ռազմական ագրեսիայով պատասխանի, այսինքն՝ եթե կլինի Ադրբեջանի կողմից սադրանք, Հայաստանը պատասխանի շատ ավելի մեծ ուժով: Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև, թե ինչպիսին կլինի այդ ժամանակ աշխարհաքաղաքական իրավիճակը, նաև այն, թե, օրինակ, Թուրքիան, Ռուսաստանը կամ Պակիստանը որքանով Ադրբեջանի կողմից կլինեն և օգնություն կցուցաբերեն՝ դիվանագիտական և ռազմական: Նույն կերպ՝ Հայաստանն ինչպե՞ս կկարողանա օգտագործել այն շահերը, որ գեներացրել են մեր տարածաշրջանում և կապում են այս պահին Հայաստանին և Արևմուտքին, ինչքա՞ն ժամանակ այդ շահերը կշարունակվեն և այլն: Նույնիսկ եթե այդ բոլոր գործոնները համատեղվեն, և Հայաստանն այդ հնարավորությունը ստանա, Հայաստանն իր «տնային աշխատանքը» պետք է կատարած լինի: Իսկ «տնային աշխատանքը», ինչպես նշեցի, ռազմական հավասարակշռության վերականգնումն է:

- Իսկ դրա համար ժամանակ է պետք...

- Դրա համար, նախևառաջ, աշխատանք է պետք: 

Добавить комментарий

From the author