+8

Եթե այս ծրագիրն իրագործվի, մայրաքաղաքից մինչև Մեղրի վխտալու են թուրքերը. Տիրան Լոքմագյոզյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Տիրան Լոքմագյոզյանը:

- Օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ գերիների փոխանակումը: Դրանից հետո էլ ավելի շատ է խոսվում «խաղաղության պայմանագիրը» հնարավորինս շուտ ստորագրելու մասին: Մյուս կողմից էլ Բաքուն մերժում է Հայաստանի հետ սահմանից զորքերը հայելային հետ քաշելու Երևանի առաջարկը: Որքանո՞վ կարող ենք պնդել, թե Ադրբեջանն իսկապես ուզում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: 

- Եթե Ադրբեջանը բաց է թողնում հայ գերիների, նման ժեստ է անում, ուրեմն ես ավելի շատ եմ վախենում, որովհետև Ադրբեջանը նման ժեստ կաներ միայն մի դեպքում՝ եթե ավելի մեծ մի բան է ստացել դրա դիմաց:  Տարիներ շարունակ տեսել ենք Իլհամ Ալիևի աշխատելաոճը: Թուրքերը մի խոսք ունեն, ասում են՝ «տոն չէ, տոնակատարություն չէ, փեսան ինձ ինչո՞ւ համբուրեց», այսինքն՝ եթե փեսան ինձ համբուրեց, ուրեմն մի բան կա, պետք է զգուշանալ: Հիմա, եթե Ալիևը նման քայլի է գնացել, ենթադրում եմ՝ շահ ունի դրանից, եթե ինքը չի ստացել իր շահը, չի անի լավություն: Հետևաբար, կարող ենք ասել, որ նա հաստատ ինչ-որ բան ստացել է գերիների վերադարձի դիմաց, և հետագայում մենք կիմանանք, թե դա ինչ է: 

Երկրորդ՝ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել «խաղաղության պայմանագիրը», և այստեղ պատճառը շատ պարզ է՝ նա հույս ունի, որ դեռ ինչ-որ բան կկարողանա կորզել Հայաստանից: Քանի նա կարողանում է առաջ գնալ, իր պահանջածը ստանալ, նա չի ստորագրի, որովհետև հենց ստորագրեց, այդ գործընթացը կանգ կառնի: Քանի Ադրբեջանը կարողանում է Հայաստանի այսօրվա ղեկավարության հետ աշխատել և իր պահանջածը ստանալ, ինչո՞ւ պետք է ստորագրի:

Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ օր օրի նրանց պահանջներն ու դրա դիմաց ստացածն ավելանում են: Օրինակ՝ սկզբում ասում էին Մեղրիի ճանապարհ, որը դարձավ միջանցք, հետո մեր ղեկավարը վերջերս հայտարարեց, որ 3 անցումային կետ է տալու նրանց, այսինքն՝ մեկը դարձավ 3, ու հիմա արդեն խոսում են 7 անցակետի, Թուրքիայի հետ երկաթգիծ բացելու մասին և այլն:

 Եթե այսքան շատ անցումային կետեր ես տալիս իրենց, ուրեմն տալիս ես նույնքան  ճանապարհ, այսինքն՝ «проходной двор» է լինելու Հայաստանը՝ հիմնականում Հայաստանի հարավը, բայց մինչև Երևան, որովհետև Ղազախ գնացող երկաթգիծը որտեղի՞ց է գնալու: Այսինքն՝ մայրաքաղաքից մինչև Մեղրի վխտալու են թուրքերը, գնալ-գալու և անելու են՝ ինչ ուզում են, որովհետև դու չես կարող այդչափ հոսքը հսկողության տակ պահել: Ամբողջ ոստիկանությունն այդ գործին լծես, էլի չես կարողանա վերահսկել: Եվ մենք օր օրի ավելի ենք սուզվում այն ճահճի մեջ, որի մեջ հայտնվեցինք այս իշխանության շնորհիվ: 

- Ասում եք՝ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել «խաղաղության պայմանագիրը», այդ դեպքում ինչի՞ են միտված Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից անընդհատ հայտարարությունները՝ հնարավորինս շուտ պայմանագրի ստորագրման վերաբերյալ: 

- Թուրքական խոսույթի մեջ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մասին ավելի քիչ է խոսվում: Ավելի շատ ասվում է՝ կատարեք Ադրբեջանի ցանկությունները: Ադրբեջանն էլ, տեսնում ենք, որ շարունակ նոր ցանկություններ է հայտնում: Ինչո՞ւ, գիտե՞ք. որովհետև մենք շարունակ նրանց առաջ նոր դռներ ենք բացում, արդեն այնպիսի վիճակի ենք հասել, որ Ադրբեջանը չի հասցնում պահանջել այնքան, ինչքան մենք տալիս ենք: Այսինքն՝ նրանք մեր հետևից են գալիս: 

- Հայ-ադրբեջանական այս գործընթացում Արևմուտքի միջնորդությունը մերժում է Բաքուն, Ռուսաստանի միջնորդությունը՝ Հայաստանը: Դրան զուգահեռ փորձ է արվում անցնել առանց միջնորդների՝ երկկողմ ձևաչափի: Սա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար: 

- Այս ամենը, ըստ իս, Արևմուտքի ծրագիրն է, և այդ ծրագրի հիմնական կետերից մեկն այստեղ  իրենց դիրքն ապահովելն է ու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս քշելը: Մնացածը երկրորդական հարցեր են: Զուգահեռ նաև տարածաշրջանի խաղացողներն իրենց շահերն ունեն: Ադրբեջանը բռնել է ճիշտ տեղից և չի ուզում բաց թողնել, դե իսկ Արևմուտքն էլ ուզում է ավարտին հասցնել այս ծրագիրը: Արևմուտքին հետաքրքիր չէ, թե Ադրբեջանն ինչքան շահ է ունեցել, իրենց պետք է այս գործն ավարտին հասցնել, իսկ Ադրբեջանը, ինչպես ասացի, ուզում է ավելի շատ կորզել Հայաստանից, դրա համար էլ չի ցանկանում Արևմուտքի ջրերի մեջ մտնել, որ ստիպված չլինի միանգամից ստորագրել ու ավարտին հասցնել գործընթացը: 

Ռուսաստանն էլ առաջարկում էր ժամանակ շահել, ինչը Հայաստանին ձեռնտու էր, բայց  քանի որ այսօր Արցախն էլ չկա, Ադրբեջանը կարողանում է հանգիստ ասել՝ դե Ռուսաստանի հետ բանակցեմ: Ադրբեջանը, եթե նայում ենք, վերջին ժամանակաշրջանում մի քանի անգամ փոխեց բանակցությունների ձևաչափը. սկզբում կողմ էր, որ եվրոպական միջնորդությամբ լինի, հետո ասաց՝ Եվրոպան լինի, բայց Ֆրանսիան չլինի, հետո՝ Ռուսաստանը լինի, Եվրոպան չլինի, հետո՝ Թուրքիան լինի, հետո՝ երկկողմ լինի: Իհարկե, հիմա նրանց համար ամենահարմար տարբերակն է, որ ուղղակի՝առանց միջնորդների խոսեն: Բայց դա ոչ ոք չի ուզում՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, որովհետև այդ պարագայում կարող է վերջիններիս ուզած ձևով չավարտվել գործընթացը: 

- Թեև Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մասին, բայց միաժամանակ առաջ է քաշում «Արևմտյան Ադրբեջանի» մասին շինծու օրակարգը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ բացահայտ նկրտում: Արդյո՞ք այս ամենը հասկանալով, եթե շարունակում ենք խոսել խաղաղության մասին, ինքներս մեզ թակարդը չենք գցում:  

- Եթե ես մտածեի, որ մեր իշխանություններն աշխատում են հօգուտ Հայաստանի, Ձեզ հետ համամիտ կլինեի, սակայն համոզված եմ, որ նրանք չեն աշխատում Հայաստանի օգտին: 

 

Добавить комментарий

From the author