9+5623

Ադրբեջանը Հայաստանին ներքաշում է խաղի մեջ և հող նախապատրաստում նոր պատերազմի համար 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

- Ալիևը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններին՝ մեղադրելով ՀՀ իշխանություններին, որ ձգձգում են գործընթացը: Նա դժգոհել է, թե Երևանն ու Բաքուն հինգ-վեց անգամ մեկնաբանություններ են փոխանակել՝ 6-7-էջանոց փաստաթուղթ, բայց վերջին անգամ 70 օր պահանջվեց Երևանից՝ Բաքվին պատասխանելու համար։ Ի՞նչ նպատակով է Բաքվի բռնապետը փորձում Հայաստանի վրա բարդել այդ գործընթացի դանդաղումը: 

- Նախ՝ ադրբեջանական կողմը շատ վաղուց չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ, և այդ ուղղությամբ արել է մի շարք քայլեր, որոնք լույս են սփռում Ադրբեջանի իրական նպատակների վրա և տեսանելի են անգամ «կույր» մարդկանց: Ինչու եմ սա ասում, որովհետև ադրբեջանական կողմը պատերազմից հետո 3 տարվա ընթացքում իր գործողություններով, Արցախը հայաթափելու և Հայաստանի նկատմամբ տարբեր ժամանակներում ռազմական ագրեսիա իրականացնելու քայլերով ապացուցել է, որ ինքը ոչ միայն վստահելի կողմ չէ բանակցությունների կամ հարաբերությունների կայացման համար, այլև նպատակ ունի Հայաստանը ոչնչացնելու և թողնելու 10 հազար քառակուսի կմ: Այսօր դա է ադրբեջանական քարոզչության հիմքում: 

Ինչ վերաբերում է հայտարարություններին, ադրբեջանական կողմը, գիտեք, մեկ խոսում է, որ խաղաղություն կլինի, մեկ ասում է, որ չի լինի, մեկ ասում է՝ մեզ «Զանգեզուրի միջանցք» պետք չէ, մեկ ասում է՝ դա պարտադիր պահանջ է խաղաղության համար: Այսինքն՝ եթե պրոյեկտենք դա Հայաստանի այսօրվա իշխանությունների գործողություններին, իրենց քաղաքականությունը լրիվ նույնն է: Բնականաբար, այս գործողությունները տանում են փակուղի: 

Ադրբեջանական կողմը ոչ միայն վստահելի կողմ չէ, իրենք կարող են հեշտությամբ հրաժարվել բոլոր նախաձեռնություններից ու համաձայնություններից, որոնք կկնքվեն երկրների միջև: Դրա վառ վկայությունն է վերջին 25-30 տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարբեր առաջարկությունների կամ փաթեթների ճակատագիրը. սկզբում նրանք համաձայնվում էին առաջարկվող տեքստին, հետո՝ վերադառնալով Ադրբեջան, մերժում այն: Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ժամանակ է ձգում և միևնույն ժամանակ Հայաստանը ներքաշում է այնպիսի խաղի մեջ, որտեղ վերջում Հայաստանը փորձելու է ներկայացնել որպես ոչ կառուցողական և իր պարտավորությունները չկատարող կողմ: Արդյունքում Բաքուն կունենա ևս մեկ հնարավորություն՝ պատերազմելու և ուժի կիրառմամբ ստիպելու, որ իր պահանջները կատարվեն: 

- Ստացվում է՝ այսօր Բաքուն դիվանագիտական դաշտում հող է նախապատրաստում հետագա էսկալացիաների համա՞ր: 

- Այո՛, և դա Ադրբեջանի վաղուցվա մարտավարությունն է: Այդ հարցում ոչինչ չի փոխվել,պարզապես այստեղ հայկական կողմի հաշվարկներից է միշտ բխել, թե որքանով են նրանք հաջողելու իրենց մտադրություններում: Այդ մարտավարությամբ Ադրբեջանին հաջողվեց հայաթափել Արցախը և Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ հաստատել վերահսկողություն, նույն կերպ էլ հիմա դիրքերն է ամրապնդում՝ հետագայում պատերազմ սկսելու հարցում: Տեսնում ենք, չէ՞, որ իրենց պետական ու քարոզչական դաշտում հիմա այն դրույթն է տարածվում, թե ՀՀ այսօրվա տարածքներն ադրբեջանական են և պետք է վերադարձվեն: 

Բանակցություններում էլ Ադրբեջանն անում է հնարավորը, որ կարողանա Հայաստանը ներկայացնել որպես ոչ կառուցողական և պարտավորություններից հրաժարվող կողմ: 

- Ալիևն այսօր հայտարարել է, թե իրենք արդեն խաղաղություն են հաստատել տարածաշրջանում, դա արել են ռազմական ճանապարհով՝ ցույց  տալով, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով։ Նա նաև ասել է, թե հայերը պետք է մոռանան այսպես կոչված ԼՂՀ պատմության մասին և անցնեն սահմանազատման գործընթացին: Հայկական կողմից որևէ պատասխան չի հնչում: Ինչո՞ւ: 

- Հայկական կողմը ոչ միայն նշված հարցերին չի արձագանքում, այլև ընդհանրապես Ադրբեջանի նկատմամբ որևէ հակաքայլ չի անում, այսինքն՝ հակաքարոզչությունը շատ թույլ մակարդակի է: Տեսնում ենք, օրինակ, թե ինչպես էր ադրբեջանցի փորձագետ կոչվածն իբրև նկարահանում արել Երևանում՝ մեղադրելով Հայաստանի անվտանգության համակարգին: Ադրբեջանը նման քարոզչական քայլեր է անում, իսկ հակառակը տեղի չի ունենում: Վերջին 5 տարում, եթե փորձենք հիշել որևէ գործողություն, ընդամենը մի դեպք է եղել, երբ մի աղջիկ Նժդեհի նկարն էր պահել իրենց անվտանգության ծառայության շենքի մոտ: Իսկ ադրբեջանական կողմից արդեն 6-րդ, թե 7-րդ դեպքն է այս տեսակ ներթափանցումների կամ դրանց վերաբերյալ քարոզչության: 
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի պետական համակարգում կա ներքին հրահանգ, որ Ադրբեջանի դեմ որևէ հակաքայլ չարվի: 

- Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններում վերջին ժամանակներս լարում կար, սակայն նկատելի է, որ Միացյալ Նահանգները փորձում է հաշտեցման գնալ, ինչի վառ օրինակն է Ջեյմս Օ'Բրայենի այցը Բաքու: Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ն չի ՞ պատրաստվում սաստել Բաքվին, ինպես ակնկալում էին Հայաստանում:

- Մեր հասարակության և մեր այսօրվա իշխանության շրջանում կա ընկալում, որ դրսից մարդ բերելը հարց կարող է լուծել: Բազմիցս եղել են հայտարարություններ՝ թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո, որ Արևմուտքից ոչ ոք չի կարող իրական փոփոխություններ իրականացնել Հարավային Կովկասում: Նախևառաջ՝ կան ուղիղ սահմանային կապեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանը զինելու արագ տեմպերով կամ միջամտելու հնարավոր պատերազմի ժամանակ, և երկրորդ՝ այս տարածաշրջանում կան պետություններ, որոնք դեմ են տարածաշրջան այդ երկրների մուտքին, այդ թվում՝ Իրանը և Ռուսաստանը: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ արտաքին ներթափանցումը չի լինելու, ինչքան էլ փորձեն, կամ լինելու է Թուրքիայի դեմքով: 

ԱՄՆ-ի գործողությունները, նախևառաջ, նպատակ ունեն հավասարակշռելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դիվանագիտական տեսակետից, որովհետև ԱՄՆ-ն ունի իր շահերը Հարավային Կովկասում, և այդ շահերը պայմանավորված չեն միայն Հայաստանով: 

 

Добавить комментарий

From the author