սավ

Մեր ձեռքի խաղաքարտն ավելի մեծ է. թշնամուն հակադարձելու բոլոր հնարավորություններն ունենք. Աշոտ Մելքոնյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

2023 թվականը շատ բարդ տարի էր հայ ժողովրդի համար. Արցախի կորուստը մեծ հարված էր Հայաստանի պետականությանը, սակայն չի կարելի ասել, թե ամեն ինչ կորսված է: «Դետք»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ ընդգծելով, որ 100 տարի առաջ ևս Հայաստանը կանգնած է եղել նույն մարտահրավերի առաջ:  

«1920-21 թվականների մասին երբ դասախոսություններ էի կարդում, ուսանողներին ասում էի՝ Աստված մի՛ արասցե, որ մեր թշնամի թուրքերի և մեր դաշնակից ռուսների շահերը համընկնեն, և հենց դա տեղի ունեցավ մեր օրերում: Արդյունքում 2020-ին մենք կորցրինք Արցախի ամբողջ հարավային հատվածը, իսկ 2023 թվականին՝ ողջ Արցախը: Արցախը հայաթափվեց օրերի ընթացքում. մի երևույթ, որն Արցախի պատմության մեջ տեղի չի ունեցել հազարամյակների ընթացքում:

Երբ նույնիսկ Արարատյան դաշտում 1604 թվականին Շահ Աբասի իրականացրած բռնագաղթից հետո հայ բնակչության զգալի հատվածը լքել էր հայրենիքը, Արցախում և Սյունիքում դա տեղի չէր ունեցել, և այնտեղ պետականության որոշակի դրսևորումներ կային: Խոսքս մելիքությունների ու սղնախների մասին է, որոնց շնորհիվ հնարավոր էր լինում ընդդիմանալ նման քաղաքականությանը»,- ասաց պատմաբանը:   

Աշոտ Մելքոնյանը շեշտեց՝ բավական անորոշ է ապագան, սակայն դա պայմանավորված չէ միայն մեր գործողություններով, այլ աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերի արդյունք է «Տեսնում ենք, որ տեղի են ունենում միկրոպատերազմներ, ինչը կարող է տրամաբանորեն բերել 3-րդ համաշխարհային պատերազմի․ ինչպես Առաջին աշխարհամարտի նախօրյակին, երբ թուրք-իտալական պատերազմ տեղի ունեցավ, 1911-ին Բալկանյան պատերազմները տեղի ունեցան, և, այսպես կոչված, հետախուզական կամ պրոքսի պատերազմներից հետո  տեղի ունեցավ մեծ պատերազմը՝ Առաջին աշխարհամարտը: Նույնն էլ տեղի ունեցավ 2-րդ աշխարհամարտի նախօրյակին: Այսօր էլ նման իրավիճակը չի բացառվում, և մենք, համենայն դեպս, պետք է հասկանանք, որ միահամուռ լինելու ժամանակն է, որովհետև պառակտվածությունը նոր աղետ է բերելու մեր ժողովրդին:  

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ հայոց պետականությունն այսօր վտանգված է, որովհետև եթե 4-5 տարի առաջ ունեինք երկու պետականություն և հպարտանում էինք, որ Արցախը և Հայաստանի Հանրապետությունն անկախ պետական կազմավորումներ են, այսօր շատ դժվար իրավիճակ է: Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է. անդառնալի ոչինչ չի կարող լինել: Վերադարձի խնդիրը մենք օրակարգից չպետք է հանենք, հատկապես որ թշնամին առաջ է քաշում «Արևմտյան Ադրբեջան» կոչվող շինծու ծրագիրը: Դա հեքիաթի ժանրից է, ադրբեջանական հերթական հորինվածքը, որին հակադրելու մենք շատ լուրջ կռվաններ ունենք: Չմոռանանք, որ 1989 թվականի մարդահամարով Ադրբեջանի ԽՍՀ տարածքում ապրում էր 486 հազար հայ, թեև կարելի է ասել, որ արդեն 1988 թվականի փետրվարից Արցախը դե ֆակտո դուրս էր եկել Ադրբեջանի կազմից, իսկ դա դե յուրե տեղի ունեցավ 1991 թվականին:  

Հիմա, ես կարծում եմ, թուրք-ադրբեջանական տանդեմին պատասխանելու թիվ մեկ կռվանը հենց մեր փախստականների հարցն է, և մեր ձեռքի խաղաքարտն ավելի մեծ է, քան ադրբեջանցիների ունեցածը։ Եթե նրանք խոսում են ինչ-որ արհեստական, ուռճացված թվերից, ինչ-որ 150-200 հազար ադրբեջանցիների մասին, ապա մեր դեպքում շուրջ կես միլիոն հայի մասին է խոսքը»:   

Ըստ Պատմության ինստիտուտի տնօրենի՝ շրջանառվող տեսակետը, որ պատային վիճակ է, իրականում այդպես չէ, լուծում բոլոր դեպքերում կա, և մենք թշնամուն հակադարձելու բոլոր հնարավորություններն ունենք«Ամեն ինչ պետք է անենք, որ միահամուռ ուժերով կարողանանք վերականգնել Հայաստանի Հանրապետության տեղն ու դերը: Դրա համար ես անկասկած տեսնում եմ հեռանկար, համենայն դեպս պաշտպանունակության առումով: Ադրբեջանի այն անհանգստությունը, թե ինչու է Հայաստանը վերազինվում, Հնդկաստանից կամ Ֆրանսիայից զենք գնում, խոսում է այն մասին, որ մեր թշնամին անհանգստացած է: Դրա մասին է վկայում նաև նրա խոսույթը, համենայնդեպս վերջին շրջանում: Նրանք լավ հասկանում են, որ դիմադրական կորովը պոտենցիալ առումով Հայաստանում աճում է»:   

Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» հնարավոր կնքման հարցին՝ Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հետևելով ներկա գործընթացներին՝ կարելի է ենթադրել, որ կողմերի միջև անհամաձայնություն կա սկզբունքային հարցերում:

«Ինչպես հանրության մեծ մասը, ես նույնպես ամբողջությամբ պատկերացում չունեմ այդ փաստաթղթի մասին, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Եթե այդ փաստաթուղթը դրվի շրջանառության, և մենք ծանոթանաք բովանդակությանը, ավելի հստակ կկարողանանք խոսել: Բայց եթե այդ փաստաթղթում եղավ անկլավների խնդիր, եթե եղավ ադրբեջանցիներին Հայաստան «վերադարձնելու» խնդիր, էլ չեմ ասում՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Զանգեզուրի տարածքով Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելու հարց, դա միանգամայն անընդունելի տարբերակ է: Սակայն քանի որ ստորագրումը ձգձգվում է, ես ենթադրում եմ, որ հայկական կողմն էլ վերջապես հասկանում է, որ այդ խնդիրներով որևէ նահանջ արձանագրելը և թշնամուն թույլ տալ անցնել կարմիր գծերը մեզ համար անընդունելի են»,- ասաց ակադեմիկոսը՝ կարծիք հայտնելով, որ այս տարվա ընթացքում նման փաստաթղթի ստորագրման հնարավորությունը քիչ հավանական է՝ հաշվի առնելով այս սկզբունքային հարցերում առկա անհամաձայնությունները:

Մյուս կողմից էլ պատմաբանը նկատում է՝ եթե Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական հռետորաբանությունից, խաղաղության մասին խոսելը դառնում է ծիծաղելի. «Ես կարծում եմ՝ հասարակությունները ևս պատրաստ չեն դրան, և նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրի հայտարարության օրինակով համոզվել ենք, որ Ադրբեջանը չի հետևում պայմանավորվածություններին: Ադրբեջանը խախտել է գերիներից սկսած մինչև անկլավների վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները, հետևաբար հիմա խոսել երկրորդ փաստաթղթի մասին, որ պետք է կնքվի, և սպասել, թե Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, միամտություն է»:  

 

Добавить комментарий

From the author