645

Պարտություն կրած ու Արցախ կորցրած ժողովրդի համար կարևորն անվտանգությունն է, ոչ թե պետության կառավարման մոդելը. քաղաքագետը՝ նոր սահմանադրություն ունենալու մասին

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը: 

- Նիկոլ Փաշինյանը օրերս խոսել է նոր սահմանադրություն ունենալու մասին: Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ Դուք կարծիք էիք հայտնել, որ դրանք պետք է տեղի ունենան, եթե կա հանրային պահանջ, այլ ոչ թե որևէ անձի կամ խմբի ցանկությամբ: Ըստ այդմ՝ ի՞նչ խնդիր է ուզում լուծել այսօրվա իշխանությունը, և ի՞նչ սպասել այս գործընթացից: 

- Քանի որ տեղեկատվությունը միայն Փաշինյանի այդ հայտարարությունն է, ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի ավելին ասել, որովհետև ենթախորքերը, ենթանպատակներն ու նպատակները կարող են ամենատարբեր ուղղությամբ զարգանալ: Միակ բանը, որ իմ խորին համոզմունքն է, և նաև 2015 թվականի վատ փորձաձությունից ելնելով՝ ես պնդում եմ, որ սահմանադրությունը` որպես երկրի մայր օրենք, որպես իրավաքաղաքական փաստաթուղթ, որը սահմանում է պետության և հասարակության զարգացման ուղին ու հասարակության համաձայնությունը՝ զարգանալու և իր կյանքը շարունակելու որոշակի իրավաքաղաքական պայմաններում, պետք է հենված լինի հստակ և ամուր ժողովրդական պահանջի և համաձայնության վրա: Այսինքն՝ կարևոր է այն, թե ժողովուրդն ինչպիսի իրավաքաղաքական հարաբերությունների պայմաններում է ցանկանում ապրել, կենսագործել իր պետության տարածքում:

Այն, որ որոշակի խմբեր կազմում են ինչ-որ փաստաթուղթ, հետո ներկայացնում են հանրաքվեի, սա վատագույն տարբերակն է, որովհետև ժողովուրդը չունի այլ ընտրություն, այսինքն՝ մարդկանց դիմաց դնում են փաստաթուղթ, ասում են` պետք է ընտրես՝ կամ սա ես ուզում, կամ չես ուզում, այն պարագայում, երբ ժողովուրդը պետք է իր ազատ կամարտահայտումը դրսևորի փաստաթղթի ձևավորման սկզբից մինչև վերջ:

Ժամանակին Իսլանդիան սրա չափազանց լավ օրինակը կիրառեց, դրա մասին քիչ է տեղեկատվությունը, սակայն դա լավագույն օրինակն էր, թե ինչպես ժողովուրդը մասնակցեց սեփական սահմանադրության ձևավորմանը սկզբից մինչև վերջ: 

2015 թվականին Սերժ Սարգսյանը և իր իշխանությունն առաջարկեցին խորհրդարանական կառավարման համակարգ` դարձյալ առանց հաշվի առնելու ժողովրդի ցանկությունը և կամքը, իմպերատիվ կերպով մարդկանց պարտադրելով որոշակի սահմանադրական ձև և մարդկանց բերելով այն դաշտ, որտեղ մարդիկ ոչ պատկերացնում էին, և ոչ էլ կար սահմանադրություն փոխելու հանրային պահանջ: Հիմա, ըստ էության, ձևավորվում են նույն հարաբերությունները իշխող խավի և ժողովրդի միջև, և ժողովրդին ու հասարակությանը պարտադրվում է որոշակի սահմանադրական ձև, որը մեծ հաշվով ժողովրդի կողմից պահանջված չէ: 

Մարդիկ այսօր դեռ այդքան էլ չեն հասկացել, թե ինչ ասել է խորհրդարանական կառավարման համակարգ, թե սա ինչ մշակույթ է: Հայաստանում առհասարակ չկա խորհրդարանական մշակույթ, ասեմ ավելին՝ նույնիսկ նախագահական կառավարման մշակույթը չէր ձևավորվել, ավելին` մեզանում նախագահական կառավարման համակարգը հաճախ ժողովրդական ընկալումներում մոտ էր միապետական կառավարման համակարգին, այն էլ՝ ոչ թե սահմանադրական, այլ բացարձակ, ինչը նշանակում է, որ հնարավորություն չի տրվել ժողովրդին, որ սահմանադրական որևէ կարգի ներքո ձևավորվի ինչ-որ մշակույթ, հետո հասնի լճացման որևէ փուլի, որի ժամանակ էլ էվոլյուցիոն ճանապարհով ձևավորվի հանրային պահանջ` փոփոխելու կառավարման մոդելը: Հայաստանում չի հասցնում մշակույթ ձևավորվել, կառավարման տվյալ համակարգը չի հասցնում իրեն սպառել, ու որոշում են կայացնում փոխել ձևը: 

- Ամեն դեպքում հանրաքվեով է ընդունվելու նոր սահմանադրություն։ Այսօր հասարակության մեջ կա՞ այդ գիտակցությունը` չգնալու առաջարկվող ճանապարհով: 

- Այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք այն իմաստով, որ օրինակ՝ 2015 թվականին, երբ ձևավորվել էր «ոչ»-ի ճակատ, ավելի մեծ էին հնարավորությունները, քան հիմա, որովհետև հիմա հասարակական ապատիա է տիրում: Կա նոր պարտություն կրած ու Արցախ կորցրած ժողովուրդ, որի համար, մեծ հաշվով, լրիվ միևնույն է, թե ինչ համակարգ կլինի, ինչպես կլինի, իր համար կարևորը խաղաղությունն ու անվտանգությունն են, այս դաշտում են մարդկանց բոլոր մտահոգությունները: 

Հաճախ մենք ասում ենք, որ ժողովրդի կամարտահայտումը տեղի է ունենում հանրաքվեների միջոցով, բայց երբ հանրաքվեի ժամանակ միայն «այո» կամ «ոչ» պետք է ասվի, մարդիկ հաճախ չգիտեն, թե ինչին են «այո» ասում: 

Ի՞նչ եք կարծում՝ հանրաքվեի գնացող մարդիկ գիտե՞ն, թե նախագծում ինչ է ամփոփված, վստահ եմ՝ ոչ: Մարդիկ, ընդամենը այս կամ այն գործչի խոսքին հավատալով, գնում են քվեարկության, հենց այսպես մեծ հաշվով ժողովուրդն ընկնելու է այս կամ այն քարոզչության տակ, առանց կարդալու և հասկանալու այդ փաստաթղթի խորքային հետևանքները` «այո» կամ «ոչ» են ասելու: Այսինքն՝ երկու դեպքում էլ՝ և՛ «այո»-ն, և՛ «ոչ»-ը, չեն ունենալու հիմնավորվածություն: 

- Որոշ փորձագետներ հիշել էին դեռևս 2021 թվականի Ալիևի այն հայտարարությունը, թե Հայաստանը նոր սահմանադրության կարիք ունի` Փաշինյանի վերջին հայտարարությունը համարելով դրա հետևանք կամ իրագործում: Ըստ Ձեզ՝ Հայաստանի վրա կա՞ արտաքին ճնշում՝ գնալու սահմանադրությունը փոփոխելու ճանապարհով:

- Ես երբ քիչ առաջ ասում էի, որ չէի ցանկանա հիմա բովանդակային մասով անդրադառնալ, թե ինչպիսի նախադրյալներ են ձևավորվել սահմանադրության փոփոխության այս հայտարարության համար, ես նկատի ունեի և՛ արտաքին, և՛ ներքին պատճառներն ամբողջապես: Ես այս պահին չգիտեմ և չեմ ցանկանա հանձն առնել հերքելու կամ պնդելու մի բան, որը կարող է առհասարակ չլինել: 
Մենք գործ ունենք քաղաքական գործչի հետ, որի համար շատ ավելի կարևոր է իր քաղաքական դիրքը, քան ցանկացած այլ հարակից բաներ:

Добавить комментарий

From the author