64513

Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են ճնշումը. չի կարելի երբևէ բացառել ռազմական գործողությունների հնարավորությունը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Դուք միշտ Ձեր հարցազրույցներում նշում եք, որ Թուրքիան և Ադրբեջանը երբեք էլ չեն հրաժարվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»: Այդ միտքը հաստատվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` նախօրեին ունեցած հարցազրույցում, որտեղ վերջինս բացում էր խաղաքարտերը` բառացիորեն պահանջելով միջանցք Սյունիքի տարածքով։ Այս իրողությանն ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանը:

- «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքով Թուրքիայի ու Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն, և այն, որ իրենք հայտարարում էին, թե դա փոխարինելու են Իրանով անցնող ճանապարհով, իհարկե, այդպես չէ: Թուրքիայի համար շատ կարևոր է նաև, որ այդ ճանապարհը կապ չունենա Իրանի հետ, որովհետև Իրանը Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդն է, հետևաբար նրանց համար կարևոր է, որ այդ ճանապարհը շրջանցի Իրանը: Իրենք ամեն ինչ կանեն, որ ստանան Հայաստանի տարածքում այդ ճանապարհը և հնարավորություն ունենան այդ միջանցքն օգտագործելու` Հայաստանի ինքնիշխան իրավունքները շրջանցելով: Դա է նրանց նպատակը, և Ալիևը երեկ բացահայտ խոսել է այդ մասին:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը: Կարծում եմ` Հայաստանը պետք է պնդի, որ առանց իր ինքնիշխան իրավունքի նման ճանապարհ չի կարող գործարկվել: Ոչ մի պարագայում Հայաստանը չպետք է հրաժարվի իր ինքնիշխան իրավունքից իր տարածքների նկատմամբ:

Երբ համադրում ենք «Զանգեզուրի միջանցքի» և անկլավների վերաբերյալ թուրքական նկրտումները, ստացվում է, որ նրանք փորձում են լիակատար շրջափակման մեջ վերցնել Հայաստանը` մի կողմից փակելով ճանապարհը դեպի Իրան, մյուս կողմից` դեպի Վրաստան: Սա հաշվի առնելով` որքանո՞վ է իրատեսական լինելու «խաղաղության» վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ:

Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հնարավորինս օգտվել Հայաստանի ներկայիս վիճակից և ճնշումն ուժեղացնել` Հայաստանից զիջումներ ստանալու համար բոլոր այն հարցերում, որոնք իրենց հետաքրքրում են: Ադրբեջանը ոչ թե պատրաստվում է Հայաստանի հետ կնքել պայմանագիր խաղաղության մասին փոխզիջման հիմքի վրա, այլ ուղղակի ճնշման միջոցով փորձում է ստանալ ավելին: Սա է իրողությունը: Ես կարծում եմպետք է Հայաստանը վճռական լինի, չենթարկվի այդ ճնշումներինշարունակելով բանակցությունները, իսկ փոխզիջման պարագայում էլ գոնե դրանք լինեն այնպիսի զիջումներ, որ նահանջ չեն լինի մեր սկզբունքային դիրքերից: Իսկ մեր սկզբունքային դիրքը պետք է լինի մեր ինքնիշխան իրավունքը մեր տարածքի նկատմամբ:

Սյունիքով միջանցք ստեղծելու գաղափարին միշտ դեմ է արտահայտվել Իրանը: Ըստ Ձեզ` Իրանն այս հարցում, հայտարարություններից զատ, կփորձի՞ որևէ միջամտություն ունենալ

Պաշտոնական հանդիպումների ժամանակ Իրանի կողմից միշտ լսել ենք այդ մոտեցումը, որ անթույլատրելի է Հայաստանի կողմից տարածքային որևէ զիջում: Այսինքն` դա Իրանի համար սկզբունքային մոտեցում է, որովհետև եթե իրականություն դառնա այն, ինչ ցանկանում են Ադրբեջանն ու Թուրքիան, Իրանը կզրկվի հնարավորությունից կապվելու Սև ծովի ու Եվրոպայի հետ` առանց անցնելու թյուրքական տարածքների վրայով, իսկ դա Իրանին ձեռք չի տալիս: Թե որքանով է Իրանը պատրաստ, օրինակ, իր զինված ուժերը կիրառել, որ այդ ծրագիրը կյանքի չկոչվի, ես կասկածում եմ: Քիչ հավանական է, որ Իրանը կդիմի ռազմական գործողություններիորպեզի խոչընդոտի այդ ծրագրին:

Թուրքիայի և Իրանի հարաբերությունները շատ բարդ են և բազմակողմանի. և' իրար չեն սիրում, և' իրար վրա ազդելու հնարավորություններ ունեն: Շատ բարդ են այդ հարաբերությունները, և հավասարակշռությունը պահպանվում է մեծ ջանքերի շնորհիվ, և ես չեմ կարծում, թե Իրանը կգնա դրա խախտմանը:

Հետևելով թուրքական տրամադրություններին` ի՞նչ կարելի է արձանագրել. նրանք փորձելո՞ւ են ամեն գնով հասնել այդ միջանցքի ստացմանը` օգտվելով Հայաստանի թույլ վիճակից, թե՞ կբավարարվեն դիվանագիտական ճնշումներով:

Ես կարծում եմ` ներկա փուլում դեռ դիվանագիտական ճնշումներով են սահմանափակվելու, և որքանով կարողանում եմ գնահատել` իրենց կարծիքով դեռ չեն սպառվել հնարավորությունները ստանալու այն, ինչ ուզում են, խաղաղ ճանապարհով` ճնշումն ուժեղացնելով Հայաստանի վրա: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս պահին չի ուզում ռազմական գործողություններ, մանավանդ ընտրություններից առաջ: Եթե նա կորզի զիջումներ խաղաղ ճանապարհով, իրեն էլ պետք չեն ռազմական գործողություններ: Եթե չստանա իր ուզածը կամ տեսնի, որ չի կարողանում ստանալ, ես չեմ բացառում, որ ընտրություններից հետո ինչ-որ փուլում կարող են նաև դիմել ռազմական գործողությունների: Դա երբեք բացառել չի կարելի: Մենք պետք է միշտ դրան պատրաստ լինենք, որովհետև մենք մեր աչքի առաջ ունենք շատ այդպիսի օրինակներ: Եվ մենք պետք է կարողանանք, բացի դիվանագիտությունից, նաև շատ մեծ ջանքեր գործադրել մեր պաշտպանողականությունը բարձրացնելու համար, ինչն այս դեպքում, երևի, առաջնային է:

 

Добавить комментарий

From the author