պապյան

Գլխի վրա շուռ տված է արվում ամեն ինչ. իրավական ի՞նչ հիմքի վրա է հստակեցվելու հայ-ադրբեջանական սահմանը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պապյանը:

- Վաղը՝ նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանին նախատեսված է սահմանազատման հանձնաժողովների հանդիպում: Ի՞նչ սպասելիքներ կան այս հանդիպումից և, ընդհանրապես, «խաղաղության համաձայնագրի» հնարավոր կնքման գործընթացից:  

- Որևէ լավ սպասելիք չկա, որովհետև ամեն ինչ արվում է գլխի վրա շուռ տված: Սահմանազատման հանձնաժողով նշանակում է սահմանագծում (դեմարկացիա), այսինքն՝ երբ արդեն սահմանազատում (դելիմիտացիա) կատարվել է, փաստաթղթերը ստորագրվել են, փաստաթղթի մեջ նկարագրվել է սահմանը, այնուհետև դա պետք է կատարվի: Հիմա լրիվ հակառակն է արվում: 

Մեկ այլ կարևոր հարց էլ կա: Ո՞վ է որոշել, և իրավական ի՞նչ հիմքի վրա է հստակեցվելու հայ-ադրբեջանական սահմանը: Մինչև այս հարցը չլուծվի, մնացածն անօրինական է:  Խորհրդային վարչական սահմանները չեն կարող միջպետական սահմաններ հանդիսանալ ոչ միայն այն պատճառով, որ դրանք ի սկզբանե գծված են եղել զավթիչի կողմից, այլ նաև այն պատճառով, որ Ադրբեջանը դրանցից հրաժարվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին: Հետևաբար այս ամբողջն անհասկանալի մի գործընթաց է, ինչպես, ցավոք սրտի, շատ այլ գործընթացներ: 

- Ըստ Ձեզ՝ փորձո՞ւմ են հապշտապ քաղաքական լուծում տալ այդ հարցին՝ մի կողմ թողնելով իրավական խնդիրները: 

- Ես կարծում եմ, որ կա արտաքին ուժեղ ճնշում, որ հասնեն ինչ-որ փաստաթղթային լուծման: Դրա համար էլ շտապում են: Անձամբ ես և մեր քաղաքական ուժը բոլոր  հանդիպումների ժամանակ հորդորում ենք, որ շտապելու հարկ չկա, դա կարևորագույն փաստաթուղթ է և մանրակրկիտ քննարկման հարց: Մեր օրենսդրության համաձայն՝ միջպետական համաձայնագիրը նախ պետք է ներկայացվի շահագրգիռ նախարարություններին գլխամասային նախարարության կողմից, տվյալ դեպքում՝ Արտաքին գործերի նախարարությունն է, դրանցից պետք է ստանալ համապատասխան եզրակացություններ, դիտողություններ, հավանություն կամ ընդհակառակը: Հետո այդ փաստաթուղթը պետք է բանակցվի, հետո նախաստորագրվի, նախաստորագրվածը պետք է հավանության արժանանա կառավարության կողմից, հետո՝ ստորագրություն, ապա՝ խորհրդարանի վերջնական հավանություն, վերջում էլ՝ նախագահի վավերացում: 

Հաճախ ասում ենք փաստաթղթի ստորագրում, բայց ստորագրումն ընդամենը մի քայլն է այդ գործընթացի: Ճիշտ բառը կնքելն է, որովհետև կնքման փուլը գործընթաց է՝ բաղկացած մի շարք ստորագրումներից ու հավանումներից: Հիմա այս գործընթացը միայն կասկած է հարուցում, առավել ևս, նման փաստաթուղթը պետք է դրվի համաժողովրդական քննարկման, որովհետև Սահմանադրությունը պահանջում է, որ սահմանների մասին փոփոխությունները պետք է հանրաքվեի միջոցով իրականացվեն, ոչ թե պայմանագրի: Բայց դա էլ չի արվում: 

- Ձեր նշած ողջ գործընթացի մասին պետական մակարդակով չի խոսվում, հակառակը,  անընդհատ շեշտվում է հենց իշխանության կողմից պայմանագրի ստորագրումը: Այդպիսի քաղաքականությունը հատո՞ւկ է տարվում:  

- Դա քաղաքական կառավարման ոճ է: Այս իշխանությունն ի սկզբանե խոստանում էր բաց կառավարում, բայց լրիվ հակառակն է տեղի ունենում: Ասում էին՝ պետք է ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքի նկատմամբ հայկական գերակայություն հաստատվի, բայց մենք ունենք հայաթափված Արցախ: Մի բան խոստանալ, գալ իշխանության և անել հակառակը, դա ոչ միայն հակասահմանադրական է, այլև անբարոյական: Չեն կարող մի շարք պետական պաշտոնյաներ, այսինքն՝ մեր և ձեր վարձու աշխատողները, որոնք մեզանից են աշխատավարձ ստանալու, առանց մեր կարծիքը հաշվի առնելու երկրի ճակատագիրը որոշել:

- Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Վերջին շրջանում Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում կարծես թե լարվածություն կար, ինչը նկատելի է եղել նաև հեռախոսազրույցի ժամանակ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ լարումը: 

- Լարում կա, քանի որ Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ Արցախի հարցը փակ չէ՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները ճանաչում են Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, միևնույն է, այդ ժողովուրդն ունի իրավունքներ, և դրանք պետք է հարգվեն, այդ թվում՝ սեփական տները վերադառնալու և միջազգային պաշտպանության իրավունքները: Բնականաբար, դա Ադրբեջանին ձեռնտու չէ, ու Ալիևն էլ գժվում է, ասում՝ չհասկացանք, Հայաստանը համաձայն է, դուք համաձայն չե՞ք: Դրա համար էլ Ալիևը Արևմուտքին մեղադրում է ու ասում՝ Արևմուտքն է պատերազմ հրահրում, անկայունություն հրահրում, բայց Արևմուտքը պարզապես հավատարիմ է մնում իր սկզբունքներին, որ կա մարդու իրավունք, և մարդկանց այդ խումբն էլ իրավունք ունի ապրելու իր հազարամյա հայրենիքում: 

Հիմա Ալիևը նեղացած կլինի, մեծ-մեծ կխոսի, բայց դե Միացյալ Նահանգները Հայաստան չէ: Ադրբեջանը փորձելու է լեզու գտնել, բայց առանց էական զիջումների չի կարողանա դա անել: Ի տարբերություն Եվրամիության մի շարք երկրների, որոնք, օրինակ, գազ են ներմուծում և որոշակի կախվածություն ունեն, ասենք՝ Հունաստանը, Բուլղարիան, Իտալիան, մասամբ Ռումինիան, Միացյալ Նահանգներն ընդհանրապես ոչ մի բանով կախված չէ Ադրբեջանից, ավելին՝ նրանք Ադրբեջանն ընկալում են որպես հիմնական կապող օղակ Ռուսաստանի և Իրանի միջև, ինչը նրանց զայրացնում է: 

- Ադրբեջանը վերջին ամիսներին բոյկոտել է արևմտյան բոլոր հարթակները, այնինչ Հայաստանի համար կարևոր էր հենց այդ հարթակներում խնդրի քննարկումը: Այժմ, համաձայնվելով երկկողմ բանակցությունների, ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը, և այս պարագայում ի՞նչ կարող է անել Արևմուտքը: 

- Երկկողմ բանակցությունները կախված են երկու կողմից՝ Ադրբեջանից և Հայաստանից: Եթե Հայաստանը պատրաստ է նման ձևաչափով բանակցությունների, Ամերիկան ի՞նչ պետք է անի, հո չի բռնելու Նիկոլի ոտքերը զոռով կապի, ասի՝ մի՛ գնա: Եթե Հայաստանն ուզում է  բանակցել այդ ձևաչափով, կբանակցի, Ամերիկան ոչինչ չի կարող անել: Խնդիրն այն է, որ ակնհայտ է՝ Ադրբեջանում ահագնանում են հակաամերիկյան տրամադրությունները: Հենց երեկ ադրբեջանցի երկրորդ լրագրողին են ձերբակալել՝ հօգուտ ԱՄՆ-ի լրտեսության  մեղադրանքով: Ձերբակալման առիթն էլ հետևյալն է՝ Ամերիկայից փող են ստացել, բայց դե ՀԿ-ների մեծ մասը փող է ստանում ինչ-որ տեղից, մի մասը՝ Ամերիկայից, մի մասը՝ Եվրոպայից կամ այլ տեղից, և դա երբեք էլ ծածուկ չի եղել: Հիմա Ադրբեջանն այլ լծակ չունի ԱՄՆ-ի դեմ, չի կարողանում ասել՝ ճանապարհ կփակեմ, գազը կփակեմ և այլն, դրա համար նման բաներ է կազմակերպում: 

Հիմա մեզ համար կարևոր է, որ Հայաստանը ջանասիրաբար զիջումների չգնա, որովհետև տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝Հայաստանի շահերն առաջին հերթին պետք է պաշտպանենք Հայաստանի ղեկավարության գործունեությունից, որովհետև այդ գործունեությունն է առաջին հերթին խնդիրներ առաջացնում և՛ մեզ համար, և՛ աշխարհի համար:

Ես ընդհանրապես չեմ ընդունում, որ երկկողմ պետք էր բանակցել Ադրբեջանի հետ, որովհետև մենք այսօր թույլ կողմ ենք, իսկ երկկողմ բանակցություններում այդ թուլությունն ավելի նկատելի է: Կյանքում էլ է այդպես, երբ դու գնում ես ուժեղ մեկի հետ բանակցելու, եթե դու խեղճացած ես ու թույլ, աշխատում ես մեկին հետդ վերցնել, որ մենակ չլինես: Հիմա այս խեղճուկրակները գնալու են ի՞նչ բանակցեն, մեզ դեմ են տալու, սպառնալու են:

Բայց այստեղ կարևոր է նաև, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ վերջնական փաստաթուղթը. դա լինելո՞ւ է միջպետական պայմանագիր խաղաղության մասին, որի մեջ պետք է արձանագրվի Նիկոլի երազած 29.800 քկմ-ը, թե՞ դա պետք է լինի համաձայնագիր հարաբերությունների կարգավորման մասին, որի մեջ պետք է ամրագրվի այն վարքականոնը, որը պարտադրվելու է երկու կողմերին, այսինքն՝ իրար վրա չհարձակվել, ճանապարհներ բացել և այլն: Բայց քանի որ մենք ոչնչից տեղյակ չենք, չենք կարող հստակ եզրահանգման գալ: 

Добавить комментарий

From the author