Չկա աղվանական հստակ ճարտարապետություն, մի ձև, որով հետազոտողները կարողանան ասել՝ այ սա աղվանական է․ հնագետը՝ Բաքվի անհեթեթ հայտարարության մասին

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Եկեղեցիները, վանքերը, գերեզմանոցները, ցանկացած հնություն աղվանական անվանելը Ադրբեջանի կողմից գլոբալ քաղաքականության մասնավոր դրսևորում է։ Որևէ գիտական հիմք, որևէ հիմնավորում չկա, և նույնիսկ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «վերականգնել»․ դա նշանակում է հայկական հետքերի ջնջում։ Այսինքն՝ ֆիկցիա է, չկա աղվանական հստակ ճարտարապետություն, չկա մի ձև, որով հետազոտողները կարողանան ասել՝ այ սա աղվանական է։

Այս մասին «Դետք»-ի հետ զրույցում ասաց հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը հրապարակում էր արել այն մասին, որ ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի՝ առաջիկայում՝ հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն (Սբ. Հարություն եկեղեցին - խմբ․) կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան։

«Դա քաղաքական  հայտարարություն է, քաղաքականություն, որ վարում է Ադրբեջանը։ Չեմ կարծում, որ այնտեղ լինի մի լուրջ մասնագետ, որն ինչ-որ կռվան բերի՝ հօգուտ աղվանականի»,- նշեց հնագետը՝ հավելելով, որ միակ կռվանն այն է, որ Արցախը և Ուտիքը 5-րդ դարից մինչև 19-րդ դարի 30-ական թվականները մտել են Աղվանից կաթողիկոսության կազմի մեջ։

«Կուրի աջափնյակի հայությունը մտնում էր Աղվանից եկեղեցու կազմի մեջ, որի ղեկավարները, սկսած առնվազն 9-րդ դարից, հայեր էին, գրում և խոսում էին հայերեն, ծիսակարգը հայերեն էր, այն էապես չէր տարբերվում հայ եկեղեցու ծիսակարգից։ Այնպես որ, որևէ հուշարձան աղվանական համարելը կամ այն աղվանական դարձնել փորձելը ուղղակի ցնդաբանություն է, որը, սակայն, Ադրբեջանը համառորեն շարունակում է անել»,- եզրափակեց Պետրոսյանը։

Добавить комментарий

From the author