օկ

Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմական գործողությունների. ադրբեջանագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը: 

- Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցից հետո հայաստանյան իշխանավորներն իրենց ելույթներում պնդում են, թե բանակցություններում կտրուկ փոփոխություններ չկան, ավելին՝ դրական զարգացումների մասին են խոսում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում այսպես կոչված «խաղաղության» գործընթացում: 

 - Նախ՝ ասեմ, որ որպես այդպիսին՝ խաղաղության գործընթաց գոյություն չունի, ինչո՞ւ, որովհետև ադրբեջանական կողմը շատ անգամ ապացուցել է, որ իր միակ նպատակը Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացնելն է: Երկրորդ՝ դատելով Ալիևի վերջին հայտարարություններից՝ այն ամենը, ինչի շուրջ խոսում են Ալիևը և Փաշինյանը, ենթադրում է ոչ թե «խաղաղության» մասին պայմանագրի կնքում, այլ Հայաստանը ադրբեջանականացնելու պայմանագիր, դրա համար կան հստակ արձանագրված փաստեր, մասնավորապես այն, որ ադրբեջանական կողմը խոսում է Հայաստանի սուվերեն տարածքներից՝ դրանք անվանելով անկլավներ, և պահանջում այդ տարածքների հանձնումն Ադրբեջանին, խոսում է Հայաստանին այսպես ասած կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին՝ նկատի ունենալով, որ հայկական կողմը զինվում է, խոսում է այն մասին, որ այն տարածքները, որ գրավել են 2020 թվականից հետո, բնականաբար, չեն վերադարձվելու Հայաստանին: Այսինքն՝ այն ամենը, ինչի շուրջ հիմա կան բանակցություններ, ոչ թե բանակցություններ են հանուն «խաղաղության», այլ բանակցություններ են Հայաստանի պետականությունը ոչնչացնելու մասին: Սա է իմ կարծիքը, և դատելով ադրբեջանական կողմի քարոզչությունից ու պաշտոնական հայտարարություններից՝ակնհայտ է, որ այդ պետությունը պատրաստվում է պատերազմական գործողությունների, և ես կարծում եմ՝ այդ գործողությունները մեծածավալ են լինելու: Արդեն ամեն ինչ խոսել են «խաղաղության» մասին, արդեն ամեն ինչ գրված կա, դիրքորոշումները հստակեցված են, և մնացել է ստորագրման գործընթացը, Նիկոլ Փաշինյանն էլ անընդհատ ասում է՝ ես պատրաստ եմ ստորագրել, այսինքն՝ պատային իրավիճակ է ստեղծվում, որովհետև Ադրբեջանի պահանջներն ու ցանկություններն այնքան շատ են, որ դրանք չես էլ կարող բավարարել որպես պետություն, այսինքն՝ կա՛մ պետք է պատերազմես, որ այդ պահանջները նվազեն կամ վերանան, կա՛մ պետք է ամբողջ պետությունդ տաս: Բայց հաշվի առնելով, որ այսօրվա իշխանությունը չունի ներուժ պատերազմելու, հետևաբար կրկին անմեղ տղերք են գնալու զոհվեն՝ մտածելով, որ պետություն են պահում, բայց Նիկոլն իր ծրագրերն է առաջ տանելու, ինչն արեց 2020 թվականին: 

- Այսինքն, ըստ Ձեզ, անկախ նրանից՝ կստորագրվի այդ փաստաթուղթը, թե ոչ, Ադրբեջանը ռազմական ճանապարհո՞վ է իր հարցերը լուծելու: 

- Այո՛, Ադրբեջանին այսօր ոչ մի փաստաթուղթ պետք չէ, նա հասկանում է, որ Հայաստանի ղեկավարությունը չունի այնպիսի ներուժ, որ կարողանա դիվանագիտական և ռազմական ճակատում պատասխան տալ իրենց, հետևաբար պահանջների ամպլիտուդներն անընդհատ ավելացնելով՝ չեղարկում է  հնարավոր որևէ փաստաթղթի ստորագրումը: Ինչպես ասացի, Ադրբեջանի պահանջներն անսպառ են. դրանք կսպառվեն այն ժամանակ, երբ էլ Հայաստան չլինի: 

- Միջազգային և տարածաշրջանային իրադրությունն այս պահին նպաստավո՞ր է, որ Ադրբեջանը հիմա փորձի ռազմական ճանապահով իր հարցերը լուծել: 

- Չեմ ասում հենց հիմա, բայց քաղաքականությունը որոշվում է ժամանակի և տարածության մեջ, այսինքն՝ հաշվի են առնվում տարածաշրջանի պետությունների հարաբերությունները, այն բոլոր խնդիրները, որ կան կամ կարող են լինել մոտ ապագայում: Մասնավորապես, գիտենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններն են լարված, Իրանը տարբեր հատվածներում ներքաշված է պրոքսի պատերազմների մեջ: Այսինքն՝ ամեն ինչ կախված է Հայաստանի սահմանակից պետություններում իրավիճակից: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ թույլ կտա պատերազմական կարգավիճակով ստանալ առավելագույնը, դա կլինի: Բայց կրկնեմ, որ վերջին շրջանում աշխարհաքաղաքական խնդիրներն այնպիսի տեմպով են զարգանում, որ դժվար է կանխատեսել: 

- Հաջորդ ամիս Ադրբեջանում նախագահական ընտրություններ են լինելու, դրանք որքանո՞վ կարող են ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա, թե՞ այնտեղ ամեն ինչ արդեն որոշված է:

- Այսպես ասեմ, ընտրությունները՝ որպես այդպիսին, չեն կարող լինել հայտարարությունների սկիզբ, այսինքն՝ դա չի կարող որպես պատճառ ներկայացվել այս կամ այն հայտարարության համար: Դա կարող է պատճառներից մեկը լինել, որով Ալիևը փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել ու հասարակությանը համոզել, որ ինքն «ամենաուժեղ տղեն ա իրենց երկրի», բայց, բնականաբար, այդ ելույթում հնչած բոլոր հայտարարություններն Ալիևի՝ դրանից առաջ եղած հայտարարությունների ամփոփումն էին: Այսինքն՝ այնպես չէր, որ դրանք նորություն էին, որ մտածեինք, թե Ալիևը կարող է ստել և դիվիդենտներ հավաքել իր քաղաքացիների շրջանում: 

- Ալիևն իր ելույթում բացում էր խաղաքարտերը՝ բառացիորեն Հայաստանից պահանջելով «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչո՞ւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը կրկին օրակարգ բերվեց, եթե վերջին ամիսներին Ադրբեջանը հայտարարում էր, թե ունի դրա այլընտրանքը Իրանի տարածքով: 

- Այդ հարցը երբեք էլ դուրս չի բերվել օրակարգից: Ադրբեջանական պաշտոնյաները, հատկապես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանիհամայնքը» չեն դադարել այդ միջանցքի մասին խոսելուց: Ադրբեջանական կողմի համար մեղր են այդ միջանցքը և ամբողջ Սյունիքը, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ կան հարստություններ, հանքեր, այլ որ դա պատմական նշանակություն ու ռազմավարական կարևորություն ունի: Ադրբեջանը, Սյունիքի հարցը լուծելով, լուծելու է նաև Հայաստանի հարցը, այսինքն՝ Հայաստանը՝ որպես այդպիսին, կդադարի որպես պետություն գոյություն ունենալուց: 

 

Добавить комментарий

From the author