54123

Աշխարհում գոյություն չունի «չհարձակման» մի պայմանագիր, որը խախտված չլինի. Թուրքիայի հետ ստորագրված ոչ մի պայմանագիր չի իրագործվելու. Լոքմագյոզյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

- Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Թուրքիան կրկին սկսել խոսել սպառնալիքների լեզվով, ներկայումս ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ պետությունը: 

- Թուրքիան միշտ է սպառնալիքի լեզվով խոսել ու հիմա էլ ավելի մեծ թափով: Տեսանք, որ Աքարը, սպառնալով Հայաստանին, հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի նման կլինի, եթե դուք Ադրբեջանի երկարած «խաղաղության ձեռքը» չսեղմեք: Հետաքրքիր է` այդ ի՞նչ «խաղաղության ձեռք» է Ադրբեջանը երկարում: Բացի դրանից` տեսանք, թե ինչպես է թուրք պաշտոնյան տապար նվիրում Ալիևին, ինչը ևս իր նշանակությունն ունի: 

Բայց հետաքրքրականն այն չէ, թե ինչ է հնչում Թուրքիայից կամ Ադրբեջանից, դա նրանց մշտական խոսքն է, սակայն ի՞նչ է հնչում Հայաստանի կողմից: Երեկ հենց ՀՀ արտգործնախարարի տեղակալը հայտարարեց, որ պետք է Թուրքիան դրական ազդեցություն ունենա, որ խաղաղության հասնեն: Նույնիսկ ավելացնելու բան չկա: Այն կողմից պատերազմից են խոսում, մենք խոսում ենք այդ մարդկանց հետ խաղաղությունից, մնում է պատկերացնել, թե այս ամենի վերջն ինչ կլինի: Անգամ այս պայմաններում մեր իշխանությունները ջայլամի քաղաքականություն են վարում, գլուխը մտցնում ավազի մեջ ու շարունակում խոսել խաղաղությունից: 

- Թուրք պաշտոնյան Բաքվում նաև հայտարարել է, որ որոշ երկրներ, իբր, ցանկանում են Հայաստանը վերածել արբանյակ կամ պրոքսի պետության, և եթե Երևանը գնա այդ ուղիով, ապա դա կունենա ծանր հետևանքներ: Ըստ Ձեզ` ի՞նչ է ակնարկել Աքարը, և եթե այդ տրամաբանության մեջ ենք նայում, պրոքսի պետության կարգավիճակում է նաև Ադրբեջա՞նը: 

- Իրենք հավանաբար նկատի ունեն Ռուսաստանը, սակայն իրականում Հայաստանը պրոքսի պետություն է դառնում, բայց ոչ թե Ռուսաստանի համար, այլ Արևմուտքի: Ես կասեի` Ադրբեջանըն այդ առումով մեզանից ավելի լավ դիրքում է, նրա ձեռքներն ավելի ազատ են` թեկուզ որպես Թուրքիայի ծրագիր: Եթե նույնիսկ որպես շախմատային ֆիգուր է, գոնե արժեքավոր ֆիգուր է, իսկ մենք այսօր ստանձնել ենք զինվորի դեր շախմատի տախտակի վրա:

- Թուրքիան օրերս վավերացրեց Շվեդիայի` ՆԱՏՕ-ի անդամակցության իր համաձայնությունը, և կա կարծիք, որ դա եղել է «F-16» կործանիչների նորացված մոդելնելը ստանալու Սպիտակ տան թույլտվության դիմաց: Ի՞նչ սպառնալիքներ եք տեսնում այստեղ` հաշվի առնելով այն, որ եթե այդ կործանիչները հայտնվեն Թուրքիայի ձեռքում, ապա կարող են հայտնվել նաև Ադրբեջանի օդանավակայաններում:

- Դա շատ հավանական է, և դրա նախադրյալը մենք ունեցանք 44-օրյա պատերազմի ժամանակ: Մինչև պատերազմի մեկնարկը Թուրքիան և Ադրբեջանն իրար հետ զորավարժություն էին կազմակերպել և «F-16»-եր էին տարել Ադրբեջան` թողնելով այնտեղ, և մենք շատ լավ գիտենք, որ պատերազմի ժամանակ դրանք օգտագործվեցին: Սակայն հիմնականում այդ «F-16»-երը ոչ թե մեր դեմ օգտագործելու համար են, այլ Հունաստանի դեմ: Սակայն, ինչու ոչ, հնարավոր է նաև մեր դեմ օգտագործվեն: Այնուամենայնիվ, Հայաստանի դեմ «F-16» բերելն անիմաստ է, Հայաստանը փոքր տարածք է, և իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, առավել ևս, որ իշխանություններն էլ թուրքական օրակարգով են առաջնորդվում: Հայաստանը մեծ օդային ուժ չունի, և 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ավելի շատ հակաօդային պաշտպանության վրա էր աշխատում: Եվ առաջին հերթին 44-օրյա պատերազմում մեր հակաօդային պաշտպանությունը ոչնչացրին, և այդ գործում հիմնական դեր խաղացին թուրքական ու իսրայելական անօդաչուները: 

- Հայաստանի վարչապետն առաջարկությամբ է հանդես եկել` ստորագրելու «չհարձակվելու» վերաբերյալ պայմանագիր, ի՞նչ կասեք դրա վերաբերյալ: 

- Մեր կառավարության կատարած ամեն մի քայլը ներկայումս հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի է: «Չհարձակման» պայմանագիրը, ընդհանրապես, ձևական մի բան է, որովհետև աշխարհում գոյություն չունի «չհարձակման» մի պայմանագիր, որը խախտված չլինի: Մյուս կողմից էլ պետք է նաև նկատի ունենանք, որ չկա որևէ պայմանագիր, որը Թուրքիան ստորագրել է և չի խախտել, չկա նման պայմանագիր: Թուրքիան իր ամբողջ պատմության ընթացքում բոլոր պայմանագրերը խախտել է, հետևաբար, նրա հետ ստորագրված ոչ մի պայմանագիր որևէ նշանակություն չի կարող ունենալ, դա միայն ձևական բան է լինելու` աշխարհին ցույց տալու համար: Բայց հարց է առաջանում նաև` արդյո՞ք աշխարհն ուզում է մեր ասածը լսել, թե՞ ոչ: Այսօր աշխարհը միայն ու միայն շահի վրա է հիմնված, հետևաբար լռելու է բոլոր այն դեպքերում, երբ խոսելը վնասելու է իր շահին: 

- Եթե նույնիսկ Հայաստանի դեմ կոնկրետ ռազմական գործողություններ լինեն, ըստ Ձեզ` պետք չէ՞ սպասել որևէ աջակցության: 

- Արդեն քանի տարի է` Ադրբեջանը և Թուրքիան և' մարդու իրավունքների, և' պատերազմական բոլոր նորմերը խախտում են, ինչ-որ բան դրա դեմ նկատե՞լ եք` խոսքերից բացի: Այո խոսքեր հնչում են, սակայն պարզից էլ պարզ է, որ դրանք փուչ են: Իհարկե, հետագայում էլ ոչ մի բան չի լինելու, որովհետև սա ոչ Թուրքիայի և ոչ էլ Ադրբեջանի ծրագիրն է, սա գլոբալ ծրագիր է, որի գլխավոր դերակատարները ո'չ Թուրքիան և ո'չ էլ Ադրբեջանն է:  

 

 
 

Добавить комментарий

From the author