6513

Եթե պատերազմի մեջ գտնվող երկրում հնարավոր է, գումար վճարելով, չծառայել, դա լուրջ հոգեբանական  ազդեցություն է ունենալու. փորձագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Այսօր Ազգային ժողովը 1-ին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվելու գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Այս օրենքի ընդունումն ի՞նչ հետևանքներ կունենա և արդյո՞ք կծառայի այն նպատակին, որով հիմնավորում են օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

«Դետք»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ  Հայկ Նահապետյանը նշեց, որ օրենքի նախագիծն առաջարկողները հիմնավորում են, որ նրանց նկատմամբ, ովքեր, տարբեր հանգամանքներից ելնելով, բացակայել են և չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում, բայց ՀՀ քաղաքացի են և զինապարտ, քրեական գործ չի հարուցվի, և հնարավորություն կտրվի ընտրելու կա՛մ գումար վճարել և ամբողջությամբ ազատվել ծառայությունից, կա՛մ մասնակի ազատվել՝ վճարելով ավելի քիչ գումար:

«Եթե դա վերաբերում է միայն վերջին 10 տարվան, գուցե և ընդունելի է: Բայց աննորմալ է հետևյալը՝ մեր երկիրը պատերազմի մեջ է գտնվում, և դա Փաշինյան Նիկոլն է խոստովանում, որովհետև առավոտից երեկո խաղաղության պայմանագրի մասին է  խոսում, իսկ խաղաղության պայմանագիր ստորագրում են պատերազմի մեջ գտնվող երկրում: Հիմա, եթե պատերազմի մեջ գտնվող երկրում հնարավոր է սահմանադրական պարտքը չկատարել և գումար վճարելով՝ չծառայել, իհարկե դա ազդելու է հոգեբանորեն բոլոր զորակոչվածների, զորակոչվողների, նրանց ծնողների և ընդհանրապես հասարակության վրա: Դա հոգեբանական լուրջ ազդեցություն է ունենալու:

Պատերազմում բոլորը հավասար են կյանքի և մահվան առաջ: Իսկ իրենք փաստացի մտցնում են մի մշակույթ, որը հակասում է դրան: Ըստ իս՝ այս ամենն արվում է հեռու գնացող նպատակներով: Կարծում եմ, վերջին հաշվով, Հայաստանը բերում են մի վիճակի, որտեղ ժամկետային զինծառայողներ այլևս չեն լինելու, այսինքն՝ պայմանագրային հիմունքներով մի 5000-անոց բանակ են պահելու և հրաժարվելու պարտադիր զինծառայությունից: Միգուցե դա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է, չեմ կարող ասել, բայց բերելու են դրան»,- պնդում է փորձագետը:

Ըստ մասնագետի՝ պայմանագրային ծառայողները և նրանց մոտիվացիան բոլորովին այլ են:

«Դա իրենց համար աշխատանք է. սովորում են մասնագիտությունը, գալիս-ծառայում են, իսկ նրանք, ովքեր զորակոչվում են բանակ, գիտեն, որ գնում են հայրենիք պաշտպանելու, և նրանց մոտեցումը բոլորովին այլ է»,- շեշտում է Նահապետյանը, ապա հավելում՝ կա նաև վտանգ, որ նախազորակոչային տարիքի տղաները կարող են պարզապես հեռանալ երկրից:

Փորձագետը տվյալ օրենքի նախագծի փոխարեն առաջարկում է բարձրացնել զինվորական ծառայության համար տարիքային շեմը. «Այնպես չէ, որ 27-ը լրանում է, էլ չես կարող ծառայել: Կարելի է մինչև 40 դնել այդ շեմը, ինչպես շատ երկրներում է: Այդ դեպքում, գուցե, շատ տղամարդիկ կնախընտրեն ժամանակին ծառայել, քան տարիներ շարունակ թաքնվել արտերկրում արդարադատությունից՝ չկարողանալով վերադառնալ»:

 

Добавить комментарий

From the author