ոֆսա

Ո՞վ է ասում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը չէր գտնվում իր «չլուծման» մեջ. Թևան Պողոսյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Նախօրեին Հանրային Հ/Ը-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը` հարց ուղղեցինք նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանին:

«Լուծում բառը երբ որևէ մեկն օգտագործում է, հարցրեք, թե լուծում ասելով՝ ի՞նչ են պատկերացնում: Իսկ ո՞վ է ասում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը չէր գտնվում իր «չլուծման» մեջ: Դրա գաղափարն ամբողջովին այն պետք է լիներ, որ ամեն սերունդ իր բաժին ներդրումն աներ, ամրացներ, հզորացներ, փոխանցեր հաջորդին: 

Փաշինյանն ի՞նչն էր պատկերացնում որպես լուծում. եթե միացումը, ուրեմն դրա համար պետք է պայքարեր, գործողություններ աներ, այլ ոչ թե սպասեր որևէ մեկին, պետք է Հայաստանի Հանրապետությունը նախաձեռներ միացման գործընթաց: Եթե մարդիկ պատկերացնում էին, որ պետք է աշխարհը դա մեր փոխարեն ճանաչեր, ապա պետք է գնային ու տեսնեին` դա երբ կարող էր իրագործվել ու ինչպես:  

Դրա համար, երբ լուծում բառը որևէ մեկն օգտագործում է, ինձ հետաքրքրում է, թե ինչ բովանդակություն է դրա մեջ դնում. մինչև այդ բովանդակային խնդիրը չլուծենք, մնացած հարցերը երկրորդական են»,- «Դետք»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ նախկին նախագահներն ամեն մեկն իր ժամանակահատվածում, իր գաղափարով բանակցել է ու փոխանցել հաջորդին, ու որևէ մեկն իրավունք չի տվել որևէ մարդու` մտածելու Ղարաբաղի հարցի նման լուծման մասին:

«Պետք էր ամեն ինչ անել` փոխանցելու հաջորդ սերնդին ավելի լավ պայմաններ, ինչը որ նախինում փորձում էին անել: Մենք Արցախի հետ դարձել էինք նույն տնտեսական համակարգը, նույն սոցիալական համակարգը, կրթական համակարգը, անվտանգության համակարգը, ինտեգրման գործընթաց էր տեղի ունենում: Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մեկը պետք է գար ու շտապեր հարց լուծել: 

Առաջին օրը, երբ նա (Նիկոլ Փաշինյանը - խմբ.) գալիս էր իշխանության, պետք է հասկանար, որ իր առջև ընդամենը խնդիր է դրված, որ պետք է ամեն ինչ անի՝ պահպանելու, ուժեղացնելու, հզորացնելու և փոխանցելու հաջորդին, ոչ թե փնտրեր մի բան, որը կկոչվեր լուծում: Էլ չեմ ասում, թե ինչ վնաս տվեց Հայաստանի Հանրապետությանը` պետականությունը դնելով վտանգի տակ: Մենք պետք է հասկանանք, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության անկախության իրական լուծումն ուներ արցախյան արմատ, Արցախյան շարժումից սկսած՝ այդ ծառն է եղել, որը ջրել են, և այն տվել է հայկական երկու պետականություն, որոնք պետք է հզորացնեին և մեծ ծառ դարձնեին: 
Ճարտարապետության մեջ մի այսպիսի գաղափար կա, որ եթե, օրինակ, պետք է ծառ տնկես, տնկում ես այնպիսի ծառ, որի ստվերի տակ գուցե դու չես էլ նստի, բայց քո թոռներն ու ծոռները քեզ շնորհակալ են լինելու դրա համար»,- նշեց քաղաքագետը: 

Նրա դիտարկմամբ` հարցազրույցի մնացած մասը պարզապես մանիպուլյացիա էր, հերթական առիթը` ասելու` ես մեղք չունեմ, մեղավոր չեմ. «Այս անգամ էլ նախկինները չէին մեղավոր, այս անգամ միջազգային հանրությունն էր, որ իրենց համոզել էր նշաձող իջեցնել: Այդ մանիպուլյացիաներին անդրադառնալը ոչ մի լավ բան չի տա»:

Անդրադառնալով այն հարցին, որ ըստ Փաշինյանի` անցած տարիների ընթացքում եղել է խնդրի լուծման մի տարբերակ` դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, Թևան Պողոսյանը նշեց. «Եվ այդ տարբերակը մերժել է Ալիևը հայրը: Հետո էլ այդ գաղափարի հիմքը չի եղել փոխանակումը, դա բոլորն էլ գիտեին, դա էլ է մանիպուլյացիա, և երկրորդ նախագահն էլ իր հարցազրույցներում բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել Քի Վեսթում: Ովքեր լավ ծանոթ են բանակցային պատմությանը, շատ լավ գիտեն, որ Ալիևն ինքն էր ասել, որ չի կարողացել նույնիսկ իր ընտանիքին համոզել, երբ իր առջև հարց են բարձրացրել, թե Ղարաբաղի անկախությունն են ճանաչում, որ փոխզիջում լինի, ոչ թե միացում, Ալիևի հայրն ասել է` այն բանից հետո, որ Ղարաբաղն իմը չի, ինձ համար ինչ տարբերություն: 

Բոլորը գիտեն, որ Քի Վեսթը մերժել է Ալիևը, այսինքն՝ Ադրբեջանի համար դա լուծում չէր: Եվ մինչ Ադրբեջանն ատելություն էր սերմանում իր երկրում, Հայաստանը պետք է մտածեր` ինչ է սերմանում իր սերունդների մեջ, որ կարողանար այդ ամենը պահել: Բայց մարդիկ եկան ու ասացին, որ կարևորը փողն է, լավ ապրելն է, դրանից էլ այսպես եղավ»: 

Ամփոփելով միտքը` Թևան Պողոսյանն ասաց, որ ինչքան էլ հիմա փորձենք այդ հարցազրույցից թեմա գտնել և խոսել, ամբողջը մանիպուլյացիա էր. այսօր այսպես «ֆռռացրին», որ հաջորդ օրը հանրությունը նստի ու քննարկի, թե ինքն ինչ ասաց, մյուս անգամ մի այլ պատմություն կհորինեն, այլ ամսաթվեր կասվեն, թե հնարավորություն կա՞ր, թե՞ չկար Հայաստանի պետականությունը պահելու:

«Այնինչ Հայաստանի պետականությունը միշտ էլ կախված է եղել Արցախի գոյությունից. դրանով ծնվել է, դրանով էլ շարունակվել: Հիշենք մեր Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը` կորցնելով Արցախը` շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Այ հիմա ինքը շրջել է այդ էջը, ինչքան էլ փորձի ասել, թե Արցախն էր հետ քաշում Հայաստանին, այդպես չէ: Արցախն էր առաջ քաշում Հայաստանին»,- եզրափակեց քաղաքագետը: 


 

Добавить комментарий

From the author