աՍԱՑ

Բացառված չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն ռազմական ճանապարհով վերցնել «Զանգեզուրի միջանցքը». թուրքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Թուրքիայում կրկին խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին և դրա ավարտի ժամկետներ նշում: Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախօրեին հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան թյուրքական այլ երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ-ն անցնում է Հայաստանի տարածքով։

Ինչո՞ւ թուրքական շրջանակները կրկին սկսեցին խոսել Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այն պարագայում, երբ Ադրբեջանը կարծես լռում է` շարունակելով Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները, «Դետք»-ը հարց ուղղեց պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանին: 

Մեր զրուցակիցը նախ նշեց, որ Թուրքիան երբեք չի էլ դադարել «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելուց, և սկսած իրենց նախագահից մինչև տարատեսակ մանր ու խոշոր պաշտոնյաներ` մշտապես հայտարարել են միջանցքի բացման և դրա միջոցով թյուրքական աշխարհի հետ կապվելու մտադրության մասին, ապա հավելեց. «Ադրբեջանն այս պահին կարծես դիվանագիտական որոշակի խաղ է խաղում, սակայն թուրքական տարբեր պաշտոնյաներ, անգամ նախարարներ, նախորդ տարվա ընթացքում հայտարարեցին «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին: Ներկայումս թեմայի շուրջ խոսակցությունները կրկին ակտիվացել են: Տեսնում ենք, որ, օրինակ, Իրանը հանդես եկավ հայտարարությամբ, որ կարող են լինել տարանցիկ ճանապարհներ, բայց ոչ երբեք միջանցք: Այսինքն` այս թեման արդիական է, և Թուրքիան ու Ադրբեջանը կարող են և հնարավոր է` փորձեն նաև ռազմական ճանապարհով վերցնել այդ միջացքը: Դա ևս բացառված չէ»:

Թուրքագետը կարծիք հայտնեց, որ թուրքերի պատերացրած միջանցքը ձեռնտու չէ ո'չ Արևմուտքին, ո'չ Ռուսաստանին, ո'չ էլ Իրանին:

«Վերջիններս շահագրգռված են, որ այդպիսի միջանցք գոյություն չունենա, որովհետև դա խախտում է տարածաշրջանում իրենց դոմինանտությունը, և եթե հանկարծ Թուրքիան միջանցքի տեսքով ճանապարհ ստանա դեպի միջինասիական պետություններ, ապա այստեղ կտրում է Իրանի ճանապահը, Թուրքիան էլ հայտնվում է Ռուսաստանի հարավային թիկունքում շատ ավելի խոր արմատներով: Իսկ Արևմուտքին այս իրողությունը ձեռնտու չէ, քանի որ այն խախտելու է բոլոր լոզունգները, միջազգային օրենքներն ու կոնվենցիաները, որ ստեղծվել են Արևմուտքում, հակասելու է պետությունների ինքնիշխանությանը, պետական սահմաններին և այլն: Ուստի Արևմուտքը ևս փորձում է թույլ չտալ այդ իրողությունը»,- ասաց նա: 

Մեր այն հարցին, թե հաշվի առնելով թուրք-ադրբեջանական նկրտումները ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ` որքանով է նպատակահարմար արտաքին դիվանագիտությունը կառուցել «խաղաղության» օրակարգի շուրջ, Մհեր Աբրահամյանը պատասխանեց. «Տարին դեռ նոր է սկսվել, բայց արդեն տեղի ունեցան տարատեսակ ահաբեկչություններ: Այսօրվա աշխարհի իրավիճակը երբ տեսնում ենք, հանգում ենք այն եզրակացության, որ այսօր խոսել խաղաղությունից և «խաղաղության խաչմերուկից», ըստ իս, սխալ դիվանագիտական ուղղություն է, որովհետև այն պետությունները, որոնց հետ մենք փորձում ենք խաղաղության հասնել, ամբողջովին ներառված են տարատեսակ պատերազմական իրողությունների մեջ, հատկապես Թուրքիան: Ես չեմ կարծում, թե Թուրքիան և Ադրբեջանը հակված են Հայաստանի հետ խաղաղության հասնելու: Մյուս կողմից` մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, և դրանից հետո խոսել խաղաղության կամ հարևանություն անելու մասին, երբ մի ամբողջ ժողովուրդ հայրենազրկվեց, կարծում եմ, շատ սխալ է»:

Ի՞նչ զարգացումներ սպասել 2024-ին` հաշվի առնելով, որ ընտրական տարի է մի շարք պետություններում, հարց ուղղեցինք մեր զրուցակցին: Թուրքագետը նշեց. «Այսօրվա համաշխարհային քաղաքականությունն այնքան արագ է զարգանում, և այնքան անսպասելի գործողություններ են տեղի ունենում, որ դժվար է որևէ կանխատեսում անելը: Սակայն կարծում եմ` ականատես կլինենք տարատեսակ ռեվերսների: Ինչպես արդեն նշեցիք, ընտրական տարի է, ընտրություններ են լինելու և' ՌԴ-ում, և' ԱՄՆ-ում, և' Ադրբեջանում, իսկ Թուրքիայում էլ պատրաստվում են Ստամբուլի ընտրություններին, որը ևս կարևոր իրադարձություն է, հետևաբար, կարծում եմ, լինելու են տարատեսակ ռեվերսներ»: 
 

Добавить комментарий

From the author