դվ

Արցախի հարցը փակված չէ. ինչպե՞ս են հայազգի մտավորականները պայքարելու ադրբեջանական կեղծարարության դեմ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

- Պարո՛ն Մելքոնյան, տեղյակ ենք, որ օրեր առաջ եք վերադարձել Անթիլիասից, որտեղ Արամ Ա Վեհափառի գլխավորությամբ հանդիպում էր անցկացվում հայազգի մտավորականների հետ՝ քննարկելու Արցախի հարցը: Կխնդրեի ներկայացնեք՝ ի՞նչ խնդիրներ են արծարծվել այդ հանդիպման ժամանակ, և հայ մտավորականներն ինչպե՞ս են տեսնում Արցախի հարցի հետագա ճակատագիրը:  

- Կարելի է ասել, որ մեկ տասնյակից ավելի մասնագետներ էին հրավիրված Կիլիկիայի կաթողիկոսարան Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից, Լատինական Ամերիկայից, Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից ու Լիբանանից: Թեման, ինչպես գիտեք, Արցախի խնդիրն էր, և քննարկումների արդյունքում մասնագետների մեծ մասն այն կարծիքն արտահայտեց, որ ինչքան էլ շատերին թվա, թե Արցախի հարցը լուծված է, իրականում այդպես չէ: Մեր պատկերացմամբ՝ խնդրի լուծման ուղիներ, այնուամենայնիվ, կան, որովհետև եվրոպական ու առհասարակ համաշխարհային կառույցները խոսում են այն մասին, որ Արցախում տեղի են ունեցել հայրենազրկում, ցեղասպանություն, որը լիովին համընկնում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Ռաֆայել Լեմկինի առաջարկած բանաձևի կետերին: Խոսքը վերաբերում է Ցեղասպանության կանխարգելման ու դատապարտման վերաբերյալ բանաձևին:

Արցախի հայությանը հայրենազրկել են, ու, բնականաբար, դա ցեղասպանություն է, որը տեղի է ունեցել էթնիկ հողի վրա: Առհասարակ, վախի ու սպառնալիքի ազդեցության տակ հայրենի օջախը լքելու մարդկանց գործողությունն ինքնին արդեն ցեղասպանություն է: Հիմա պետք է հնարավորինս ամեն տեսակ նյութեր հավաքել այս խնդրի վերաբերյալ և միջազգային ատյաններ նոր փաստեր ներկայացնել ու աշխատանքներ տանել Հայաստանում:

Խոսվել է նաև այն մասին, որ պետք է աշխատանք տանել հանիրավի ձերբակալված Արցախի պետական ու ռազմական գործիչներին ազատելու ուղղությամբ: Որոշվել է նաև ապրիլի 24-ին ընդառաջ այս խնդրին նվիրված միջազգային գիտաժողով հրավիրել, որի նպատակը պետք է լինի հենց նոր ուղիների առաջարկումը և համապատասխան նյութերի հավաքագրումը՝ կատարվածը որպես հայրենազրկում և ցեղասպանություն ներկայացնելու նպատակով:

- Ո՞վ է զբաղվելու այդ աշխատանքների համակարգմամբ:

- Հարթակը ստեղծվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հովանու ներքո և կոչվելու է «Կիլիկիա»: Մինչ այս արդեն 6-7 հեռավար հանդիպումներ էինք կազմակերպել ու անցկացրել այս հարթակում, իսկ սա եղավ առաջին իրական հանդիպումը: Առաջիկայում էլ են սպասվում հեռավար հանդիպումներ և, ինչպես ասացի, գիտաժողովի կազմակերպում ապրիլի կեսերին:

- Ինչպիսի՞ն էր Վեհափառի մոտեցումն այն հարցում, որ Արցախի անկումից հետո ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ բանակցում են «խաղաղության պայմանագրի» շուրջ, որն ինքնին ենթադրում է, որ նրանք փակել են Արցախի էջը, ավելին՝ Արցախի հարցը դիտարկվում է որպես խոչընդոտող հանգամանք այդ «խաղաղության» օրակարգին:

- Բնականաբար, եթե փորձենք պատկերացնել, որ «խաղաղության պայմանագիր» ասվածը չի ներառելու իր մեջ Արցախի խնդիրը, դա խնդրահարույց է դառնում, որովհետև հայ-ադրբեջանական բանակցությունների հիմքում միշտ եղել է Արցախի խնդիրը, իսկ Ադրբեջանն այդ խնդիրը ոչ թե լուծել է 30 տարվա բանակցային գործընթացի շրջանակում, այլ ընդհակառակը, նա գնացել է ռազմական բախման՝ ոտնահարելով միջազգային բոլոր օրենքները: Դա, բնականաբար, ընդունելի չի կարող լինել և չի կարող համարվել Արցախի հարցի լուծում: Վեհափառն էլ բազմիցս կրկնեց, որ Արցախի հարցը փակված չէ, և նա իր զանազան քարոզներում ևս բազմիցս նշել է այդ մասին:  

- Արցախի խնդրին զուգահեռ արդյոք քննարկվե՞լ է նաև այն հարցը, որ Ադրբեջանը, բացահայտ կերպով խեղաթյուրելով պատմությունը, փորձում է հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:

- Մեր հանդիպման ժամանակ իմ ներկայացրած թեման վերաբերում էր հենց այդ հարցին՝ ադրբեջանական կեղծարարությունը՝ որպես գաղափարական պայքարի ձև, որին հաջորդեց նաև ռազմական ագրեսիան Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ես իմ զեկույցում ներկայացրել եմ, թե ինչպես դեռ 1950-ականներին ադրբեջանցի ակադեմիկոս Զիյա Բունյադովն առաջ քաշեց մի կեղծ տեսություն, որի համաձայն՝ իբր ադրբեջանցիները տեղաբնիկներ են այս տարածաշրջանում՝ փաստորեն շրջանցելով թյուրքական գործոնը և այն, որ նրանք այստեղ զանգվածաբար հայտնվել են միայն 11-րդ դարից սկսած: Ես իմ զեկույցում անդրադարձա այն հարցին, թե ինչպես է այդ կեղծարարությունը կամաց-կամաց վերածվել քաղաքականության, իսկ Ադրբեջանի անկախացումից հետո դարձել է պետական քաղաքականություն: Եթե խորհրդային տարիներին նրանք փորձում էին գոնե չափի մեջ մնալ, որովհետև կար Մոսկվայի գործոնը, ապա անկախության ձեռքբերումից հետո նրանց մոտ ամեն չափ ու սահման վերացավ:

- Այդ կեղծարարության դեմ պայքարում ո՞րն է հայ պատմաբանների դերը, ի՞նչ անելիքներ ունեք այստեղ:

- Ուրեմն, Արցախի մեր գործընկերները, բնականաբար, բռնագաղթից հետո հայտնվեցին  Հայաստանում, և պետք էր նրանց գիտական ներուժն օգտագործել: Արդյունքում մենք Արցախից 5 աշխատակից ընդունեցինք Պատմության ինստիտուտում: Հիմա էլ մի խումբ ենք ստեղծում, որը նվիրված է լինելու Արցախի պատմությանը և արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ուսումնասիրության խնդրին, որով պետք է զբաղվի նաև Հայոց ցեղասպանության բաժինը: Մենք հատուկ այդ բաժնում աշխատակիցներ ենք ընդունել Արցախից, որոնք ևս մասնակցելու են կատարվելիք աշխատանքներին: Ցավոք սրտի, արևմտահայության ցեղապսանությանը գումարվեց նաև արցախահայության ցեղասպանությունը՝ մեկ ընդհանուր շղթայի մեջ՝ որպես թուրք-ադրբեջանական տանդեմի պանթյուրքիստական քաղաքականության անմիջական հետևանք: Դրանում ներառված է նաև պատմության խեղաթյուրման դեմ պայքարի մարտավարությունը: Նաև ասեմ, որ Գիտությունների ակադեմիայում ստեղծվել է մի հարթակ, որը կոչվում է «Գեղարդ», և որի թիվ մեկ խնդիրը թուրք-ադրբեջանական կեղծարարության դեմ պայքարն է լինելու:

 

Добавить комментарий

From the author